«Մեր զինված ուժերն այս պահին մարտական գործողությունները վարում են և հաղթանակ տանում են կոնկրետ միայնակ՝ հենվելով միայն մեր զինված ուժերի և մեր ժողովրդի բարձր մարտավարական և մոբիլիզացիոն բացարձակ ցուցանիշների վրա»,-արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների փաստմանը՝ Ադրբեջանին օգնում է Թուրքիան և հարցին՝ իսկ ո՞վ է օգնում Ղարաբաղին, քիչ առաջ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված ասուլիսին այսպես արձագանքեց ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ, հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա հայտարարեց՝ ընդամենը 48 ժամվա ընթացքում տասնյակ հազարավոր մեր քաղաքացիներ, կամավոր, չնայելով իրենց տարիքին, կազմավորագրվել են, նոր զորամասեր, ստորաբաժանումներ են կազմել և մարտի նետվել:
Խոսելով դաշնակիցների մասին՝ Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Այո, մենք ունենք դաշնակիցներ, բայց մեր դաշնակիցները կոնկրետ մեր կողքին մարտադաշտում չեն, որովհետև մենք դրա կարիքը չունենք, մենք ինքնուրույն մեր մարտական գործողությունները վարում ենք և հաղթանակ տանում ենք»:
Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ այս պահին էլ, գիշերային մութ ժամերին էլ համառ մարտերը շարունակվում են: Նա մանրամասնեց. «Արցախի քաղաքները` մայրաքաղաքը, Շուշին, Հադրութը ենթարկվում են ադրբեջանական զինված ուժերի հրետակոծությունների և հրթիռակոծությունների: Ողջ օրվա ընթացքում ամբողջ սահմանի երկայնքով՝ հատկապես հարավային ուղղությամբ, համառ և դժվարին մարտեր են ընթացել: Այս պահին էլ շարունակվում են»:
Կարդացեք նաև
Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ հակառակորդը հրթիռահրետանային հուժկու հարվածները մեր զինված ուժերը հետ են շպրտել: Հակառակորդը զգալի թվով տեխնիկա է կորցել: Շատերը չենք էլ հրապարակում, որոշները հրապարակեցինք, որտեղ երևում է՝ ինչպես է հակառակորդի շարասյունը գլխովին ջախջախվում և փախուստի դիմում:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ