Լրահոս
Օրվա լրահոսը

Նահատակված գյումրեցի ոստիկաններից երկուսը կորոնավիրուսի պայմաններում հերթապահում էին քաղաքի պատմական հատվածում

Հոկտեմբեր 08,2020 17:27

Արցախյան պատերազմի զոհ են դարձել գյումրեցի մի քանի ոստիկաններ, որոնք մեծ սիրով ու պատրաստակամությամբ՝ միմյանց հերթ չտալով շտապել էին Արցախ։

Ոստիկաններից մեկը՝ 1991 թվականին ծնված Սրապ Շահինյանը եղել է Գյումրու պետական համալսարանի իրավագիտության բաժնի ուսանող, նա ավարտել է Գյումրու անգլիական թեքում ունեցող Ջորջ Բայրոնի անվան թիվ 20 դպրոցը։ Նրա հայոց լեզվի և գրականության ուսուցչուհին՝ Սաթենիկ Գևորգյանը պատմում է, որ Սրապ Շահինյանին 5 տարի շարունակ դաս է տվել։

Սրապ Շահինյան

«Ինքնամփոփ էր, շատ չէր խոսում, բայց փոքր հասակից հենց նրա մեջ զգում էիր հայրենիքը, գիտեի, որ պիտի ոստիկան դառնա, շարունակի իր հոր գործը։ Մեծատառով մարդ էր, հոգատար, ամենավատ երազումս անգամ չէր պատկերացնի նրա մահը․․․ 10 օր առաջ եմ տեսել, Ռիժկովի ճեմափողոցի վրա հերթապահություն էր իրականացնում, անցնում էի այնտեղով, մի հարազատ ձայն կանգնեցրեց՝ հարցնելով՝ ինչպե՞ս եք, ընկեր Գևորգյան, լավ նայեք ձեզ, հանկարծ չհիվանդանաք, ձեզ շատ եմ սիրում»,- սգում է ուսուցչուհին։

Ուսուցչուհին զրույցի ամբողջ ընթացքում չէր կարողանում զսպել արցունքները։

Նա ասում է․ «Խիղճս հանգիստ է, որ Սրապին ոչ մի անգամ վիրավորած չկամ, այլապես ամբողջ կյանքում չէի կարողանա ինձ ներել։ Աղոթում եմ, որ այլևս ոչ մի նահատակ չունենանք, հաղթանակ տանենք առանց զոհերի»։

Սրապը ամուսնացած է, ունի դուստր։

Խաչիկ Կարապետյան

Հայրենիքի համար զոհված ոստիկաններից մեկն էլ 1978 թվականին ծնված Խաչիկ Կարապետյանն է, նա ևս Շիրակի մայր բուհի իրավագիտության բաժնի ուսանող է եղել, հեռակա բաժնում է սովորել, ավարտել այս տարի։

Համալսարանի սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետի դեկան Օֆելյա Հովհաննիսյանն Aravot.am-ին ասաց, որ Խաչիկի կուրսում շատ էին ոստիկանները, բայց նա առանձնանում էր իր պարտաճանաչությամբ ու պատասխանատու վերաբերմունքով։

Նրա դասախոսները փաստեցին, որ համավարակի տարածման ժամանակ հսկողություն էր իրականացնում Վարդանանց հրապարակում, հորդորում մարդկանց չմոռանալ դիմակ կրել, որպեսզի չվտանգվի նրանց կյանքը։

Նա ևս ամուսնացած է։

Շիրակի պետական համալսարանն իր էջում ցավակցություն է տեղադրել՝ գրելով․ «Խորը վշտով հայտնում ենք, որ Արցախում զոհվել են Շիրակի մայր բուհի «Իրավագիտություն» մասնագիտության շրջանավարտներ Խաչիկ Կարապետյանը և Սրապ Շահինյանը։

Շիրակի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, աշխատակիցները և ուսանողներն իրենց վշտակցությունն են հայտնում հաղթանակի ճանապարհին զոհված մեր հայրենիքի արժանի զավակների ընտանիքներին, հարազատներին ու ընկերներին։

Հավերժ փառք ծառայողական պարտքը կատարելիս զոհված մեր քաջորդիներին»։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031