Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂ խնդրին կրոնական երանգավորում տալը սադրանք է. Ամենայն Հայոց կաթողիկոս

Հոկտեմբեր 07,2020 22:22

ԷՋՄԻԱԾԻՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը բացառիկ հարցազրույց է տվել «Արմենպրես» լրատվական գործակալությանը:

– Վեհափառ Հայրապետ, Հայոց եկեղեցին, հայ ժողովուրդը և իսլամ դավանող ժողովուրդները դարեր շարունակ ապրել են կողք կողքի՝ մշտապես ունենալով բարիդրացիական հարաբերություններ: Թեժացնելով կրքերը՝ շատերը փորձում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ներկայացնել որպես «կրոնների պատերազմ»: Արդյոք ճի՞շտ է հակամարտությունը քրիստոնեություն-իսլամ հարաբերությունների կոնտեքստում դիտարկելը։

-Պատմական հանգամանքների բերումով միջնադարից սկսած և հատկապես Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունից հետո հայ ժողովուրդը սփռվեց ողջ աշխարհով մեկ։ Ցեղասպանությունից փրկված հայ ժողովրդի զավակներին եղբայրական ձեռք մեկնեցին ու ապաստան տրամադրեցին նաև բազմաթիվ մուսուլմանական երկրներ, որտեղ մինչ օրս էլ կան հայկական համայնքներ: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին թեմեր ու ծուխեր ունի շուրջ մեկ տասնյակ մուսուլման երկրներում, որտեղ մեր ազգի զավակները ապրում են որպես այդ երկրների օրինակելի քաղաքացիներ` իրենց նպաստը բերելով այդ պետությունների զարգացմանն ու շենացմանը, վայելելով տեղի իշխանությունների բարյացակամ վերաբերմունքը: Հայոց Եկեղեցին շարունակում է երկխոսությունը միջկրոնական ամենատարբեր հարթակներում՝ հանուն մարդկության բարօր ու խաղաղ կյանքի: Դրա մասին են վկայում իսլամական աշխարհի առաջնորդների այցելությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Մեր կողմից փոխադարձ այցելությունները: Արցախյան հակամարտության առաջին իսկ օրերից Ռուսաց Եկեղեցու պատրիարքների միջնորդությամբ ձևավորվեց եռակողմ հանդիպումների հարթակը` Կովկասի մուսուլմանների հոգևոր առաջնորդի և Ամենայն Հայոց Կաթողիկոսների մասնակցությամբ: Այս հանդիպումներում բազմիցս շեշտվել է, որ ղարաբաղյան հակամարտությունը չունի կրոնական հիմք, ընդգծվել նաև մեր տարածաշրջանում քրիստոնյա և մուսուլման ժողովուրդների խաղաղ համակեցության և փոխըմբռնման անհրաժեշտությունը: Այս օրերին, երբ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողություններին զոհ են գնում բազում խաղաղ բնակիչներ, ռմբակոծվում են բնակավայրեր և մեր ժողովրդի քաջարի զավակներ սեփական կյանքով պաշտպանում են իրենց ազատ ու անկախ կյանքի իրավունքը, հաճախ ականատեսն ենք դառնում անգամ Ադրբեջանի նախագահի մակարդակով փորձերի՝ վերստին կրոնական երանգավորում տալու ղարաբաղյան հակամարտությանը, ինչը պարզապես սադրանք է, որը, ցավոք, կարող է հանգեցնել սարսափելի հետևանքների։

– Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի ժողովրդին ուղղված իր պաշտոնական խոսքի մեջ նշեց, որ ադրբեջանցիները դարերով ապրել են Ղարաբաղում, և հիմա այնտեղ ադրբեջանցիների ստեղծած մշակութային, պատմական ու կրոնական արժեքները և հուշարձանները ոչնչացված են:

– Ադրբեջանի նախագահի այս հերթական հայտարարությունը չի համապատասխանում ճշմարտությանը։ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում մուսուլմանական հուշարձանները միշտ էլ եղել են պետության հատուկ խնամքի ներքո: Ասվածի ցայտուն օրինակ են ՀՀ-ում` Արգավանդ գյուղում գտնվող թուրքմենական Կարա-կոյունլու ցեղի ամիրայի հոր` Ամիր Սաադի դամբարանը, Երևանում գործող 18-րդ դարի հայտնի Կապույտ մզկիթը: Անցնող տարիներին Արցախի կառավարությունն անհրաժեշտ միջոցներ է տրամադրել Շուշիում, Աղդամում, ինչպես նաև Արցախի այլ շրջաններում մզկիթների և մուսուլմանական հուշարձանների պահպանման և վերականգնման նպատակով: Մինչդեռ Ադրբեջանում, ի մասնավորի Նախիջևանում զինվորականների կողմից հայ քրիստոնեական մշակույթի արժեքավոր նմուշներ, տասնյակ հազարավոր բազմադարյա խաչքարեր ու դամբարաններ են ոչնչացվել: Աշխարհը գիտի ոչնչացման այս փաստի մասին հրապարակված նյութերից։ Մեր ժողովուրդը միշտ էլ հարգանքով է մոտեցել այլ կրոնների, այս պարագային իսլամական կրոնամշակութային արժեքներին: Այս մասին կարող են վկայել տարբեր երկրներում բնակվող ժողովուրդները, որոնց հետ կողք կողքի ապրում են մեր ազգի զավակները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031