Լրահոս
Օրվա լրահոսը

13-ամյա Դավիթը հոր սպիտակ 07-ով Ստեփանակերտից ընտանիքը տեղափոխել է Հայաստան

Հոկտեմբեր 07,2020 23:32

«Ղարաբաղցիք լյոխ փոքրուց ավտո՞ են քշում»,-այսպես արձագանքեցի, երբ իմացա, որ 13-ամյա Դավիթը հոր սպիտակ 07-ով ընտանիքը Ստեփանակերտից տեղափոխել է Սյունիքի մարզ։ Դավիթից ընդամենը մեկ տարի մեծ Վահեն էր վերջերս Արցախից 250 կիլոմետր մեքենան վարել ու ընտանիքին հասցրել Հայաստան։
Դավիթի հետ ծանոթացա Գորիսում, որտեղ մոր եւ հորեղբոր կնոջ հետ կամավորություն էր անում։

Երբ ադրբեջանա-թուրքական զորքերը սկսել են հրետակոծել Ստեփանակերտը, Դավիթի ընտանիքը պաստպարվել է ապաստարանում, այստեղ մի քանի օր են ապրել, բայց քանի որ ընտանիքում նորածին ու փոքր երեխաներ կան, հայրը որոշել էր ապաստարանից բոլորին արագ տեղափոխել Հայաստան։ Երկու ընտանիք պետք է տեղափոխվեր, կար երկու մեքենա, երկու վարորդ, որից մեկն՝ անչափահաս։ Դավիթն էր։ Հենց նա էլ 07-ն է վարել։ Համեստություն է անում, քիչ է խոսում, ասում է՝ հերոսություն չէ մեքենա վարելը, ինքը 7 տարեկանից է վարում։ Թե ոտքն ինչպես էր հասնում «պեդալին» իմ հարցին Դավիթը ծիծաղելով պատասխանում է․«Իջնում էի գազը սեղմում, բարձրանում, նայում»։ Հետո մայրն է հումոր անում՝ ոտքը մի կերպ հասնում էր, գլուխը չէր երեւում։

Ամբողջ ճանապարհին Դավիթը շատ լարված է վարել, պատասխանատու գործ էր, իր մեքենայում յոթ օրական երեխա կար։ Համ էլ ճանապարհին բոլորը շատ արագ էին վարում, շտապում էին Հայաստան հասցնել Արցախի հրետակոծությունից փրկված ընտանիքներին, եղանակն էլ լավը չէր՝ անձրեւ ու մառախլապատ էր։ Դավիթը պատմում է, որ նույնիսկ ճանապարհին մահացու ելքով ավտովթարի է ականատես եղել։

Հետո ճանապարհի կեսից հոր հետ մեքենաները փոխել են, ինքը նստել է հոր վարած Մերսեդեսը։ Ճանապարհային ոստիկանները չեն էլ խոչընդոտել, հասկանում էին։ Հասել են Սյունիքի մարզի Հարթաշեն։ Այստեղ հայրը այս երկու ընտանիքներին թողել է ազգականի տանն ու ինքը վերադարձել ռազմաճակատ։ Հիմա սպիտակ 07-ը Հարթաշենում է, Դավիթն այս նույն մեքենայով ընտանիքին վերադարձնելու է Ստեփանակերտ։

Մարգարիտա Բաղդասարյանը Դավիթի հորեղբոր կինն է, միասին են եկել Սյունիք։ Տիկին Մարգարիտայի տղան, ամուսինը, եղբայրներն Արցախում են, առաջնագծում են կռվում։ Ասում է՝ ինքն էլ եկել կամավորությամբ նրանց թիկունքն է պահում․«Մենք էլ մի բանով իրենց օգնենք, մեզ լավ զգանք»։ Հետո արտասվելով՝ խաղաղությունից է խոսում․«Ուզում եմ պատերազմը շուտ ավարտվի, աշխարհքին խաղաղություն լինի»։

 

Դավիթի մայրը՝Արեւիկ Ավանեսյանը շատ վստահ է՝ մենք հաղթելու ենք, ասում է՝ հիմքեր ունի պնդելու․«Բա մեր տղաներն ուժեղ են»։ Պատմում է, որ Հարթաշենում ազգականի ընտանիքում տեղավորվելուց հետո տան տղամարդն էլ է մեկնել ճակատ, կամավորագրվել է, սկզբում մերժել են, լուրջ պատճառներ կային, բայց այս տղամարդն այնքան է պնդել, որ վերջը՝ «ղըրգալ են ֆռոնտ»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gohar says:

    Ըստ տարիքների Սողոմոնը, Դավիթը, Վահեն ․․․ Նրա՛նք էլ պատերազմի Հերոսներ են ։ Դեռ կգրվեն ,կանդրադառնան նրանց, պատերազմը վերջանալուց հետո։ Ճանապարհի անցումը խաղաղ չի եղել։ Կռիվ է։
    Ապրեն բոլորը։ Վստահ եմ , որ շարքը երկարելու է։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031