Կփորձեմ փոքրիկ անդրադարձ անել հոկտեմբերի 1-ին կայացած ՌԴ եւ Թուրքիայի արտգործնախարարների հեռախոսազրույցին՝ կապված Լեռնային Ղարաբաղում ընթացող իրադարձությունների հետ: Ամբողջ աշխարհն է տեղյակ, ավելին՝ համարյա բոլոր երկրների կողմից պարզորոշ բարձրաձայնվում է, որ այս օրերին Լեռնային Ղարաբաղում, ինչու ոչ, նաեւ Հայաստանի որոշ տարածքներում սանձազերծված պատերազմին ոչ միայն ակտիվ մասնակցում, այլեւ այդ պատերազմն ամբողջովին համակարգում է Թուրքիան:
Ադրբեջանի հետ համատեղ, այդ երկիրը խտրականություն չի դնում միջոցների առջեւ եւ հավասարապես հարվածում է նաեւ Հայաստանի ու Ղարաբաղի քաղաքացիական բնակավայրերին: Եվ փոխանակ պարոն Լավրովը Թուրքիայի արտգործնախարարի առջեւ ուղղակի հարց դնի, այն է՝ անմիջապես դադարեցրեք ռազմական ագրեսիան, ընդամենն առաջարկում է հարցը տեղափոխել խաղաղ բանակցությունների հարթակ, իսկ Թուրքիայի արտգործնախարարն էլ այնպես է պահում իրեն, կարծես ինքը չեզոք երկրի արտգործնախարար է եւ երրորդ դեմքով է պատասխանում. իհարկե, պետք է մանրակրկիտ վերլուծել ստեղծված իրավիճակը, պարզել, թե իրականում ինչ է կատարվում եւ փորձել հարցին տալ խաղաղ ճանապարհով լուծումներ:
Անհեթեթությունն էլ պետք է չափ ունենա, քանզի նա այնպես է պահում իրեն, կարծես ոչնչից տեղյակ չէ, նոր պետք է պարզի, թե ինչ է տեղի ունենում, որից հետո միայն իր ասելիքը ներկայացնի Լավրովին: Ամենազավեշտալին այն է, որ պարոն Լավրովը չափազանց լուրջ ընդունեց նրա ասածները եւ ասաց, որ հուսով սպասում է նրա արձագանքին: Հետաքրքիր է, թե այդ ինչ ներկայացում էր տալիս պարոն Լավրովը եւ մի՞թե դա էր Ռուսաստանի վերաբերմունքն այս պատերազմին: Մյուս կողմից, աշխարհը եւս այս պահի դրությամբ Թուրքիային ոչ մի կոնկրետ խոսք չի ասում, թե եղբայր, դու ի՞նչ գործ ունես այդտեղ, ինչո՞ւ ես միջամտում ու խառնվում ուրիշ երկրների գործերին:
Ավելին, հազարավոր վարձկաններ ես Սիրիայից եւ այլ երկրներից բերել Ադրբեջան ու օգտվելով աշխարհի խլությունից, հավկուրությունից ու անտարբերությունից, փորձում ես ուժային մեթոդներով ծնկի բերել հերոսական Արցախին, միաժամանակ փորձ անելով վախեցնել նաեւ Հայաստանին: Լիովին անհասկանալի է, թե այդ երկրներն իրո՞ք չեն հասկանում, որ հերթը իրենցն է, քանզի Էրդողանը ցանկանում է ոչ միայն Ղարաբաղը հայաթափել, այլեւ այս պատերազմին համընթաց, նա զուգահեռաբար ցանկանում է փորձարկել նաեւ աշխարհի ահաբեկչական կառույցներին հավաքելու եւ շարունակելու ահաբեկչությունների շարքը հենց այդ թվարկածս երկրներում կամ դրանց մի մասում: Հիշում ենք, որ հենց նրանց կողմից էին ոչ վաղ անցյալում այս երկրների մի մասում իրականացված ահաբեկչությունները:
Կարդացեք նաև
Մի՞թե նրանք այսքան շուտ մոռացան իրենց երկրներում տեղի ունեցած ահաբեկչությունները եւ հետաքրքիր է, թե ո՞րն է նրանց նման հանգստության ու անտարբերության մոտիվացիան, որ հընթացս՝ ձեռքի հետ ուղղակի հայտարարում են՝ «կռիվ մի արեք, ավելի լավ է իրար հետ հաշտվեք», չնկատելու տալով իրավիճակի լրջությունը եւ քաղցկեղի նման դրա տարածման վտանգի լուրջ ու աներեւակայելի հետեւանքների ընթացքը: Կարծում եմ, եթե հանգամանքներն այնպես դասավորվեն, որ Թուրքիան Ղարաբաղում հաջողի իր ծրագրերի իրականացումը (որին ես չեմ հավատում), ապա վաղ թե ուշ Էրդողանը հստակ նպատակ կդնի զուգահեռաբար գործողության մեջ դնել պլան Բ-ն՝ ահաբեկչական այդ որջին եւ զուգահեռաբար հրավիրած բոլոր ահաբեկչական խմբերին, շատ օպերատիվորեն եւ բազմաթիվ ուղղություններով գործուղել տարբեր երկրներ, փորձելով իր դիրքերն ամրապնդել նաեւ հարավային Կովկասում:
Փաստացի, այս չափազանց ճակատագրական պահերին, երբ երկու կողմից էլ սարսափելի մեծ թվով զոհեր են գրանցվում (հայերի կողմից նաեւ անմեղ խաղաղ բնակիչներ), այդ երկրները շարունակում են իրենց անտարբեր պահելաձեւը եւ ոչ մի կոնկրետ քայլ չեն անում, որպեսզի նպաստեն դադարեցնելու 21-րդ դարի՝ չեմ վախենա ասել, մինչ այսօր եղած ամենավայրագ պատերազմը: Էլ ինչ լինի, որ աշխարհն ուղղակիորեն տեսնի, որ ՀԱՊԿ, ՆԱՏՕ եւ այլ նմանատիպ բազմաթիվ կառույցներն ընդամենը փուչիկներ են եւ փաստացի նրանք ստեղծվել են լիովին այլ նպատակների համար: Նվազագույնն անհասկանալի է, թե էլ ո՞ր դեպքում ՀԱՊԿ-ն պետք է անմիջապես ձեռք մեկնի նույն կազմակերպության անդամ Հայաստանին կամ ՆԱՏՕ-ն ուղղակիորեն փորձի զսպել Թուրքիային եւ ասի. եղբայր, դու այս կազմակերպության անդամ ես, որն ընդհանրապես այլ գործառույթներ ունի, էս ինչո՞վ ես զբաղված:
Մի՞թե Ռուսաստանը չի տեսնում Էրդողանի ակնհայտ ցանկությունն ու նպատակը, որ Արաբական երկրներում իրականացրած ագրեսիայից եւ անպատիժ մնալուց հետո, փորձելու է նույն սցենարը փորձարկել Հարավային Կովկասում, բնականաբար՝ փորձելով այդտեղից առաջին հերթին դուրս մղել հենց իրեն: Արդարության դեմ չմեղանչելու համար ասեմ, որ միայն Ֆրանսիան է փորձում ռեալ՝ գործնական եւ կոնկրետ առաջարկություններ անել պատերազմի դադարեցման եւ խաղաղ բանակցությունների միջոցով հարցը լուծելու ուղղությամբ, որը, ցավոք, մինչ այս պահը Էրդողանի եւ Ալիեւի համար չի դառնում ընդհանրական պահանջ ու կոնկրետ քայլ, որպեսզի նրանք զգոնանան եւ հասկանան, որ եթե րոպե առաջ չդադարեցնեն ռազմական գործողությունները, ապա պարտադրված գործ կունենան աշխարհի հետ: Իրականում, այդ երկրների կողմից միմիայն լղոզված հայտարարություններ են հնչում, Էրդողանի ու Ալիեւի կողմից էլ նույն կարգի լղոզված պատասխաններ են բարձրաձայնվում, իսկ ժամանակը հոսում է, իր հետ բերելով բազմաթիվ նոր զոհեր ու աներեւակայելի ավերածություններ:
Զարմանալին այն է, որ այդ երկրների մեծ մասը կարծես ընդունում է 20-րդ դարում Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ իրականացրած ցեղասպանության իրողությունը, սակայն հենց այսօր, օրը ցերեկով նրանց աչքի առջեւ նույն Թուրքիան ու Ադրբեջանն ուղղակիորեն եւ բացահայտ փորձում են հայերի նկատմամբ իրականացնել հերթական ցեղասպանությունը, իսկ իրենց կողմից՝ հայտարարություններից այն կողմ ոչ մի լուրջ քայլ չի ձեռնարկվում: Ցնցվում ես ու փորձում հասկանալ տարիներ շարունակ նրանց կողմից բարձրաձայնված հայտարարությունների իմաստը, թե պետք է ջանք չխնայել եւ փորձել ամեն կերպ պայքարել ցեղասպանությունների դեմ ու չպետք է երբեք թույլ տալ մարդկության դեմ նման նոր ոճիրների իրականացում: Իսկ իրականում այսօր ի՞նչ են անում իրենք…
Կյանքը եւս մեկ անգամ ապացուցեց, որ մեր հույսը պետք է դնենք միմիայն մեզ վրա եւ Տիրոջ կամոք ու օրհնությամբ անպայման կհաղթենք նաեւ այս վայրագ պատերազմում…
Փառք մեր նահատակներին, փառք մեր զինվորներին, փառք ողջ հայությանը…
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ
«Առավոտ» օրաթերթ
07.10.2020