Ինչպես տեղից հաղորդում են «Առավոտի» նախկին աշխատակից Լուսինե Օհանյանը եւ Աննա Մահտեսիանը՝ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում այս պահին հավաքվել են Շվեդիայի տարբեր քաղաքներում բնակվող հայեր եւ նրանց աջակցող ընկերներ եւ ինքնաբուխ ցույց են կազմակերպել: Միմյանց սոցիալական ցանցերով հավաքի հրավիրած բազմամարդ բազմությունը հենց այս րոպեներին քայլում է դեպի շվեդական պառլամենտ՝ Ռիկստագ:
Ցուցարարները պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը, շվեդական կառավարությունից եւ պառլամենտից պահանջում են, որ Շվեդիան Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ սանկցիաներ կիրառի եւ նպաստի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Նրանք պահանջում են նաեւ, որ շվեդական ԶԼՄ-ներն արդար եւ օբյեկտիվ լուսաբանեն Արցախում կատարվողը: Ըստ Լուսինե Օհանյանի՝ մարդիկ մի քանի հարյուր կիլոմետր քշել-եկել էին, որպեսզի հավաքվեն եւ բողոքի ձայն բարձրացնեն իրենց հայրենիքում կատարվողի եւ դրա վերաբերյալ Եվրոպայում լռության դեմ: Լուսինեն ասում է, որ շվեդական մամուլը կամ չէր անդրադառնում այս հարցին, կամ շատ հաճախ սխալ լուսաբանումներ էին լինում, գրում էին հայկական ագրեսիան Ադրբեջանում, բայց որպես ապացույց ներկայացնում էին Ստեփանակերտում տուժածների, ավիրված շենքերի լուսանկարներ:
Թեեւ այս հավաքն արտոնված չէր, ինքնաբուխ էր, եւ ոստիկանությունն էլ պարբերաբար զգուշացնում է ցրվելու մասին, սակայն մարդիկ վրդովված են եւ պահանջներ ունեն, այդ իսկ պատճառով չեն ցրվում: Ոստիկանությունը հիշեցնում է, որ 50 հոգուց ավելի հավաքվելու իրավունք չունեն, կորոնավիրուսի վտանգ կա, սակայն դա չի խանգարում Շվեդիայի տարբեր ծայրերից Ստոկհոլմ եկած հայերին միավորվել եւ արդարություն պահանջել: