Թշնամու սանձազերծած հերթական պատերազմի արդյունքում Հայաստանում հայտարարվեց ռազմական դրություն, որն ունի նաև տնտեսական և ֆինանսական ոլորտներին առնչվող որոշակի կանոններ: «Փաստի» հետ զրույցում այս մասին նշեց տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Ջուլիետա Թադևոսյանը: «Պատերազմը թե՛ Հայաստանի, թե՛ Սփյուռքի ուժերի կենտրոնացում է պահանջում: Խոսքը թե՛ նյութական, թե՛ ֆինանսական, թե՛ հոգեբանական և թե՛ բարոյական ներուժի մասին է: Ազգային ներուժի կենտրոնացում և գիտելիքների ամբողջ ծավալի օգտագործում՝ թշնամուն հակահարված տալու համար»,-ասաց մեր զրուցակիցը: Նա շեշտեց, որ կառավարության առաջին քայլը, իհարկե, բյուջեի վերանայումը պետք է լինի, ինչը և նախատեսվում է:
Տնտեսագետը շեշտեց, որ, անկախ ամեն ինչից, այս ռազմական դրության պայմաններում Կենտրոնական բանկը ֆինանսական դաշտը կայուն է պահում: «Մենք արտաքին պահուստներ ունենք: Այսինքն, ֆինանսական դաշտում կայունությունը պահպանվում է, անհանգստանալու խնդիրներ առանձնապես չկան»,-ասաց նա:
Ջուլիետա Թադևոսյանը հետագա նախաձեռնությունների մեջ կարևոր է համարում ընդգրկել տեղական արտադրության պաշտպանության հարցը:
«Ճիշտ է, սա այսօրվա խնդիր չէ, բայց մենք այս ամենից հետո ներմուծման փոխարինման քաղաքականության հարցի շուրջ պետք է մտածենք: Սա հույժ կարևոր է և կառավարության հիմնական ու առաջնահերթ քայլը պետք է լինի: Թուրքիայից մոտ 700 անուն ապրանք է ներկրվում: Այդ ապրանքների մի որոշ հատվածի տեղական արտադրությունը պետք է ստեղծել: Իհարկե, ոչ միանգամից, բայց պետք է զարգացնել հատկապես կոշիկի և հագուստի արտադրությունը: Հետագայում կառավարությունը, բացի ներմուծման փոխարինման քաղաքականություն մշակելուց, իր համար գերխնդիր պետք է դարձնի նաև ռազմաարդյունաբերության զարգացումը: Մենք այսօր արդեն ռազմաճակատում ենք տեսնում այն գիտական ներուժը, այն տեխնոլոգիական ունակությունները, որոնք ունենք: Մեր նվաճումները փորձարկվում են ռազմաճակատում»,-ասաց նա՝ հավելելով, որ ռազմաարդյունաբերության զարգացմանը զարկ տալու բոլոր հնարավորություններն ունենք:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։