Ժամանակն է, որ Հայաստանը հաղորդում ներկայացնի Հաագայի միջազգային դատարան՝ Ալիեւի եւ Էրդողանի նկատմամբ հետաքննություն իրականացնելու պահանջով
Խաղաղության եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները համարվում են միջազգային հանցագործություններ, իսկ միջազգային իրավական պատասխանատվության աղբյուրներ են համարվում «Միջազգային զինվորական տրիբունալի կանոնադրությունը» (Գերմանիայի գլխավոր զինվորականների գործով, ովքեր սանձազերծել են Երկրորդ համաշխարհային պատերազմը), ինչպես նաեւ Տոկիոյի «Զինվորական տրիբունալի կանոնադրությունը»:
Հիշյալ կանոնադրությունների ընդունումից հետո մարդկության դեմ ուղղված հանցագործությունները ընդլայնվել են միջազգային իրավական մի շարք փաստաթղթերով:
«Ցեղասպանության մասին» 1948թ. Կոնվենցիան, «Միջուկային զենքը պատերազմական նպատակներով օգտագործման անթույլատրելիության մասին» ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայի 1961թ. Դեկլարացիան, «Ռասիզմի, ապարտեիդի մասին» 1966թ., 1974թ. Կոնվենցիաները, 1998թ. հունիսի 17-ի «Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը» եւ այլն:
Կարդացեք նաև
Ըստ Հռոմի ստատուտի 1-ին հոդվածի, Միջազգային քրեական դատարանը համարվում է միջազգային հանրության վրդովմունքը կամ ցասումն առաջացրած ամենալուրջ հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ յուրիսդիկցիա իրականացնող մշտական մարմին: Ըստ Ստատուտի 5-րդ հոդվածի, Միջազգային քրեական դատարանին ընդդատյա են հետեւյալ հանցագործությունները.
ա/ցեղասպանության հանցագործությունը
բ/մարդկության դեմ հանցագործությունը
գ/զինվորական հանցագործությունը
դ/ագրեսիա հանցագործությունը:
Նկատենք, որ Ադրբեջան հանրապետությունը եւ Թուրքիա հանրապետությունը կամ դաշինքը սեպտեմբերի 27-ին պատերազմական գործողություններ են սանձազերծել Արցախի ինքնահռչակ հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության դեմ, ուստի փորձենք դիտարկել այդ գործողությունները մարդկության դեմ հանցագործության կամ ագրեսիա-հանցագործության կազմեր առաջացնո՞ւմ են, թե՞ ոչ:
Ագրեսիվ պատերազմ
Ագրեսիվ պատերազմ հասկացությունը սահմանված է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի 1974թ.-ի բանաձեւում, ըստ այդմ, ագրեսիան պետության կողմից այլ պետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ քաղաքական անկախության դեմ զինված ուժերի գործադրելը կամ ՄԱԿ-ի կանոնադրությանն անհամատեղելի որեւէ այլ ձեւով ոտնձգությունն է:
Այս հանցագործության անմիջական օբյեկտը խաղաղություն ապահովելու, ինչպես նաեւ ժողովուրդների եւ պետությունների խաղաղ գոյակցության հարաբերություններն են:
Հանցագործության օբյեկտիվ կողմն արտահայտվում է հետեւյալ գործողություններով՝ ագրեսիվ պատերազմ ծրագրելը, նախապատրաստելը, սանձազերծելը կամ վարելը:
Ծրագրել նշանակում է ուրիշ պետության վրա զինված հարձակում գործելու, ստրատեգիական եւ օպերատիվ պլանների մշակումը, ինչպես նաեւ՝ հրահանգավորումը:
Ագրեսիայի նախապատրաստություն համարվում է զանգվածային ոչնչացման զենք արտադրելը կամ ձեռք բերելը, զինված ուժերի ռազմատեխնիկական եւ զորամիավորումների ավելացումը, համապատասխան զորավարժություններ կատարելը եւ այլն:
Ագրեսիվ պատերազմ սանձազերծել նշանակում է ուրիշ պետության դեմ զինված ուժերի հարձակում գործելը կամ՝ ագրեսիայի ուղղակի ակտը:
Ագրեսիայի ուղղակի ակտ են պետության զինված ուժերի հարձակումը ուրիշ պետության տարածքի վրա կամ՝ նրա օկուպացումը, պետության կողմից ուրիշ պետության տարածքի գնդակոծումը, պետության կողմից ուրիշ պետության տարածքային, ջրային, օդային տարածքները շրջափակելը, զինված բանդաներ կամ վարձկաններ հավաքագրելը եւ պետության զինված ուժերում ներգրավվելը ընդդեմ այլ պետության դեմ ռազմական գործողություններ կատարելու եւ այլն:
Ագրեսիվ պատերազմ սանձազերծելը համարվում է ավարտված հանցագործություն առաջին իսկ ագրեսիայի ակտի պահից:
Սուբյեկտիվ կողմից հանցագործությունը կատարվում է մեղքի ուղղակի դիտավորությամբ, այսինքն՝ հանցավորը գիտակցում է ագրեսիվ պատերազմ ծրագրելու, նախապատրաստելու եւ սանձազերծելու հասարակական վտանգավորության բնույթը, երբ ցանկանում է կատարել հիշյալ ամեն մի գործողություն:
Ագրեսիվ պատերազմ ծրագրելը, նախապատրաստելը եւ սանձազերծելը հանցագործության սուբյեկտը հատուկ է՝ կարող են լինել պետության բարձր պաշտոնյաներ՝ պետության նախագահը, վարչապետը, զինված ուժերի հրամանատարը եւ այլն:
Այս հանցագործության շարժառիթը եւ նպատակը կարող է լինել տարբեր: Օրինակ, ժողովուրդների տիրապետություն կամ կայսրություն ստեղծելը եւ այլն (Թուրքիայի նախագահ Էրդողանը պատահական չէ, որ նշում է, թե Երուսաղեմը թուրքական քաղաք է):
Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների բնույթի համադրությունը հավաստում է, որ Ադրբեջան եւ Թուրքիա հանրապետությունների գործողություններում ակնառու են ագրեսիվ պատերազմ կամ ագրեսիվ ակտ հանցագործության կազմի հատկանիշները եւ տարրերը:
Բացի դրանից, սանձազերծված գործողություններն առաջացնում են նաեւ միջազգային իրավական հետեւյալ կազմերը:
ա/ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու հրապարակային կոչեր անելը,
բ/ պատերազմի ընթացքում արգելված մեթոդներ եւ միջոցներ կիրառելը,
գ/ ցեղասպանություն, այսինքն՝ ազգային-էթնիկական, ռասայական կամ կրոնական խմբերի ոչնչացնելը,
դ/ վարձկաններ հավաքագրելը եւ ուսուցանելը,
ե/ միջազգային պաշտպանվածությունից օգտվող անձանց նկատմամբ հարձակումներ կատարելը:
Այս պարագայում, ըստ իս, Արցախի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետությունը պետք է իրականացնեն հետեւյալ գործողությունները.
1.Ադրբեջան եւ Թուրքիա հանրապետությունների կողմից Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիայի մասին հաղորդում ներկայացնել Հաագայի միջազգային քրեական դատարան՝ Ադրբեջանի նախագահ Ի. Ալիեւի, Թուրքիայի նախագահ Ռ. Էդողանի եւ այլոց նկատմամբ քննություն հարուցելու հայցումով:
2.Այլ պետության դեմ զինված հարձակում գործելու դեպքում ՄԱԿ-ի կանոնադրությունը թույլատրում է ՄԱԿ-ի անդամների անհատական կամ կոլեկտիվ հենքով ագրեսորի դեմ զինված ուժերի կիրառում: Ըստ այդմ, Հայաստանի Հանրապետությունը, որպես ՄԱԿ-ի լիիրավ անդամ, պետք է ՄԱԿ-ին հայցի Ադրբեջանի հանրապետության եւ Թուրքիայի հանրապետության, այսինքն, ագրեսորների դեմ կիրառել զինված ուժ, որպես ինքնապաշտպանության միջոց:
3.Ադրբեջանի եւ Թուրքիայի հանրապետությունների կողմից վարձկաններ եւ ահաբեկիչներ հավաքագրելու, ուսուցանելու, նրանց զինված ուժերում ներգրավվելու եւ Արցախի ու Հայաստանի Հանրապետության դեմ ռազմական գործողություններ կատարելու առնչությամբ հաղորդել ՆԱՏՕ-ի դաշինքին, որի անդամ է Թուրքիան, ինչպես նաեւ տարածաշրջանի պետություններին եւ այլ միջազգային կառույցներին Ադրբեջանի եւ Թուրքիային դեմ համապատասխան պատժամիջոցներ կիրառելու եւ նրանց ահաբեկչական պետություններ ճանաչելու համար:
ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ:
Սերգեյ ԱԲՈՎՅԱՆ
Պահեստի գնդապետ, իրավաբան
«Առավոտ» օրաթերթ
07.10.2020