Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր զարգացումներ՝ Գագիկ Ջհանգիրյանն ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի գործով. նշանակվել է դատաքննություն

Հոկտեմբեր 08,2020 15:53

Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանն ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի գործով (նախագահող դատավոր Ալեքսանդրա Հարությունյան) նշանակվել է դատաքննություն:

Aravot.am-ի հետ զրույցում Հայ ազգային կոնգրեսի իրավական ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը տեղեկացրեց՝ գործի նախապատրաստական փուլն ավարտվել է:  Նա որոշ մանրամասներ ներկայացրեց հոկտեմբերի 7-ին այս գործով տեղի ունեցած դատական նիստից. «Կողմերը հայտնել են դիրքորոշում, պատասխանողը դիմել է դատարանին, որպեսզի գործի քննությունն առանց իրենց անցկացվի: Հայցվորի ներկայացուցիչը հայտնել է դիրքորոշում վճռաբեկ դատարանի՝ նոր երևան եկած հանգամանքով գործի քննություն անցկացնելու վերաբերյալ, լրացուցիչ փաստական հանգամանքների վերաբերյալ, նաև երրորդ անձի դիրքորոշումը: Դատավարական ընթացակարգային նիստ էր»:

Հիշեցնենք՝ Գագիկ Ջհանգիրյանը վիճարկում է Ռոբերտ Քոչարյանի կողմից դեռեւս 2008 թվականին իրեն Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու, ինչպես նաև՝ արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից զրկելու մասին հրամանագրերը: Նա հայցադիմումը դատարան է ներկայացրել 2019 թվականի նոյեմբերին:

Հոկտեմբերի 7-ին կայացած դատական նիստի ընթացքում հայցվոր կողմը պնդել է հայցը: Արմեն Խաչատրյանն այս առիթով փոխանցեց. «Դատարանը, համարելով, որ նախապատրաստական փուլը կամ նախնական քննության փուլը համարվում է ավարտված, նշանակեց գործի դատաքննություն, ինչի մասին կողմերը լրացուցիչ կծանուցվեն»:

Խոսելով հայցվոր կողմի դիրքորոշման մասին՝ Արմեն Խաչատրյանն ասաց. «Դիրքորոշումը նույնն է: Խոսքը վերաբերվում է ՀՀ նախագահի երկու հրամանագրերը՝ աշխատանքից ազատման և դասային աստիճանից զրկելու, անվավեր ճանաչմանը: Այսինքն՝ պահանջը նույն 2008-ին ներկայացված բողոքի պահանջն է: Պահանջի մասով որևէ բան չի փոխվել, բայց քանի որ գիտեք՝ 2020-ին նոր երևան եկած հանգամանքով Վճռաբեկ դատարանը բեկանել է, նոր երևան եկած հանգամանքով հիմքերն են քննության առարկա դարձել արդեն այս վարույթում»:

Վճռաբեկ դատարան դիմելու հետ կապված և մամուլում այս առիթով եղած հրապարակումների առնչությամբ Արմեն Խաչատրյանը շեշտեց. «Վճռաբեկ դատարան դիմում են օրենքով սահմանված հիմքերով: Վարչական դատավարության, քրեական դատավարության, քաղաքացիական դատավարության օրենսգրքերը սահմանում են վճռաբեկ դատարանին դիմել ու անկախ ժամկետի սահմանափակումից մի քանի հիմքերով:  Օրինակ՝ այդ հիմքերից մեկը նոր երևան եկած հանգամանքներն են, և կապ չունի, թե քանի տարի է  անցել, երբ գործով մասնակից մի կողմին հայտնի է դառնում նոր երևան եկած հանգամանքներ, ապա այդ պահից  սկսած սահմանված ժամկետում կարելի է դիմել Վճռաբեկ դատարանին, ինչն այս դեպքում տեղի է ունեցել: Իսկ վճռաբեկ դատարան դիմելու համար որպես նոր երևան եկած հանգամանք է հանդիսացել Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ քրեական գործով կայացված վճռի դեմ բերված վճռաբեկ բողոքով կայացված որոշումը: Ես չգիտեմ՝ մամուլն ինչ է գրել, բայց մամուլը չի հասկացել, որ այս ամբողջ գործընթացը տեղի է ունեցել՝ խստագույնս պահպանելով դատավարական ընթացակարգերը և իրավունքի նորմերը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031