Լրահոս
Օրվա լրահոսը

Հարվածը Ղազանչեցոց եկեղեցուն՝ նշանակում է հարված մեր էությանը, ինքնությանը, գոյությանը. Բագրատ սրբազան

Հոկտեմբեր 08,2020 15:32

«Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին, ինչ-որ իմաստով Արցախ աշխարհի վերազարթոնքի, վերականգնման մեծ խորհրդանիշներից մեկն է: Հենց այդ խորհրդանիշի վրա է արձակված հրթիռը»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը՝ անդրադառնալով եկեղեցուն այսօր հասցված հարվածին:

Եկեղեցին հատո՞ւկ է թիրախավորվել, թե՞ ոչ, սրբազանը չի կարող ասել, բայց, քանի որ մեր ողջ ժողովրդի կյանքն է թիրախավորված, կարծում է, որ այդ իմաստով, Ղազանչեցոց եկեղեցին էլ բացառություն չէր կարող լինել: Եկեղեցուն հասցված հարվածը մեր զրուցակիցը խորհրդանշական է համարում` այն իմաստով, որ հարվածը Ղազանչեցոց եկեղեցուն՝ նշանակում է հարված մեր էությանը, մեր ինքնությանը, մեր գոյությանը:

Շուշիի Ղազանչեցոց Ս. Ամենափրկիչ եկեղեցին կառուցվել է 1868-1887-ին: Շուշիի ջարդերից հետո՝ 1920 թ-ին, տաճարը դադարեց գործելուց։ Ազերիների իշխանությանն անցնելուց հետո օգտագործվեց նախ որպես ամբար, իսկ հետագայում որպես ավտոտնակ։ Այդ ժամանակաշրջանում էլ կործանվեցին տաճարի մուտքի մոտ դրված հրեշտակների արձանները։ Մինչև ազատագրումը գտնվում էր կիսավեր վիճակում, իսկ գմբեթը փլված էր։ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ այստեղ էր գտնվում ազերիների «ԳՐԱԴ» հրթիռային համակարգի պահեստը։ Ազատագրումից հետո տաճարն ամբողջովին վերանորոգվել է և գործում է 1998 թվականից։

Բագրատ սրբազանը ուշադրություն է հրավիրում մեկ այլ խնդրի վրա էլ. «Պատերազմի դաշտում բազմաթիվ զոհեր կան, հատկապես թշնամու կողմից: Թե առհասարակ մարդկային տեսանկյունից, թե իսլամական, մուսուլմանական կարգում, դիակները լքված եւ անտեր թողնելն անարգանք է: Շատ լավ կլինի, որ միջոցը գտնվի՝ դիակները տանելու: Վստահաբար, Արցախի հանրապետության իշխանությունները հնարավորություն կստեղծեն կազմակերպությունների համար, որ իրենք գան, իրենց դիակները հավաքեն՝ այդպիսով նաեւ իրենց հարգանքը դրսեւորեն»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ. Գ. Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն հարվածելու մեջ տեսնում է «Իսլամական պետության» ձեռագիրը:

«Նրանք հարվածում են մեր հոգևոր արժեքներին, այն ժամանակ, երբ մենք վերականգնում ենք մզկիթները»,- այս մասին Պարգև Սրբազանն ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031