Լրահոս
Օրվա լրահոսը

«Շրջանների վերադարձի մասին խոսելը, կներեք, աբսուրդ է դառնում. օրակարգը փոխվում է». Անդրանիկ Քոչարյան

Հոկտեմբեր 08,2020 11:40

«Շատ կարեւոր է, որ սկսվում է խոսելու փուլը, եւ Ժնեւում, իսկ հետագայում՝ Մոսկվայում, կսկսվեն քննարկումները: Բայց տեսաք, որ տեւական մարտերից հետո բանակցային ողջ տրամաբանությունը կարող է փոխվել, որովհետեւ նախկինում խոսվում էր խաղաղ բանակցությունների միջոցով լուծումներ գտնելու մասին, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան որոշեցին բիրտ ուժով լուծել խնդիրը՝ արագի մեջ»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով տեղեկություններին, որ առաջիկայում Արցախի հարցով հանդիպումներ են սպասվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողներից Ֆրանսիայի նախաձեռնությամբ, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

«Դա չհաջողվեց իրենց, եւ այս վիճակից դուրս գալու ելքը փնտրելն արդեն աշխարհի խնդիրն է: Արցախի հարցն արդեն միայն Արցախի խնդիրը չէ, որովհետեւ անվտանգության գոտին մեծ կարեւորություն է ձեռք բերել աշխարհի համար: Այդ գոտում սկսում են տեղակայվել այնպիսի ուժեր, որոնք ահաբեկչական են եւ օգտագործվում են Թուրքիայի կողմից, ինչը մարտահրավեր է մյուս երկրների համար,-շեշտեց Քոչարյանը: Նրա բնորոշմամբ՝ Արցախի խնդիրն այսուհետեւ դառնալու է միջազգային կարգավորման հարց:

Դառնալով հնարավոր հանդիպումներին՝ նա նշեց. «Օրակարգը լինելու է այնպիսին, որ բավարարի Արցախի բնակչությանը: Անվտանգության գոտին այսօր լրիվ այլ արժեք ունի: Այն պետք է ապահովի Արցախի անվտանգությունը: Այստեղ շրջանների վերադարձի մասին խոսելը, կներեք, աբսուրդ է դառնում: Օրակարգն իր էությամբ փոխվում է: Բնականաբար, փոխզիջումներ պետք է լինեն, բայց դրանք չեն կարող հաշվի չառնել անվտանգության գոտու կարեւորությունը ոչ միայն Արցախի, այլեւ հարակից երկրների համար»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031