Ադրբեջանն արդեն քանի օր է՝ ռազմի դաշտում տապալվելով՝ կոմեդիկ ժանրի ֆիլմեր է տարածում՝ «քաջ» Իբրահիմի արկածները, «Ազնիվ տյոտյայի» սկետչերը: Թե այս «ֆիլմերը» ի՞նչ խնդիր են լուծում՝ հաշվի առնելով, որ հաշված ժամերի ընթացքում ուղղակի ծաղրի առարկա են դառնում՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Aravot.am-ի հետ զրույցում պատասխանեց. «Քանի որ իրենք զբաղված են հիմարություններով նաեւ այդ դաշտում, այդտեղ էլ են անհամոզիչ, տարածում են Իբրահիմի, տիկին Ազնիվի պատմությունը: Հիմա ինֆորմացիա կա, որ հնարավոր է տիկին Ազնիվը լինի ուղղակի գերի ընկած հայ կին: Դա էլ ենք ճշտում հիմա: Բայց անգամ տիկին Ազնիվի օգտագործումը իրենց սյուժեներում այնքան անփառունակ, ապաշնորհ ձեւ է արվել, որ ակնհայտ է, այդտեղ ինչ-որ բան կա, այսինքն՝ պարտադրովի է արվել, այդ խաղը շատ վատ է կազմակերպած: Ադրբեջանն անգամ ապատեղեկատվությունը չի կարողանում որակով տարածել, որ իր ժողովրդին կարողանա նորմալ խաբել»:
Ադրբեջանցիները նաեւ մեր բնակավայրերի ցուցանակների հետ կապված ապատեղեկատվություն տարածեցին: Մարուքյանի խոսքով՝ «Տիգրան Աբրահամյանը լավ բան էր գրել, ասում է՝ Ադրբեջանի բանակը մի տեղ որ մի փոքր հաջողություն է ունենում, մինչեւ դրոշն ուզում է կախի, հետեւից մերոնք գալիս են, ջախջախում ու եռագույնն են բարձրացնում: Հիմա երեւի տեղեր են եղել, որ ինչ-որ տեղ մարտավարական առումով էս կողմ ենք եկել, իրենք եկել են արագ նկարել են, թե բա՝ ըհը, բան արեցինք: Հետո այդտեղից ջախջախվել, դուրս են վռնդվել: Դա ուղղակի իրենց ներքին քարոզչության համար է՝ իրենց ժողովրդին ցույց տալու համար, որ վայ, տեսեք, բան ենք անում: Վերջին հաշվով իրենց ժողովուրդը պետք է հասկանա՝ ինչի են իրենք հարձակվում, ինչ են վճարում դրա դիմաց»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ