Լրահոս
Օրվա լրահոսը

«Նման հարցադրումը, թե ինչու աշխատավարձ չենք փոխանցում, ուղղակի վիրավորական է»

Հոկտեմբեր 08,2020 13:00

Արեն Մկրտչյանը՝ Լեհաստանի պատգամավորի օրինակին հետեւելու ու աշխատավարձն Արցախին փոխանցելու մասին

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ առաջարկելով վերանայել ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի կալանավորման որոշումը: Ըստ նրա, 2-րդ խորհրդարանական խմբակցության ղեկավարը կալանավորված է, մինչդեռ պատերազմական այս ծանր օրերին մեր թիկունքը պետք է ամուր լինի: Մարուքյանը գտնում է, որ Ծառուկյանը մեծ ռեսուրսների է տիրապետում, միջազգային կապերով կարող է բոլորի պես իր ներդրումն ունենալ թիկունքի ամրացման եւ այլ աշխատանքներում:

Երբ իմքայլական պատգամավորներից, մասնավորապես, Արեն Մկրտչյանից հետաքրքրվեցինք՝ կո՞ղմ է, որ Ծառուկյանի կալանքի որոշումը փոխվի, նա պատասխանեց. «Ես այդ մասով մեկնաբանություն չունեմ, որովհետեւ այդ մասին մտածելու ժամանակ չունեմ եւ կարծում եմ՝ հիմա այդ պահը չէ դրա մասին խոսելու: Հիմա շատ կարեւոր գործեր կան, որ պետք է անենք»: Ինչ վերաբերում է «Լուսավոր Հայաստանի» հիմնավորմանը, որ Ծառուկյանը կարող է օգտակար լինել, միջոցներ, կապեր ունի՝ Արեն Մկրտչյանն ասաց. «Լուսավոր Հայաստանը» թող ինքը իր առաջ քաշած հարցի պատասխանը տա, ես չեմ պատրաստվում պատասխանել, միեւնույն ժամանակ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմադիր գործընկերներին, որոնք ողջամտություն դրսեւորեցին ու միահամուռ կերպով մեկ միասնական մարմին ու բռունցք դարձանք այս օրհասական պահին: Իհարկե, մանր-մունր մետաստազներ կան տարբեր անհատների եւ խմբակների կողմից, բայց դրանով ԱԱԾ-ն զբաղվում է եւ կզբաղվի հետագայում»:

Մենք ճշտեցինք, թե կոնկրետ ո՞ւմ նկատի ունի, այն էլ՝ այս օրերին, նա պատասխանեց. «Նկատել եմ առանձին անհատների կողմից հայտարարություններ, որոնք ՀՀ շահերին առնվազն խիստ դեմ են»:

Լեհաստանի խորհրդարանի պատգամավոր Մարթա Կուբյակը հայտնել էր, որ իր մեկ ամսվա աշխատավարձը կուղղի ղարաբաղյան հակամարտության գոտում հարձակման ենթարկված անձանց համար առաջին անհրաժեշտության իրեր գնելուն: Սա սոցցանցերում տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք էր տվել առ այն, թե բա՝ ի՞նչ են անում իրենց աշխատավարձը մեր խորհրդարանի պատգամավորները, ինչո՞ւ իրենք էլ նման քայլի չեն դիմում, թեեւ առանձին պատգամավորներ արդեն իսկ հայտարարել էին, որ աշխատավարձը փոխանցում են «Հայաստան» համահայկական հիմնադրամին, բանակի համար ստեղծված հաշվեհամարին:

Արեն Մկրտչյանը պատասխանեց. «Շատ վիրավորական հարցադրումներ են դրանք: Մենք այս օրերին մեծ ծավալի աշխատանք ենք տանում, բայց չենք հրապարակում: Քանի որ հնչել է նման հարց, ես մի քանի գործողություն, առանց չակերտները բացելու, կնշեմ: Երկար ու ծավալուն աշխատանքի արդյունքում կարծես ստացվում է առաջնագիծ հասցնել միջոցներ, որոնք մեր զինվորների եւ կամավորների կյանքի եւ առողջության համար կարեւոր նշանակություն ունեն: Ինչ են դրանք, որտեղից են, ինչ ճանապարհով եւ ինչ քանակի՝ չեմ հրապարակի, ռազմական գաղտնիքի մասին է խոսքը, բայց շուտով առաջնագծում կլինեն միջոցներ, որոնք կարեւոր են դաշտային մարտերի համար: Անձամբ ես իմ կապերով շուրջ 150 մլն դրամ գումար եմ հավաքել, որն ամբողջությամբ փոխանցված է «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Այս օրերին կապ ենք հաստատել այլ երկրների խորհրդարանների պատգամավորների՝ մեր գործընկերների հետ եւ ներկայացրել ենք օբյեկտիվ իրավիճակը, եղել են բազմաթիվ պաշտոնական հայտարարություններ՝ ի շահ Հայաստանի Հանրապետության եւ այստեղ բնականաբար, մեր խորհրդարանի առաջամարտիկը արտաքին թեւի ներկայացուցիչներն են՝ մեր Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ: Տեղեկատվական պատերազմում մենք էլի շատ հաջողություններ ունենք, միջազգային լրատվականներին անընդհատ հարցազրույցներ ենք տալիս ու իրավիճակը ներկայացնում մեր տեսանկյունից: Ներքին դաշտում փորձում ենք մեր հարթակնրով տարածել պաշտոնական հաղորդագրություններ ու անգամ հաճելի ստերը հերքել: Անգամ ականջահաճո, բայց կեղծ տեղեկատվությունները ռիսկեր են առաջացնում հանրության կողմից մեր պետական պատասխանատու գերատեսչություների, մասնավորապես՝ մամուլի ծառայություների նկատմամբ աննախադեպ վստահությունը խարխլելու: Մենք աշխատում ենք ու նման հարցադրումը, թե ինչու աշխատավարձ չենք փոխանցում, ուղղակի վիրավորական է»:

Միջազգային հանրության հայտարարություններին անդրադառնալով՝ Արեն Մկրտչյանն ասաց. «Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմում Թուրքիայի միջամտության մասով տարատեսակ մեկնաբանություններ են եղել, կարեւորն այն է, որ հաստատվել է այդ փաստն ու Թուրքիայի ներգրավվածությունը մարտերին, հաստատվել է այն փաստը, որ Սիրիայից վարձկաններ են բերվել, ընդ որում, դա հաստատվել է Ֆրանսիայի նախագահի, ԱՄՆ պետքարտուղարության մակարդակով: Դիվանագիտական դաշտում ու արտաքին թեւում մենք տպավորիչ հաղթանակներ ունենք եւ դա ակնհայտ է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.10.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031