Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Չշահարկել նվիրական թեմաները

Հոկտեմբեր 08,2020 10:00

Պատերազմի ժամանակ սխալ եւ անընդունելի մեկնաբանությունները հայկական օգտատերերի կողմից կարելի է բաժանել երկու տեսակի: Մարդիկ, իրենց զգացումներից կամ «հետաքրքիր տեղեկատվություն» հաղորդելու ցանկությունից ելնելով, հրապարակում են նկարներ եւ տեսանյութեր, որոնք պետք չէ հրապարակել, բաց կապով քննարկում են թեմաներ, որոնք պետք չէ քննարկել՝ չնայած մեր պետական մարմինները ամեն օր զգուշացնում են դրա մասին:

Նույն՝ հուզական տեսակին են պատկանում տարբեր տեսակի կոչերն ու «խորհուրդները»՝ «այնտե՛ղ է պետք խփել», «ա՛յս զենքն է պետք օգտագործել», «ա՛յս բնակավայրն է  պետք գրավել» եւ այլն:

Կան նաեւ օգտատերեր, որոնց մեծ մասը, վստահ եմ, առանց որեւէ վատ մտադրության տարածում է հակառակորդի քարոզչական նյութերը: Բոլոր այդ տեսակի սխալները գործող մեր հայրենակիցներին պետք է մատնացույց անել, թե ինչու են նրանց քայլերն անընդունելի, եւ այդ մարդիկ, կարծում եմ, կհասկանան ու այլեւս կփորձեն զերծ մնալ նման այդ քայլերից:

Ավելի բարդ է խոսել այն հայերի հետ, որոնք նույնիսկ պատերազմի պայմաններում շարունակում են ապրել քաղաքական կրքերով: Նույնիսկ հիմա, երբ ռազմաճակատում մեր զինվորները կենաց-մահու կռիվ են մղում, հիմա էլ նրանք առիթ եւ հնարավորություն են փնտրում իրար վարկաբեկելու, իրենց չարությունը համացանց թափելու, հայրենակցի հասցեին ասված «խարազանող խոսքով» ինքնահաստատվելու համար: Կարծում եմ, այս պահին դրա ժամանակը չէ: Իշխանությունը եւ նրա կողմնակիցները պետք է հասկանան, որ հիմա իրենց ընդդիմախոսների հետ հաշիվ մաքրելը պատեհ չէ: Ընդդիմադիր հայացքներ ունեցողները պետք է հասկանան, որ այժմ՝ քանի պատերազմ է ընթանում, անհրաժեշտ է համախմբվել Զինված ուժերի գլխավոր հրամանատարի շուրջ՝ անկախ նրանից, թե ով է այդ անձը:

Պատերազմի այս փուլի ավարտից հետո, իհարկե, ամեն մեկը կգնա իր ճանապարհով: Բայց ես կարծում եմ, որ պատերազմից հետո էլ պետք է խուսափել  նվիրական թեմաների շուրջ բանավեճեր ծավալելուց, դրանք շահարկելուց: Մասնավորապես, հաջորդ իշխանափոխությունից հետո չարժե խորհրդարանում ստեղծել «սեպտեմբերյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով»: Ավելին՝ ինձ թվում է, անգամ խաղաղ պայմաններում պետք է ցանկացած թեմայի շուրջ բանավիճելիս լինել զուսպ եւ իրար նկատմամբ նրբանկատ:

Ես կշարունակեմ դա պնդել ի հեճուկս նրանց, ովքեր իմ ասածը «նաղլ» են համարում: Կշարունակեմ պնդել, որովհետեւ, ի տարբերություն շատ փորձագետների եւ մեկնաբանների, չեմ կարծում, որ սա մեր վերջին պատերազմն է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    համաձայն, բոլոր կէտերին հետ, սակայն bémol մը, մէկ հատին կապակցութեամբ՝ թշնամիին սուտերին ուշադրութիւն ընծայելը

    երբ որ մեր կողմից չեն յայտնւում բաւարար տեղեկութիւններ՝ մեր մասին, ապա թշնամիին ամենակոպիտ կեղծիքի եւ սուտերի ազդեցութիւնը իսկ կարող է արդիւնաւէտ դառնալ. նաեւ ըսի-ըսաւները կը շատանան, մարդիկ վատ հակումը կ’ունենան ընդհանրապէս սխալ աղբիւրներից լուրեր որոնելու, կամ ել, սեփական հաղորդակցութիւններով պիտի ջանան տեղեկութիւններ ստանալ, ինչ որ նոյնպէս անխոհեմութիւն է

    մեր լրագրողներին արգիլուած է լուր տալ – մինչդեռ, օտար լրագրողները, տեղւոյն վրայ, ինչե՜ր չեն հաղորդում համայն աշխարհին-, իսկ պաշտօնական տեղեկատւութիւնը, ասենք… վիճելի բնոյթ ունի… թէ ըստ խորքի, եւ թէ ըստ ձեւի, ոճի…

    ըմբռնելով որ քարոզչութիւնն ալ մաս կը կազմէ պատերազմական զինամթերքին, հարկաւոր է որ հաւասարակշռութիւն մը գոյանայ՝ թշնամին թիրախաւորող վարպետ յայտարարութիւններին եւ Հայութեան ուղղուած բովանդակալից տեղեկատւութեան միջեւ

  2. Լավատես says:

    ՝Կշարունակեմ պնդել, որովհետեւ, ի տարբերություն շատ փորձագետների եւ մեկնաբանների, չեմ կարծում, որ սա մեր վերջին պատերազմն է:՝

    Համաձայն եմ եւ ավելացնեմ. խաղաղությունը՝ պատերազմների միջեւ ընկած ժամանակահատվածն է, երբ վերականգնվում ես նախորդ պատերազմի հետեւանքներից եւ պատրաստվում հաջորդ պատերազմին: Եւ ինչքան խաղաղության պայմաններում լավ ես նախապատրաստված հաջորդ պատերազմին, այնքան առավել արդյունավետ ես վարում պատերազմը:
    Հիմա արդյունավետության մասին խաղաղ ժամանակներում: Մենք պետք է ստեղծենք երկու տեսակի փող, մեկը ներքին շրջանառության համար՝ ռազմավարական արժեքների ստեղծման համար, սա սփյուռքին էլ է վերաբերում, իսկ մյուսը՝ արտաքին շրջանառության համար, երբ ինչ որ բան արտահանում ենք այլ երկրներ ու այլ մարտավարական արժեքների համար: Երկրորդ տեսակի փողով ռազմավարական արժեքներ չի կարելի ստանալ, սա կախվածության տակ կդնի ուրիշներից:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031