«Անդրանիկ Քոչարյանը գլուխը պատով է տալիս»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբի ղեկավար Աղվան Վարդանյանը ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի այն դիտարկմանը, որ Ռոբերտ Քոչարյանը Արցախի համար փող չի փոխանցել: Նա ասել էր, որ եթե Քոչարյանը մի կոպեկ փոխանցած լիներ՝ քթներիցս կբերեր:
Այս օրերին «Հայաստան համահայկական հիմնադրամի» տնօրեն Հայկակ Արշամյանը ֆեյսբուքյան էջում հրապարակում է Հայաստանից եւ ՌԴ-ից 5 մլն դրամ եւ ավելի նվիրատուների ցանկը ու այդ ցանկում երեւում է Ռոբերտ Քոչարյանի տիկնոջ՝ Բելլա Լեւոնի Քոչարյանի փոխանցումը՝ 5 մլն դրամ: Բացի այդ, «Նաիրի ինշուրանսը» փոխանցել է 20 մլն դրամ, իսկ այդ ընկերության կանոնադրական կապիտալի 1 074 000 000 ՀՀ դրամ անվանական արժեք ունեցող բաժնեմասը՝ 60%-ը պատկանում է Լեւոն Քոչարյանին՝ Ռոբերտ Քոչարյանի որդուն:
Բացի այդ, տեղեկություններ կան, որ Լեւոն Քոչարյանը մարտի դաշտում է:
Թե այս օրերին ինքը՝ Ռոբերտ Քոչարյանը որքան գումար է փոխանցել Արցախին՝ փորձեցինք պարզել երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից, սակայն վերջինս չպատասխանեց ոչ զանգերին, ոչ էլ թողած հաղորդագրություններին:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ