Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված ասուլիսին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ, հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը ներողություն խնդրեց բոլոր զինծառայողների ծնողներից որոշ անճշտությունների և սխալմունքների համար: Այս առիթով նա պարզաբանեց. «ՊՆ-ն, Արցախի իշխանությունն ամեն ինչ անում է, որ ամեն օր պարզաբանված և հնարավորինս ցուցական տվյալները լինեն: Պատերազմ է, արհավիրք է, որը շատ է դժվարացնում հստակությունը նման տվյալները ճիշտ, ժամանակին և անսխալական հասցնել: Լինում են նաև այդ առումով սխալներ: Դրա համար հաճախ չենք շտապում: Հասկանալի է՝ շատ տեղերում հեռախոսակապ չկա, դժվար է հստակեցում մտցնել, ակտիվ մարտական գործողությունների ընթացքում հրամանատարը չի էլ հասցնում միանգամից իր կորուստներն ամփոփել: Ամեն րոպե իր գլխին արկեր են ընկնում, և ինքը խնդիր է կատարում: Սա այլ պատերազմ է, նման չէ ո′չ 1994-ին, ո′չ ապրիլյան պատերազմին: Դրա համար ըմբռնումով մոտեցեք, ներողություն ենք խնդրում, մենք գլուխ ենք խոնարհում մեր բոլոր կորուստների առաջ: Ամեն օր մեծ խմբեր են այս ուղղությամբ աշխատում թե′ մահացածների, թե′ անհետ կորածների, թե′ անունների, որ ուղղակի այդ մարդիկ մարտական գործողությունների մեջ են: Այսօր ունեցանք 19 զինծառայողներ, ճիշտ է՝ կորուստների մեջ իրենք չկային, բայց մեզ համար իրենք անհետ կորած էին, և իրենք հայտնվեցին: Չկա պատերազմ, որի ժամանակ չի եղել նման բան: Ամեն ինչ անում ենք, որ հնարավորինս արագ դուք ինֆորմացվեք»:
Արտասահմանցի լրագրողներն էլ հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ թույլ չեն տալիս իրենց շփվել վիրավորների հետ: Այս առիթով Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Այս առումով մենք ունենք վատ փորձ: Բժիշկներն ասում են, որ դա խանգարում է իրենց, հատկապես այն պատճառով, որ հիմնականում վիրավորները բեկորային վնասվածքներով են լինում: Մեր վիրավորների համար նաև քաղաքացիական հիվանդանոցներն ենք օգտագործում: Վիրավորների հոսքն անընդհատ է, ուստի որպեսզի դա չխանգարի բժիշկներին, որոշել ենք թույլ չտալ շփումը վիրավորների հետ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ