Լրահոս
Օրվա լրահոսը

«Գաղտնի» պահեստը, «ղոչաղ» աղջիկներն ու ռազմաճակատի սնիկերսները

Հոկտեմբեր 07,2020 21:15

Գորիսում մեծամասամբ անչափահասներից կազմված կամավորական խումբն առավոտից երեկո մեղվի պես աշխատում է։ Երեխաները մեկը մյուսից լսելով, որ իրենց աջակցության կարիքը կա, եկել ու կամավորագրվել են։ Այստեղ նրանք տեսակավորում են Արցախից Սյունիքի մարզ տեղափոխված ընտանիքների համար առաջին անհրաժեշտության պարագաները, սնունդը։ Ամեն ինչ հատ-հատ դասավորում են, առանձնացնում ու տեղավորում արկղերում, փաթեթավորում, մեջն էլ գորիսեցի երեխաների գրած նամակները դնում․ ասում են՝ «դուխ են» տալիս։  Հետո այդ արկղերը գնում են ըստ հասցեների։ Այս պահեստ նույնիսկ տատիկներն են իրենց պատրաստած պահածոներն ու կոմպոտները բերել, գիտեն՝ հաստատ տեղ է հասնելու։

Այստեղ նկարահանումը պետք է զգույշ կատարվի, անգամ երեխաներն են մեզ զգուշացնում՝ էնպես չանեք, որ մեր տեղն իմանան։ Նույնիսկ զգուշացնում են․ «Ռազմական դրություն է, մենք կարեւոր ու գաղտնի տեղում ենք աշխատում»։

Հատկապես ոգեւորված են աղջիկները, նրանց ղարաբաղցիք «ղոչաղ» են ասում․ ժրաջան մեղուների պես են աշխատում։ Երբեմն, ընդմիջում էլ չեն անում, քաղցրավենիքների հոտից էլ երեխաները չեն գայթակղվում։ Հարցնում եմ՝ չե՞ք օգտվում այս անուշաբույր քաղցրեղենից։ «Չէ, ոչ մի դեպքում»,-ասում են երեխաները։

14-ամյա Միլլանան ասում է՝ դպրոցից տուն էր գնում, նկատել է, որ այս շենքի մոտ շատ մարդիկ են հավաքված, որոշել է պարզել՝ ինչ է կատարվում․ «Ասի՝ մտնեմ, տեսնեմ ինչ են անում։ Տեսա, որ աշխատանքը  շատ է, եւ կամավոր չկա, եկա, ծանոթներս էլ իմացան, որ ես այստեղ եմ գալիս, թե՛ իմ ընկերները, թե՛ ծանոթները միացան»։

Միլլանան այստեղ է բերել նաեւ Ստեփանակերտից Գորիս տեղափոխված քույրիկին, նա էլ է կամավոր։

Աղջիկները զինվորների համար հատկապես «սնիկերսներն» են առանձնացում ու պարտադիր մի գրություն գրում։ Միլլանան իր հեռախոսի համարն է գրել, չգիտի՝ «սնիկերսն» ում է հասել, բայց դեռ զանգ կամ հաղորդագրություն ռազմաճակատից  չի ստացել։  «Սիրով սպասում եմ»,-ասում է Միլլանան։

Մանրամասները՝ տեսանյութում

Կամավորությունը դասերին չի խանգարում․ գործից հետո դասերն են պատրաստում, հիմա հեռավար է նրանց ուսուցումը։ Լիլիթն ասում է՝ հաճույքով է այստեղ աշխատում, զինվորների եւ արցախցիների համար է։ Հաճախ ընդմիջում էլ չեն անում, բայց չէն էլ տրտնջում։ Հոգնում են, բայց ոչինչ, ասում են՝ օգտակար գործ են անում։

Մանրամասները՝ տեսանյութում

Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանն էլ ծանր գործերից մեկն է անում՝ կազմակերպչական, այստեղ բերված օգնությունը մուտքագրում են, ելքագրում,  հետո ուղղորդում է, որը՝ որտեղ ուղարկել, ապա կամավորները հատ-հատ բարձում են մեքենան։

Տիկին Իրինան պատմում է, որ Սյունիքում հյուրընկալած արցախցի ընտանիքների կարիքներն ամբողջությամբ բավարարում են, ոչ մի բան պակաս չկա, իրենց նախապես տեղեկացնում են, թե ինչ է պետք, արագ այդ հարցն էլ են լուծում։

Ասում է՝ հենց որ բեռներ են գալիս, երեխաները մեկ մարդու պես շարք են կազմում, սկսում բեռները դատարկել։ Կամավոր երեխաների պատասխանատվության մասին է պատմում, ասում է՝ անգամ ջուրը այս պահեստից չեն վերցնում։

Գորիսի քաղաքապետն էլ է մեկնել ռազմաճակատ։ Կատակով հարցնում եմ․ «Բա պեչատը հետը տարե՞լ է»։ «Չէ»,-պատասխանում է տիկին Իրինան։ Դե համայանքապետարանում շատ գործ կա, ասում է՝ Գորիսը Արցախին սահմանակից է, Արցախից եկած ընտանիքների կացարանի հարցն են լուծում։

«Սյունիքը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի, այստեղի ժողովրդի ոգին էլ բոլորը պատմությունից լավ գիտեն․ առաջին օրը զանգահարել ենք երիտասարդներին, որպեսզի մասնակցություն ունենան այս գործին, դրանից հետո ինքնակազմակերպվել են։ Ամեն օր գալիս են, աշխատում են մինչեւ գիշերը ժամը երեքը-չորսը, գրեթե կիսաքուն աշխատում են, նույնիսկ այդ վիճակում, հենց մեքենաները տեղ են հասնում, ոտքի են կանգնում, որ բեռնաթափեն։ Շատ պատասխանատու են աշխատում, ամեն ինչ անում են, որ այստեղ եկած յուրաքանչյուր կոնֆետը տեղ հասնի»,-ասում է տիկին Իրինան։ Նա ասում է՝ հատուկ ժամ են սահմանել, արցախցիները գալիս են պահեստ, ստանում իրենց համար առանձնացված արկղերը։

Այս պահեստը մեղվի փեթակ է հիշեցնում․բոլորն ամեն վայրկյան զբաղված են, շատերն ընկերացել են, երիտասարդ տղաներն աղջիկների հետ են ծանոթանում, իրար օգնում, կատակներ անում, եւ ինչպես աղջիկներ են ասում․«Խոխմա ենք բռնում տղերքի վրա, բա հո մենակ գործ չենք անելու»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031