Լրահոս
Օրվա լրահոսը

Հասկանալով ուրիշին՝ օգնում ես քեզ․ էմպաթիան՝ մարդու կյանքը բարելավող կարևոր գործոն

Հոկտեմբեր 07,2020 22:00

Այսօր, երբ առավել քան երբևէ ակնառու է, թե ինչպիսի կործանարար դեր ունի անտարբերությունը մարդկության կյանքում, ավելի կարևոր է դառնում մարդու մեջ էմպաթիայի զարգացման անհրաժեշտությունը։
Հոգեբանական այդ վիճակին էլ անդրադարձել ենք Aravot.am-ի «Ֆեմինի» նախագծի շրջանակներում։

Էմպաթիան անձի՝ ուրիշի հոգեվիճակը, նրա զգացմունքներն ու մտածելակերպը հասկանալու, նրա հետ ապրումակցելու, կարեկցանքի ընդունակությունն է, որը, չափազանց կարևոր դեր ունենալով մարդկային փոխհարաբերություններում, կարող է մեծ օգուտ բերել հասարակությանը։
Մի հետազոտությամբ պարզվել է, որ էմպաթիան օգնում է նվազեցնել սթրեսի մակարդակն այն ուսանող-բժիշկների շրջանում, որոնք հաճախակի են զգացմուքնային շփումներ ունենում պացիենտների հետ։

Շատ ուսումնասիրություններ կան, որոնք փաստում են, որ էմպաթիան՝ կարեկցանքը մարդու մեջ նյարդաբանական խորը արմատներ ունի:
Առաջին ապացույցներից մեկը, որ էմպաթիան բնածին հատկություն է, հայտնվել է 1848 թ․-ին, երբ երկաթգծի շինարարությանը մասնակցող աշխատակիցներից մեկը՝ Ֆինեաս Գեյջը վթարի էր ենթարկվել, որի ընթացքում երկաթե ձողն անցել էր տղամարդու գանգի միջով:
Նրա կյանքը հաջողվել էր փրկել, սակայն նկատելի փոփոխությունների էր ենթարկվել Ֆինեաս Գեյջի բնավորությունը։ Վթարից հետո նրա ընտանիքը, ընկերներն ու բժիշկները փաստում էին՝ տղամարդը չափազանց կոպիտ ու անտարբեր է դարձել մարդկանց նկատմամբ։

Գեյջի վթարից հետո «էմպաթիա» եզրի մասին դեռ երկար չխոսվեց, սակայն այն, ինչ կորցրել էր տղամարդը վթարից հետո, կարեկցելու, ապրումակցելու ունակությունն էր։

էմպաթիայի առաջին սահմանումներից մեկը տրվեց 1905 թ․-ին Զիգմունդ Ֆրեյդի կողմից․ «Մենք, հաշվի առնելով պացիենտի հոգեկան վիճակը, ինքներս մեզ դնում ենք այդ վիճակի մեջ և փորձում հասկանալ նրան՝ համեմատելով մեր վիճակի հետ»։

1994 թ․-ին հետազոտողներն ուսումնասիրեցին Ֆինեաս Գեյջի գանգում կատարված փոփոխություններն ու օգտագործելով նեյրովիզուալիզացիայի ժամանակակից մեթոդները՝ փորձեցին պարզել, թե դժբախտ պատահարն ինչպիսի ազդեցություն է գործել Գեյջի գանգուղեղի վրա։ Պարզվեց, որ վթարի հետևանքով փոփոխություններ են կատարվել տղամարդու գլխուղեղի այն հատվածներում, որոնք մասնակցում են կարեկցանքի առաջացման գործընթացին։

Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր, կլինիկական հոգեբան Սայմոն Բարոն-Քոենն իր «Էմպաթիայի զրո աստիճան» գրքում նկարագրում է էմպաթիայի նյարդաբանական հիմունքները՝ բացահայտելով, թե ինչպես է մեր գլխուղեղն օգնում մեզ հոգ տանել մյուսների մասին։ Պարզվում է՝ գլխուղեղն ակտիվ մասնակցություն ունի սոցիալական ճանաչողության, այլոց զգացմունքները տարբերակելու, ուրիշների ցավը զգալու գործընթացում։

Իսկ Psychology Today-ի կարծիքով մարդիկ նաև օժտված են «հայելային նեյրոններով», որոնք «արձագանքում է ուրիշների զգացմունքներին, այնուհետև վերարտադրում դրանք»։ Հայելային նեյրոնների ընկալիչների պակասով է բացատրվում նարցիսիզմը, նյարդային պահվածքն ու մտածողությունը։

Չնայած այս գիտելիքներին, կլինիկական հոգեբան Սայմոն Բարոն-Քոենն ասում է․ «Մենք դեռևս շատ քիչ բան գիտենք էմպաթիայի անհատական տարբերությունների մասին․․․ Մեզ մի շարք բարդ հետազոտություններ են պետք այդ գլուխոտրուկը լուծելու համար»։

Մարդիկ, որպես կանոն, ավելի շատ են կարեկցանքի զգացում ունենում թույլերի, խոցելի խմբերի, կենդանիների նկատմամբ։ Մի հետազոտությամբ պարզվել է, որ էմպաթիայի զգացողությունն ավելի ուժեղ է դրսևորվում երեխաների, կենդանկիների նկատմամբ, քան մեծահասակների։
Սակայն բազմաթիվ են պատճառները, թե ինչու արժե էմպաթիա դրսևորել բոլորի հանդեպ։ Օրինակ՝ մի հետազոտությամբ պարզվել է, որ ատամնաբույժների ու պացիենտների միջև էմպաթիայի շնորհիվ այնպիսի կապ է ձևավորվել, որը բարենպաստ է անդրադարձել բուժման ընթացքի վրա։

Էմպաթիայի 3 տեսակ են տարբերակում, և մեզնից յուրաքանչյուրն իր մեջ ինչ-որ չափով կրում է այդ 3 տեսակից էլ․ դրանք ազդում են ինչպես մեր անձնական, այնպես էլ մասնագիտական կյանքի վրա։

  • Զգացմունքային էմպաթիա, որը դրսևորվում է ոչ միայն դիմացինի զգացմունքները հասկանալով, այլև նրան օգնության ձեռք մեկնելու, նրա նկատմամբ հոգատարություն ցուցաբերելու ձգտումով։
  • Կոգնիտիվ՝ ճանաչողական էմպաթիա, որը հիմնվում է մտավոր գործընթացների վրա՝ համեմատություն, վերլուծություն և այլն և թույլ է տալիս հասկանալ դիմացինին, մտնել նրա վիճակի մեջ։
  • Պրեդիկատիվ՝ կանխատեսող էմպաթիա, որը դրսևորվում է ուրիշի քայլերը, արձագանքը կանխատեսելու ունակությամբ։

Փիլիսոփայության դոկտոր Ռոնալդ Ռիջիոն հետաքրքիր հետազոտության վրա է աշխատել, որի շրջանակներում պարզվել է՝ հոսպիսի բուժքույրերն ավելի լավ էին աշխատում, եթե էմպաթիկ հոգատարություն (զգացմունքային էմպաթիա) էին դրսևորում և ավելի վատ էին աշխատում, եթե անձնական տագնապ (կանխատեսող էմպաթիա) էին զգում։
Ամերիկացի գրող, հոգեբան Դանիել Գոուլմանը նշում է, որ էմպաթիայի երեք տեսակների առկայությունն է ամուր հարաբերությունների բանալին։

Էմպաթիայի բացակայութունը հանգեցնում է մարդկային բազմաթիվ կոնֆլիկտների, որոնք առավել սուր են դրսևորվում տարբեր ազգությունների ու մշակույթների միջև։ Սակայն Ցյուրիխի համալսարանի հետազոտությունը ցույց է տվել, որ անծանոթի հետ մի քանի դրական շփումն ակտիվացնում է նրա նկատմամբ գլխուղեղի զգացմունքային ռեակցիան։

Մեզնից յուրաքանչյուրն ի վիճակի է իր մեջ խորացնելու ապրումակցելու ունակությունները․ մի քանի պարզ խորհուրդ, որոնք կօգնեն ավելի կարեկցող դառնալ․

․Դիտարկեք ձեր տարաձայնությունները՝ ընտանիքի անդամի, գործընկերոջ կամ մեկ ուրիշի հետ։ Փորձեք վեճը պատկերացնել իր տեսանկյունից ու հասկանալ՝ ունի՞ նա արդյոք առավել համոզիչ փաստարկներ կամ դրական շարժառիթներ, որոնց մասին դուք մինչ այդ չէիք մտածել։
․Ավելի շատ կարդացեք գեղարվեստական գրականություն։ Ապացուցված է, որ գեղարվեստական գրականության ընթերցանությունն ուժեղացնում է «բանականության տեսություն» կոչվող հմտությունը, որը թույլ է տալիս հասկանալ այլոց հոգեբանական վիճակներն ու ընդգծված էմպաթիա ցուցաբերել նրանց հանդեպ։
Զննեք ու զարմացեք․ սա շատ պարզ մեթոդ է, որը կարելի է կիրառել ցանկացած վայրում․ «Կողքի դրեք բջջային հեռախոսը և սոցիալական ցանցեր մտնելու փոխարեն զննեք ձեզ շրջապատող մարդկանց՝ փորձելով պատկերացնել, թե ինչպիսի՞ն են նրանք, ի՞նչ են մտածում կամ զգում, ո՞ւր են գնում։ Տխո՞ւր են նրանք, թե՞ երջանիկ, ապրո՞ւմ են քաղաքում, թե՞ քաղաքից դուրս։
Փորձեք զարմանալ ու չլինել անտարբեր»,-խորհուրդ են տալիս հոգեբանները։

 

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031