«Սասնա ծռեր» էպոսում Խանդութ Խաթունն անպատեհ համբույրի համար ապտակելով Դավթին` ասում է. «Առյուծն՝ առյուծ է, էղնի էգ, թե որձ»: Էպոսական այս հատկանիշը միշտ բնորոշ է եղել հայուհիներին: Ամենաթարմ օրինակն այսօր առաջնագծում հայրենիքը պաշտպանող հայուհիներն են, նաեւ օրերս զինվորագրված ծանրամարտի աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ՀՀ սպորտի վաստակավոր վարպետ Նազիկ Ավդալյանը:
Aravot.am-ի «Ֆեմինի» նախագծի շրջանակում առանձնացրել ենք աշխարհի տարբեր երկրներում տարբեր ոլորտներում նշանակալի դերակատարություն ունեցած եւ ներկայումս էլ փայլող հայուհիներից մի քանիսին, որոնք իրենց մասնագիտական որակներով բնավ չեն զիջում տղամարդկանց:
Նրանցից մեկն, օրինակ, Չեխիայում ուսանած Կարինա Մովսեսյանն է, որ 2017-ին հաղթող էր ճանաչվել «Եվրամիության լավագույն երիտասարդ գիտնական» մրցույթում: Կարինան հայտնաբերել էր քաղցկեղի զարգացումը կանխող մեխանիզմ, նաեւ հեղինակավոր մրցանակներ ստացել Լոս Անջելեսում` ԴՆԹ մուտացիաների և RAD51 պրոտեինի վերաբերյալ իր աշխատանքի համար:
Դարձյալ 2017-ին Վրաստանի քաղաքացիական ավիացիայի առաջին կին օդաչուին` ազգությամբ հայուհի Նադեժդա Բենկլյանին, NASA-ի տիեզերագնաց Հայդի Ֆայֆերը հանձնել էր ԱՄՆ դեսպանատան պարգեւը` «Կանանց առաջնորդության և արիության համար»:
Կարդացեք նաև
2011-ին վախճանված Ալենուշ Տերյանը իրավամբ համարվում է իրանական աստղագիտության մայրը, նա Իրանի առաջին կին պրոֆեսորն էր, Իրանի առաջին կին աստղագետն ու աստղաֆիզիկոսը:
2011-ին իր մահկանացուն կնքած Աննա Տեր-Վարդանյանը ԱՄՆ ռազմածովային ուժերի առաջին կին գերագույն գլխավոր ավագն է եղել եւ զինված ուժերում ծառայող առաջին կինը, որը արժանացել է E-9 կոչման:
Լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանին եւ նրա նույնքան լեգենդար ամուսնուն` Գեւորգ Վարդանյանին ներկայացնելու հարկ չկա: Անցյալ տարի անվտանգության մարմիններում երկարամյա անբասիր գործունեության, հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների և անմնացորդ նվիրումի համար նա ՀՀ Նախագահի հրամանով 2019-ին հետմահու պարգեւատրեց Պատվո շքանշանով:
Ի թիվս այլոց չմոռանանք նաեւ Նոր Զելանդիայի առաջին կին Գերագույն դատավոր, Արքայական փաստաբանի (Queen’s Counsel) պաշտոնում ընտրված մեր հայրենակցուհուն` Դեյմ Սայան Սրբուհի Իլայասին:
Նման փառահեղ տիկնայք բազմաթիվ են, եւ ընդունված կարծրատիպերով` թույլ սեռի ուժեղ ու գեղեցիկ ներկայացուցիչներն են:
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ