Ծանրամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն եւ կրկնակի արծաթե մեդալակիր, ՀՀ սպորտի վաստակավոր վարպետ Նազիկ Ավդալյանը կամավորագրվել է ու սպասում է Արցախի ռազմաճակատ մեկնելու հրամանին:
Aravot.am-ի հետ զրույցում գյումրեցի մարզիկն ասաց. «Զարմանալու կամ արտառոց ոչինչ չեմ տեսնում, որ հայ կանայք պատրաստակամ են մեկնել ռազմաճակատ եւ իրենց հայրերի, եղբայրների, ամուսինների եւ զավակների հետ հավասար պաշտպանեն հայրենիքի սահմանները: Ու դա նորմալ է, որովհետեւ մենք մեր երկիրը, մեր ընտանիքներն ենք ուզում պաշտպանել, այլ ոչ թե ցանկանում ենք ուրիշների տարածքներ խլել: Եվ պատահական չէ, որ Հայաստանում այս օրերին ավելի շատ կին է կամավորագրվել, քան Ադրբեջանում՝ տղամարդ»:
Հարցին, թե մեկնելու դեպքում ինքն իրեն որտե՞ղ է տեսնում, Նազիկ Ավդալյանը պատասխանեց. «Այնպես չէ, որ ճակատում պիտանի չեմ կարող լինել: Որոշակիորեն տիրապետում եմ տարբեր զենքերի, ինստիտուտում հոգեբանի եւ կինեզիոլոգի մասնագիտություն եմ ստացել: Այնպես որ, մեր հրամանատարությունը որտեղ ինձ հարմար տեսնի, այնտեղ էլ կծառայեմ»:
Նազիկ Ավդալյանը կատակով ասաց, որ ցուցակագրվելիս մասնագիտությունների մեջ չի նշել իր ծանրորդ լինելը, որովհետեւ մտածել է, թե դա պատերազմի դաշտում նշանակություն, գուցե, չունի: Նազիկը, որ Հայաստանում ամենասիրված մարզիկներից է, մեր զրույցն ամփոփեց այսպիսի խոսքերով. «Ես տնեցիներին երբ տեղյակ պահեցի որոշմանս մասին, ասացի, որ չփորձեն հետ պահել: Եվ ուրախ եմ, որ հարգեցին որոշումս, որքան էլ դա դժվար լինի իրենց համար: Ես, ընդհանրապես, չեմ պատկերացնում մի հայ ընտանիք, որտեղ այլ կերպ մտածեն: Սա մեր՝ բոլորիս, պատերազմն է, որտեղ պետք է միասնական, մի բռունցք լինենք: Ու չկասկածեք՝ վերջնական հաղթանակն անպայման մերն է լինելու: ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ