Լրահոս
Օրվա լրահոսը

Փարիզն ակտիվանում է դուրս մղելով Անկարային

Հոկտեմբեր 08,2020 00:13

Բաքվում Թուրքիայի արտգործնախարարի արած հայտարարությունները՝ հակամարտության կարգավորումը Մոսկվա-Անկարա համատեղ դերակատարությամբ պայմանավորելու, անպայման պիտի արձագանգվեր Ադրբեջանի կողմից։
Եւ այսպես․ Ալիեւը պարզ դարձրեց, որ բանակցությունների դերակատար պետք է դառնա Թուրքիան։ Հայտարարությունը ընդհանուրից դեպի մասնակի առաջադրանքի բանաձեւում է։

Խոսելով «հավերժական խաղաղության» տեսության մասին Ալիեւը շեշտել է, որ արցախյան հակամարտության քաղաքական կարգավորումը պետք է ամրապնդվի աշխարհի առաջատար երկրների երաշխիքներով, ընդ որում, նրանց կազմը կարող է չսահմանափակվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի կողմից։ Եւ ապա ուղղակի հստակեցրել որ «Անշուշտ, Թուրքիան, որպես մեծ երկիր, որպես մեր հարևան, Հարավային Կովկասում հարևան, իրավունք ունի մասնակցելու միջնորդական առաքելությանը, որն իրականացվելու է ակտիվ մարտական գործողությունների ավարտից հետո։ Հաշվի առնելով, որ ներկայիս միջնորդական առաքելությունը 28 տարի շարունակ ոչ մի արդյունքի չի հանգեցրել, այլ հանգեցրել է անգործության, այն, ինչ մենք ունենք հիմա, իհարկե,մենք պետք է ելնենք պրագմատիկ մոտեցումից, որը կարող է իրապես դրական ազդեցություն ունենալ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների վրա՝ էսկալացիայի նվազեցման, կայուն խաղաղության հաստատման, համագործակցության զարգացման համար։Եվ, իհարկե, առաջին հերթին, ես կարծում եմ, որ դրանք Թուրքիան և Ռուսաստանն են»:

Չավուշօղլու առաջադրանքն է, որը ձեւակերպվում է այստեղ։ Ուղերձը հետեւյալն է։ ԵԱՀԿ-ի ներկա միջնորդական ձեւաչափը անգործության է մատնվել՝ այն գործնական եւ արդյունավետ դարձնելու համար։

Որոշ հստակեցնելի կետեր կան այս բոլորում։ Նախ պարզ է, որ ներկա ձեւաչափից ՌԴ-ն անջատելով քննադատական մեղադրանքներն ուղղվում են Ֆրանսիային եւ ԱՄՆ-ին, որոնք անգործության են մատնել կարգավորման ընթացքը։ Երկու երկրների դուրս մղման առաջարկն է, որն անում են Անկարան եւ Բաքուն հաջորդաբար, իրար լրացնելով։ Ի դեպ, ձեւաչափի փոփոխությունը միշտ հանգեցրել էր Բաքուն․ այս անգամ երանգային նորությունը այն է, որ ուղղակի հստակեցվում են այն երկրները, որոնք պետք է ստանձնեն միջնորդությունը։

Առկա հիմնական խնդիրն այս դեպքում այն է, որ հակամարտությունում ոչ միայն հստակ կողմ, այլ նաեւ ուղղակի պատերազմ հրահրած եւ պատերազմի մասնակցած, նույնիսկ՝ պատերազմ կառավարած երկիրը այժմ հավակնում է միջնորդություն անել։ Թուրքիայի ներգրավումը ընդհանրապես դատապարտվել է արդեն միջազգային ընտանիքի կողմից։

Թե՛ Չավուշօղլուն եւ թե՛ Ալիեւը իրենց հայտարարություններով ըստ էության հակադրվում են ոչ միայն ԵԱՀԿ-ին, միջազգային հանրությանը եւ բազմաթիվ պետություններին, որոնք, ԵԱՀԿ-ի ճշտած ձեւաչափին հղում անելով պահանջում էին անհապաղ պատերազմը դադարեցնել եւ վերադառնալ բանակցային սեղան։ Ավելին, հակադրվում են նաեւ ՄԱԿ-ի ԱԽ-ին, որի հրապարակած հայտարարությունում եւս հղում կար նույն ձեւաչափին։

Պատերազմի բռնկման պատճառահետեւանքային երեւույթները ռազմաքաղաքագիտական վերլուծումների կենթարկվեն դեռեւս։ Հիմա պարզ է, որ բանակցությունների վերադարձի մասին հայտարարությունները պիտի աշխուժանան։ Ֆրանսիան արդեն հայտարարեց, որ Ժնեւում կսկսվեն քննարկումներ (բանակցություն բառը չի օգտագործել դեռեւս) եւ կշարունակվեն Մոսկվայում։

Ֆրանսիայի ԱԳ նախարարը այս առիթով մատնանշել է Արցախում Թուրքիայի ռազմական միջամտությունը։

Ֆրանսիան համանախագահող երկրի իր հանգամանքով եւ իր նախագահի առաջադրած նոր մեթոդաբանությամբ գործելու աշխատակարգով նախաձեռնողականությամբ է հանդես գալիս։ Ֆրանսիան իբրեւ համանախագահող ներկա է այստեղ․ ՌԴ-ն իբրեւ հաջորդ հանգրվանը հյուրընկալող՝ եւս։ Անկախ դրանից, որ ԱՄՆ-ի մասին նշում չկա այնուամենայնիվ պարզ է, որ միջնորդական առաքելության միեւնույն ձեւաչափով, թեկուզ տարբեր մեթոդով, աշխատանքը վերագործարկվելու է։ ՀՀ արտգործնախարարը մեկնում է Մոսկվա։

Ալիեւի հայտարարությունում կա կարեւոր բաղադրիչ, որը բանակցությունների վերսկսումը պայմանավորում է մարտական գործողությունների ավարտով։ Մարտական գործողությունները շարունակվում են․ սկսվում են քննարկումները, որոնք սկզբունքով հող կպատրաստեն բանակցությունների վերսկսման։

Եթե ընդունենք, որ բանակցությունները կմեկնարկեն, նկատելով որ Բաքվին չի հաջողվել որեւէ խնդիր լուծել ռազմական առումով, ապա այս անգամ կմտաբերենք, որ դիվանագիտական խնդիր եւս այս ձեւով չի հաջողվել լուծել։ Բանակցությունները լինելու են թեկուզ նոր մեթոդով, այնուամենայնիվ նույն ձեւաչափով։ Նախադրյալները հուշում են, որ պատերազմ հրահրող եւ ահաբեկչություն տարհանող պետությունը, միջնորդական դեր դժվար թե կարողանա ստանալ։ Անկարային ուղղած իր դատապարտանքներից հետո միջազգային հանրությունը լուրջ դժվարության առաջ կկանգնի նման լիազորություն շնորհելու Անկարային։

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031