Արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչները ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանին խնդրեցին մեկնաբանել այն տեղեկությունները, որ Շուշիի հրթիռակոծության ժամանակ բացի խաղաղ բնակիչներից զոհվել են նաև զինծառայողներ, քանի որ հայտնաբերվել են սաղավարտներ: Արծրուն Հովհաննիսյանն այս առիթով պարզաբանեց. «Շուշիում զոհվել են քաղաքացիական խաղաղ բնակիչներ: Կարող է լինել այնպես, որ ինչ-որ շինության, երբ ադրբեջանական կողմը հարվածել է հրթիռներով, քանի որ այդ հրթիռների կալիբրը չափազանց մեծ է, կարող են այդ հարվածներից այս կողմից զոհվել քաղաքացիներ, այն կողմից, հնարավոր է զինծառայողներ լինեն: Սա մի երկիր է, որն ապրել է պատերազմի վախի մեջ: Սրանք բնական բաներ են»:
Հարցին՝ կա՞ն ռազմագերիներ, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Եթե դեռ չկա պաշտոնական հայտարարություն Արցախի կամ ՀՀ կողմից, որ կան ռազմագերիներ, ես ոչինչ մեկնաբանել չեմ կարող, չեմ կարող ոչ հերքել, ոչ հաստատել, քանի որ այսօր շատ լարված մարտեր են եղել, լուրջ խմբավորում՝ երեք բրիգադ համարյա շարքից հանվել է, և այդ ամենից հետո շատ բան կարող է պատահել»:
Խոսելով ադրբեջանական կողմի կորուստների մասին՝ Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Ամենահամեստ հաշվարկներով՝ այսօր մինչև կեսօր կորցրել էին մոտ 260-280 ադրբեջանցի զինծառայող, գումարած ահաբեկիչներ, մոտավորապես 60-80 զրահատեխնիկա խոցվել էր, զգալի թվով սարքին վիճակում մնացել էր մեր զինված ուժերի ձեռքին: Բայց մարտերը շարունակվում են, ամփոփիչ տվյալներ ասել չեմ կարող, բայց վստահ եմ, որ դրանք շատացրել ենք մենք»:
Հարցին՝ ի՞նչ պարզաբանումներ կանի այն մասին, որ տեղեկություններ կան, թե Ջեբրայիլի ուղղությամբ հակառակորդը նահանջ է տալիս, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Երևի իմ վստահ խոսքերից հասկացաք, որ մեր զինված ուժերն ունեն հաջողություններ, բայց բերեք խաղաքարտերը չբացեմ: Այս պահին ընթանում են համառ մարտեր, մարտերի ընթացքում ինչպես հաջողությունները, այնպես էլ անհաջողությունները, կամ ժամանակավոր խուսավարումները անխուսափելի երևույթ են: Հավատացեք՝ սա մեծ պատերազմ է, վերջին 20-30 տարում այս տարածաշրջանում այսպիսի խիտ մարտական գործողություններ, այսպիսի մեծ ցամաքային ուժերի, զրահատեխնիկայի, հրետանային միջոցների, ԱԹՍ-ների ներգրավվածություն քիչ է եղել: Այս մարտական գործողությունների ժամանակ առանձին դիրքային սահմանային փոփոխությունները, նահանջները առանձին էպիզոդներով քննարկելն այնքան էլ տեղին չենք համարում»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ