Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ հպարտ եմ ձեզանով, որովհետեւ մարտական, ռազմական գաղտնիքները տենց ճշգրիտ պահում եք». զինծառայողը չպատասխանեց վարչապետի որոշ հարցերի

Հոկտեմբեր 08,2020 09:14

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը եւ պաշտպանության նախարարությունը գրեթե ամեն օր հրապարակում են հայտարարություններ, որոնցով զգուշացնում են զերծ մնալ հեռախոսային կապ հաստատել առաջնագծում գտնվող զինծառայողների հետ և քննարկել սահմանագծում տիրող իրավիճակը: Եվ այսուհանդերձ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կեսգիշերն անց իր ՖԲ էջում տեսանյութ է հրապարակել, ըստ որի՝ զանգահարել է առաջնագծի տեղամասերից մեկը եւ զրուցել զինծառայողի հետ:

Ահա, թե ինչ զրույց է ծավալվել վարչապետի եւ կրտսեր սերժանտի միջեւ:

-Ո՞նց եք եղբայր: Լսո՞ւմ եք…

-Ո՞վ է:

-Ձեզ հետ Հայաստանի վարչապետն է խոսում:

-Լսում եմ, պարոն վարչապետ:

-Ո՞նց եք, եղբայր:

-Լավ, փառք Աստծո:

-Ո՞նց են գործերը:

-Լավ:

-Իրավիճակը ո՞նց ա:

-Լավ:

-5-րդ պաշտպանական շրջա՞ն:

-(Պաուզա): Էդ հարցին չեմ կարա պատասխանեմ:

-Այ, ապրես շատ: Ո՞նց է մարտական իրավիճակը ձեր մոտ:

-Լավ ենք:

-Դուք որտեղի՞ց եք:

-Շիրակի մարզ:

-Իսկ հիմա, որ խոսում ենք, է՞լ ով կա սենյակում:

-Չեմ կարա ասեմ:

-Բայց կա՞ն էլի մարդիկ:

-Չեմ կարա ասեմ:

-Շատ հպարտ եմ ձեզանով, որովհետեւ մարտական, ռազմական գաղտնիքները տենց ճշգրիտ պահում եք: Ես ինչի՞ համար եմ զանգել: Ու խնդրում եմ՝ իմ բոլոր խոսքերը փոխանցեք ձեր բոլոր ծառայակիցներին՝ անկախ նրանից՝ էս պահին էդտեղ ե՞ն, թե՞ չէ:

-Կասեմ, պարոն վարչապետ:

-Զանգել եմ՝ ասեմ, որ հպարտանում եմ ձեզանով, որ սիրում եմ ձեզ ու խոնարհվում եմ ձեր առաջ ու ձեր կատարած ծառայության առաջ: Գիտեմ՝ ինչքան դժվար է, գիտեմ որ շատ, բազմաթիվ ու բազմապիսի դժվարությունների առաջ եք կանգնած: Բայցեւ, ուզում եմ ասել, որ իսկապես էն ծառայությունը, որ հիմա դուք ձեր հայրենիքին մատուցում եք, դա պատմական ծառայություն է: Եվ հայրենիքը մշտապես ձեր առաջ պարտքի տակ է լինելու: Որովհետեւ, ինչ էլ արվի, ինչքան էլ շատ արվի, ինչքան էլ շատ բան արվի ձեզ համար, միեւնույն է, ձեր ծառայության գինը էնքան բարձր է, որ այդ պարտքի տակից շատ դժվար է լինելու դուրս գալ: Ու ես ուզում եմ՝ համոզված լինեք, որ ես էստեղ իմ ամենօրյա աշխատանքի մեջ ամեն ինչ անում եմ ու մեր կառավարությունը ամեն ինչ անում է, որ ձեր չարչարանքը իզուր եւ ապարդյուն չանցնի: Եվ ես հավատում եմ, որ մենք պատմական էս շրջափուլում էնքան ամրություն, ուժ ենք ունենալու, էնքան մեծ առաքելության զգացում ենք ունենալու, որ մինչեւ վերջ կանգնելու ենք եւ էս պրոբլեմը չենք թողնելու մեր հետագա սերունդներին: Եվ մենք պետք է կանգնենք ամուր, մինչեւ վերջ մեր ժողովրդին, մեր հայրենիքի իրավունքը պաշտպանենք, մեր ժողովրդի անվտանգությունը պաշտպանենք:

Եվ ուզում եմ՝ ասես նաեւ, թե ձեր կարծիքով ինչ կարող եմ անել եւ ինչ պիտի անեմ ձեզ համար:

-Բոլորիս համար՝ խաղաղություն եւ անփորձանք ծառայություն:

-Դուխներդ տեղնա՞:

-Միանշանակ, պարոն վարչապետ:

-Կանգնո՞ւմ ենք մինչեւ վերջ:

-Միանշանակ:

-Անսասա՞ն:

-Անսասան:

-Շնորհակալ եմ քեզ եղբայր ու հպարտ քեզանով: Չնայած չասացիր՝ էդտեղ ուրիշ մարդ կա, թե չէ: Բայց խնդրում եմ՝ ում էլ որ տեսնես էսօր, վաղը, իմ զանգի մասին պատմես, բոլորին փոխանցես…

-Անպայման, պարոն վարչապետ:

-Ու անպայման կասես, որ ես ձեզ՝ բոլորիդ, անձամբ վերաբերվում եմ որպես հարազատի, որպես իմ ընտանիքի անդամի: Եվ համոզված եղեք, որ իմ ծառայության ամեն րոպեի մեջ դուք իմ մտքերում եք, իմ սրտի մեջ եք, դուք իմ հոգում եք: Եվ ես ամեն ինչ կանեմ, որ ձեր չարչարանքը անտեղի եւ իզուր չանցնի: Խնդրում եմ նաեւ, երբ առիթ կունենք ձեր ընտանիքի անդամների հետ խոսելու, ասեք, որ իրենց առաջ էլ եմ խոնարհվում, որ իրենցով էլ եմ հպարտանում, որ իրենց էլ եմ սիրում, որովհետեւ իրենց վիճակն էսօր ամենադժվարն է: Ու իրենք էլ են ըստ էության առաջնագծում կանգնած ու իրենք ձեր նման հերոսներ են: Ու ես էլի եմ ասում, որ մենք ի վերջո էս ամեն ինչի միջով անցնելով նենց հայրենիք կկառուցենք, որ բոլորով հպարտանանք, որ բոլորով նաեւ մեր զոհերի նահատակների առաջ կանգնած ասենք, որ իրենց չարչարանքը, իրենց զոհողությունները իզուր չեն, եւ մենք էնպիսի հզոր եւ ուժեղ հայրենիք ունենք, որտեղ իրենց հարազատները, իրենց սերունդները ապրում են հպարտ, ապրում են ազատ, ապրում են երջանիկ ու ապրում են հաղթանակած: Ամուր գրկում եմ, եղբայր:

-Շնորհակալություն: Խաղաղություն:

-Լավ եղեք, դուխով, հաղթական եւ փառքով:

-Շնորհակալություն:

-Ինչ ունես ասելու ինձ, խնդրում եմ՝ ասա:

-Ասելու բան՝ դժվար թե: Միայն ցանկանանք բոլորիս խաղաղություն:

Դարձյալ հիշեցնենք, որ ըստ իրավապահների՝ առաջնագծում գտնվող զինծառայողների հետ հեռախոսային խոսակցությունները «կարող են վերահսկվել հակառակորդի կողմից և առիթ դառնալ մեր զինծառայողներին թիրախավորելու համար»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031