Կանադայում ՀՀ դեսպանությունը տարածել է տեսանյութ, որում Քվեբեկի Ազգային ժողովը միաձայն դատապարտում է խաղաղ հայ բնակչության նկատմամբ իրականացվող բռնությունը և իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին:
«Քվեբեկի Ազգային ժողովը դատապարտում է հայ քաղաքացիական բնակչության նկատմամբ իրականացվող բռնությունը և արտահայտում իր խոր մտահոգությունը Լեռնային Ղարաբաղում ծավալվող ուժգին առճակատման կապակցությամբ,
Կոչ է անում խնդիրը կարգավորել խաղաղ ճանապարհով և միանում է Դաշնային կառավարության, Մինսկի խմբի, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի, Եվրամիության և մի շարք երկրների ղեկավարների՝ ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու, լարվածությունը թուլացնելու և կառուցողական բանակցությունները վերսկսելու հորդորներին,
Ափսոսանք է հայտնում հակամարտության ընթացքում հազարավոր քաղաքացիների կողմից իրենց տները հարկադրաբար լքելու հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի կապակցությամբ, որը կարող է առավել սրվել COVID-19 համավարակի պատճառով,
Հայտնում է իր աջակցությունը Ֆրանկոֆոնիայի Միջազգային կազմակերպության անդամ հանդիսացող Հայաստանին,
Ճանաչում է հայ ժողովրդի՝ խաղաղ և անվտանգ ապրելու իրավունքը՝ պահպանելով իր լեզուն, մշակույթն ու հավատքը»։