«Եթե վարչապետն այդպիսի որոշում է կայացրել, նշանակում է՝ ունեցել է շատ ծանրակշիռ հիմնավորում»,- ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսպես մեկնաբանեց ԱԱԾ տնօրենին պաշտոնից ազատելն ու Միքայել Համբարձումյանին այդ պաշտոնում նշանակելը:
Նրա խոսքով՝ պետք էր արագ ու հրատապ որոշում կայացնել, իսկ ԱԱԾ տնօրենի հարցը օրվա հրամայական է, պետք է մեծ պատասխանատվությամբ լուծել խնդիրները:
Հարցին՝ թերացումներ ԱԱԾ աշխատանքի հետ կապված այս ընթացքում տեսե՞լ եք՝ նա պատասխանեց. «Ամեն վայրկյան գնահատվում են տվյալ պահին ծառայության աշխատանքները եւ այդպիսի հարցի որոշումը գտնվում է վարչապետի տնօրինության տակ, չի քննարկվում: Այսօր իրողություն է վարչապետի կողմից կայացված որոշումը»:
Կարդացեք նաև
Aravot.am-ը հարցրեց՝ ռազմական դրության այս պայմաններում ԱԱԾ պետի փոփոխությունը վտանգավոր չէ՞՝ հաշվի առնելով նաեւ, որ Միքայել Համբարձումյանի թեկնածությունն այդ պաշտոնում արդեն իսկ քննարկվել է ժամանակին ու հանրության շրջանում նա որպես Սերժ Սարգսյանի հավատարիմ մարդ էր բնութագրվում՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Դուք կռիվ կինոներ հեչ նայե՞լ եք, նայե՞լ եք Հայրենական պատերազմի ժամանակ գերագույն գլխավոր հրամանատարն ինչպիսի արագ փոփոխություններ է անում նույնիսկ զորավարների կազմում: Դուք լավ չեք զգում թե պատերազմն ինչ ինտենսիվությամբ ու խորությամբ է տեղի ունենում, ամբողջ պետական համակարգը, հատկապես՝ անվտանգային բաղադրիչները պետք է աշխատեն շատ էֆեկտիվ: Եթե մի փոքր թերացում նկատել է երկրի վարչապետը, ուրեմն ինքը իրացրել է իր սահմանադրական իրավունքը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ