ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այս ընթացքում առերեսվել է ընտրակաշառքի գործով, սակայն ո՞ւմ հետ է եղել առերեսումը եւ ի՞նչ զրույց է ընթացել, պաշտպանական խումբը դեռ չի բարձրաձայնում:
Հիշեցնենք, Գագիկ Ծառուկյանը կալանքի տակ է սեպտեմբերի 25-ից եւ մեղադրվում է 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալը կազմակերպելու մեջ: Ծառուկյանն իրեն մեղավոր չի ճանաչել եւ բազմիցս հայտարարել է, որ քաղաքական հետապնդման զոհ է դարձել կառավարության հրաժարականը պահանջելու համար։ Այսօր էլ ՀՀ վերաքննիչ դատարանը ուշի մեջ թողեց Գագիկ Ծառուկյանի կալանքի մասով առաջին ատյանի դատարանի որոշումը:
Այդ քրեական գործով 20-ից ավելի մեղադրյալներ կան, բայց կալանավորման որոշում միայն Գագիկ Ծառուկյանի մասով է կայացվել: Մինչդեռ, նման մեղադրանքի դեպքում, ըստ պաշտպանների, ընդամենը տուգանքներ են սահմանված: Լրագրողների հետ զրույցում, պաշտպանները ահազանգում են, որ դեռ չեն ստացել պատասխաններ, թե ինչպե՞ս է վարչապետի խոսնակը հայտարարում քրեական գործի մասին, որից հետո միայն գործ է հարուցվում, թե ինչպե՞ս է լինում, որ իշխանության ներկայացուցիչների ձեռքին նախաքննական ցուցմունքներ են հայտնվում:
«Վերաքննիչ դատարանը այս պահին որոշում կայացրեց, հետագայում կպարզվի, թե ովքեր էին որոշել իր փոխարեն»,- ասաց Երեմ Սարգսյանը՝ հավելելով, որ այս գործով իրավաբանություն չկա:
Կարդացեք նաև
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կիսում է պաշտպաններ կարծիքը, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Նա հույս ուներ, որ ստեղծված իրավիճակում, դատարանը բացառապես իրավական որոշում կկայացնի, բայց իրեն այսօր անհույս լավատես համարեց: «Ցավում եմ, որ նույնիսկ այսօր մարդիկ չկարողացան վեր կանգնել անձնական հաշվեհարդարներից»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ այսօր ավելի կոշտ գնահատականների եւ ծանր հարցեր տալու ժամանակը չէ: Այդ ամենն ավելի ուշ կանեն: Նա համամիտ է փաստաբանների հետ, որ այս դատական ինստիտուտը կարելի է համարել մեռած:
Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանն էլ ներկայացրեց այն նվիրատվությունները եւ բարեգործական ձեռնարկները, որոնք այս ընթացքում իրականացվել են Գագիկ Ծառուկյանի ընտանիքի կողմից: Նաեւ տեղեկացրեց, որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Մադաթյանն առաջնագծում է՝ զենքը ձեռքին: Բայց, ըստ նրա, այսօր խնդիրն այն էր, որ Գագիկ Ծառուկյանի կալանքի տակ պահելով, իշխանությունը խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցության աշխատանքներին է խոչընդոտում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ