«Ռուսաստանը կարող էր շատ ավելի լավ կատարել իր դաշնակցային պայմանագրային պարտավորությունները, նախ չզիներ Ադրբեջանին: Երեկ ինձնից 100մ հեռավորության վրա ընկել է հակառակորդի կողմից արձակված ռուսական Սմերչի հրթիռ: Ստեփանակերտում բազմաթիվ տեղեր տեսնում ենք Սմերչի հրթիռի մնացորդներ, ռուսական հրետանային միջոցների արկեր: Ռուսաստանը պետք է ժամանակին չզիներ Ադրբեջանին, որովհետեւ ինչքան էլ հիմա Բելառուսի, Իսրայելի ու Թուրքիայի գործողությունները չլինեն խնդրահարույց, Ադրբեջանի հիմնական սպառազինությունը ռուսական է: Ադրբեջանի տանկերն ամբողջությամբ ռուսական են, փողային հրետանին, համազարկային կրակի համակարգերը, հարվածային ավիացիան համարյա ամբողջությամբ ռուսական են»,- նման կարծիք հայտնեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Պուտինի հայտարարությանը, թե ՌԴ-ն կկատարի իր դաշնակցային պարտավորությունները ՀՀ նկատմամբ:
Ըստ մեր զրուցակցի՝ Ադրբեջանին մատակարարված ռուսական որոշակի զինատեսակների պատճառով հայկական կողմից որոշակի գործողությունների խափանում է եղել, ինչը չէր լինի, եթե Ռուսաստանն այդքան չսպառազիներ Ադրբեջանին. «Այս դեպքի հետ կապված ուղղությունն ու մանրամասները հասկանալի պատճառներով չեմ ուզում ասել, բայց երբ ռազմական գործողություններն ավարտվեն, կբարձրաձայնենք, թե հայկական զինուժի որ օպերացիայի մասին է խոսքը եւ կոնկրետ ինչը ինչպես ու ինչի արդյունքում չստացվեց»:
Մեր զրուցակցի խոսքով, ահաբեկիչների ուղարկումը Արցախի դեմ շատ մտահոգիչ է, մտահոգիչ է նաեւ թուրքական անմիջական օդուժի մասնակցությունը ռազմական գործողություններին, բայց. «Ես իրատեսական չեմ համարում այդ բանակցությունները, ինչի շուրջ բանակցենք: Այո՛, Հայաստանը միշտ էլ պատրաստ է բանակցել, բայց Ադրբեջանը պատրաստ չէ բանակցել, Ադրբեջանը ցանկանում է հարցը ուժային ճանապարհով լուծել, ու հիմա այն պահն է, որ ազգովի ցույց պետք է տանք, որ ուժային ճանապարհով չի լուծվելու այս հարցը, որ Ադրբեջանը երկար ժամանակով մոռանա ուժային ճանապարհով հարց լուծելու սցենարը: Այ, երբ մի լավ ջարդ ուտեն ու մոռանան ուժային ճանապարհով հարց լուծելու սցենարը, այդ ժամանակ լավ էլ պատրաստ կլինեն բանակցել ու զիջումների գնալ:
Ես հուսով եմ, որ միջազգային ճնշումը կդադարեցնի ռազմական գործողությունները, բայց քանի դեռ ռազմական գործողությունները չեն դադարել, հայկական կողմը մաքսիմալ ռազմական հաջողությունների պետք է հասնի, որ հետագայում կանխի ռազմական գործողությունները»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ