Արցախի խորհրդարանի եւ նախագահի հայտարարություններն աշխարհին ցույց են տալիս, որ Բաքվի իշխանությունները չեն կարողացել ձերբազատվել Ադրբեջանի ժողովուրդներից, որ վերջիններս պայքարում են իշխանության կամայականության դեմ
Սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած եւ Թուրքիայի մասնակցությամբ ընթացող պատերազմի ու Ադրբեջանում տեղաբնիկների շրջանում տիրող իրավիճակի մասին Aravot.am-ը զրուցել է «Թալիշ ժողովրդի իրավունքների պաշտպանության կոմիտեի» նախագահ, «Տարածաշրջանային հետազոտությունների թալիշական կենտրոնի» փորձագետ, քաղաքագետ Զահիրադդին Իբրահիմիի հետ:
–Պարոն Իբրահիմի, նախ կցանկանայի տեղեկանալ՝ ի՞նչ էր կատարվում սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի թալիշաբնակ շրջաններում: Ահազանգեր էին ստացվում այն մասին, որ Ադրբեջանի ուժայինները պարտադրաբար տղամարդկանց տանում էին առաջնագիծ:
-Դեռեւս մինչեւ պատերազմի սկսվելը ադրբեջանական կողմը սկսեց բազմակողմանի նախապատրաստական աշխատանք, որի մասն էր կազմում վերջերս զորացրված զինծառայողների, ինչպես նաեւ՝ պահեստազորում գտնվող ռազմական մասնագետների զորահավաքը: Այդ գործողություններն ինչպես միշտ կատարվում էին շատ կոշտ եւ անթաքույց կերպով. զինկոմիսարիատների աշխատողները ոստիկանների ուղեկցությամբ գիշերով ներխուժում էին զորակոչի ենթակա մարդկանց տներ, հրամայում հավաքել անձնական իրերը եւ անմիջապես ուղարկում զորահավաքի վայրեր: Եթե զորակոչի ենթակա անձը տանը չէր լինում, նրա հորը կամ եղբորը պատանդ էին վերցնում այնքան ժամանակ, մինչեւ նա ներկայանար զինկոմիսարիատ: Մեր Թալիշստանում նման դեպքերը համատարած են: Իշխանությունները սեփական ապօրինի գործողությունները քողարկելու նպատակով մի քանի գյուղերում համակարգեցին իրենց իսկ աշխատակիցներին, որպեսզի վերջիններս իրականացնեն թուրքական եւ ադրբեջանական դրոշներով երթեր՝ հանրության շրջանում հակահայկական տրամադրություններ հրահրելու համար: Այնպիսի բռնակալ ռեժիմում, ինչպիսին ալիեւյանն է, պաշտոնական կարծիքին հակադրվող դիրքորոշում ունեցողները գտնվում են կամ բանտերում կամ էլ լքել են հայրենիքը: Նման իրավիճակում թալիշներն իրենց իսկ հայրենիքում երբեւէ հնարավորություն չեն ունեցել սեփական կարծիքն արտահայտելու: Նրանք, ովքեր համարձակվեցին, ինչպես, օրինակ, Ն. Մամեդովը, Ֆ. Աբբասզոդան, Գ. Մամեդովը, Ա. Հումմաթզոդան, Ա. Աբիլովը, շատ թանկ վճարեցին դրա դիմաց: Նրանք զրկվեցին կյանքից, մյուսները՝ ազատությունից, մյուսներն էլ արտաքսվեցին երկրից: Թալիշ ակտիվիստների հանդեպ ռեպրեսիաների եւ կամայականության քաղաքականությունը շարունակվում է նաեւ այսօր: Նախորդ տարի Միրիսմայիլ Միրիսմայիլովը Ռուսաստանում թալիշական դրոշ պարզելու համար հրապարակային ծեծի ենթարկվեց Բաքվի օդանավակայանում, երբ վերադառնում էր հայրենիք, եւ բանտարկվեց: Մեկ այլ ակտիվիստ Ասլան Կուրբանովն իր տանը թալիշական դրոշ պահելու համար ձերբակալվեց եւ հիմա մեղադրվում է մեկ պետական հեղաշրջում կատարելու, մեկ՝ հայրենիքի դավաճանության համար: Չնայած նման ռեպրեսիվ քաղաքականությանը, մեր ժողովուրդները, որոնք գտնվում են ալիեւյան ռեժիմի ազգայնականության ճնշման տակ, օգտագործում են ցանկացած հնարավորություն, որպեսզի արտահայտեն անհամաձայնություն եւ տապալեն այդ ռեժիմը:
Կարդացեք նաև
–Թալիշ ժողովուրդը եւ վերջինիս առաջնորդներն ինչպիսի՞ դիրքորոշում ունեն Արցախի դեմ ընթացող այս ռազմական գործողություններին մասնակցելու առնչությամբ: Արցախի խորհրդարանը հայտարարեց, որ Ադրբեջանի տեղաբնիկները կարող են հանձնվել Արցախի զինված ուժերին, եւ նրանց կընդունեն ինչպես հյուրերի, իսկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շեշտեց՝ «մենք պատրաստ ենք նպաստել ձեր վերջնանպատակին՝ անկախության հասնելուն»: Արդյոք քննարկվո՞ւմ են ձեզանում այս առաջարկները:
-Թալիշ առաջնորդներն ու հասարակական կազմակերպությունները, որոնք ստիպված գործում են Ադրբեջանի սահմաններից դուրս, պատերազմի առաջին իսկ օրերից արտահայտել են դիրքորոշում՝ հայտարարելով, որ այս պատերազմն Ադրբեջանի իշխանության համար առիթ է՝ «Մեծ Թուրանի» ստեղծման նպատակով իր զավթողական նպատակներն իրագործելու: Այդ իսկ պատճառով էլ Ադրբեջանի ոչ թյուրքական ժողովուրդները, այդ թվում՝ թալիշները, չպետք է մասնակցեն այս պատերազմին: Սա մեր պատերազմը չէ: Իսկ Ադրբեջանի իշխանությունը մեր ժողովուրդների գենոֆոնդը ջնջելու եւ նրանց թվաքանակը պակասեցնելու նպատակով վերջիններիս ներկայացուցիչներին է ուղարկում ռազմաճակատի առաջնագիծ: Պատահական չէ, որ զոհվածների թվում թալիշներն ու լեզգիները մեծամասնություն են: Արցախյան կողմի վերոնշյալ հայտարարությունները մեր ժողովուրդների համար քաղաքական մեծ նշանակություն ունեն: Այն դեպքում, երբ Ադրբեջանի հանրապետությունը չի ճանաչում մեր ժողովուրդների եւ ոչ մի իրավունք եւ ի լուր աշխարհի հայտարարում է ադրբեջանցիների, այսինքն՝ թյուրքերի հետ ձուլված լինելու մասին, Արցախի խորհրդարանի եւ նախագահի հայտարարություններն աշխարհին ցույց են տալիս, որ Բաքվի իշխանությունները չեն կարողացել ձերբազատվել Ադրբեջանի ժողովուրդներից, որ վերջիններս պայքարում են իշխանության կամայականության դեմ եւ վճռական են տրամադրված՝ ազգայնական ճնշումներից փրկվելու եւ անկախության հասնելու համար:
-Միջազգային հանրության, մամուլի ու քաղաքական գործիչների միանշանակ պնդումներով՝ Արցախի դեմ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից կռվում են նախապես պատրաստված ահաբեկիչներ: Եթե դուք տիրապետում եք այդ մասին փաստերի, խնդրում եմ հրապարակել դրանք:
-Ինչպես արդեն նշել էի, Ադրբեջանն Արցախի դեմ այս պատերազմը սկսելով՝ հեռահար նպատակներ ունի: Այս պատերազմը «Մեծ Թուրանի» ստեղծման համար պատրաստվելիք պատերազմի նախաբանն է: Հաջորդը կլինի Իրանի դեմ պատերազմը: Հենց այս նպատակի համար են Սիրիայից եւ Պակիստանից ներգրավվել մեծաքանակ զինյալներ՝ տարատեսակ ահաբեկչական կառույցների անդամներ: Այս մասին գրում եւ հաղորդում են միջազգային հեղինակավոր լրատվականները եւ քաղաքական առաջնորդները: Սակայն ադրբեջանական կողմը, հավատարիմ իր հին ավանդույթին, հերքում է այդ փաստը: Սոցցանցերում երեւակվեցին սահմանամերձ համայնքների բնակիչների ահազանգերն այն մասին, որ Թուրքիայից եկած մորուքավոր զինվորներն իրենցից պահանջել են ալկոհոլ չվաճառել եւ շիայական կրոնական ծեսեր չիրականացնել: Այսպիսի փաստերն ապացուցում են իսլամիստական ծայրահեղական կազմակերպությունների անդամների ներգրավվածությունն ադրբեջանական բանակում:
-Ահազանգեր էին ստացվում նաեւ այն մասին, որ Ադրբեջանի տեղաբնիկ ժողովուրդներն այս օրերին բողոքի ցույցեր են իրականացնում: Տեղեկացրեք խնդրում եմ՝ ի՞նչ է կատարվում այս օրերին Ադրբեջանի հասարակական մակարդակում:
-Ադրբեջանի հանրապետությունն այն աստիճանի ժողովրդավար չէ, որպեսզի վերջինիս ժողովուրդները հնարավորություն ունենան կարծիք արտահայտելու: Անկախության երեսնամյա պատմության ընթացքում Բաքվի իշխանությունն իրագործում է տեղաբնիկ ժողովուրդների համատարած էթնոցիդի քաղաքականություն: Մինչեւ օրս դեռեւս չի գրանցվել անգամ մի հասարակական կազմակերպություն, որի առաքելությունը տեղաբնիկների մշակույթի, լեզուների պահպանության քարոզչությունն է: Հիմա, երբ երկրում հայտարարված են ռազմական դրություն եւ պարետային ժամ, իսկ ռազմատենչ, հակահայկական հռետորաբանությունը հիստերիայի է հասնում, թվում է, թե մեր ժողովուրդների ընդվզումը վերջնականապես կոտրվել է, բայց ոչ: Չնայած այն հանգամանքին, որ իշխանությունն առավելագույնս սահմանափակել է արտասահմանի հետ քաղաքացիների կապը, իսկ մեր ակտիվիստները գտնվում են դաժան ճնշումների եւ սպառնալիքների տակ, մեզ, միեւնույնն է, փաստեր են հասնում՝ Ադրբեջանի թալիշաբնակ շրջաններում բողոքի ալիքների մասին: Պատերազմի սկզբում եւ մոբիլիզացիայի թեժացման ժամանակ Լենքորանում մարդիկ ընդվզեցին իշխանությունների կամայականության դեմ: Իսկ օրերս մենք տեղեկություն ստացանք այն մասին, որ Լենքորանի բնակիչները նորից ընդվզել են եւ հավաքվել շրջանային զինկոմիսարիատի շենքի դիմաց: Նրանք կոտրել են դռներն ու պատուհանները ու պահանջել դադարեցնել թալիշ ժողովրդի հանդեպ իշխանության կամայական վերաբերմունքը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ