Լրահոս
Օրվա լրահոսը

«Նշել, որ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը կարող է ուղղակի ազդեցություն ունենալ կոնկրետ հրադադարի ռեժիմի հաստատման վրա, ես կդժվարանամ ասել». Արմեն Պետրոսյան

Հոկտեմբեր 07,2020 19:15

«Առնվազն հրադադարի` հումանիտար հրադադարի հաստատման հնարավորության մասին դեռևս որոշակի հնարավորություններ կան»,- «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը: Նա միևնույն ժամանակ նշեց՝ ինչպես տեսնում ենք, հակառակորդ կողմը երևի թե վախենում է նման հրադադարի գնալ, քանի որ անգամ մարդկային կորուստների այնպիսի մեծ մասշտաբներ կան, որ դրանք ուղղակի կարող են լուրջ խնդիրներ առաջացնել հենց Ադրբեջանի ներսում ու շարունակեց. «Պարզապես մանևրը, որ իբր Ադրբեջանը ևս քննարկում է հրադադարի հնարավորություն, չնայած մի քանի ժամով թուլացրեց լարվածությունը ռազմագոտում, այդուհանդերձ Ադրբեջանի իշխանության կողմից և, իհարկե, ադրբեջանաթուրքական բանակցությունների արդյունքում որոշվեց չգնալ հրադադարի: Չմոռանանք, որ այդ ժամերին Բաքվում էր Թուրքիայի ԱԳ նախարարը: Երևի թե որոշում կայացվեց չգնալ հրադադարի՝ հաշվի առնելով դրա հնարավոր վտանգներն իրենց համար և ընդամենն այդ ժամանակահատվածն օգտագործվեց վերախմբավորվեու և արդեն իսկ պարտության դատապարտված արկածախնդրությունը շարունակելու նպատակով»:

Արմեն Պողոսյանը նաև նկատեց՝ պատերազմական գործողությունների ընթացքը, անցած օրերը և տարածաշրջանում առարկայական դերակատարում ունեցող հիմնական խաղացողների սկզբնական կեցվածքը հանգեցրել է նրան, որ փաստացի Թուրքիան այս պահին հարավկովկասյան տարածաշրջանում ամենաբարենպաստ դիրքերն ունի ընդհանուր մրցակցային տրամաբանության մեջ. «Սրանով է պայմանավորված, որ վերջին երկու-երեք օրերին և՛ Ռուսաստանը, և՛ Իրանը, և′ նաև արևմտյան եվրոպական որոշ դերակատարներ՝ հասկանալով այս իրողությունը, սկսել են շատ ավելի ակտիվ և առարկայական դերակատարում ունենալ, որը, սակայն, ավելի է բարդացրել դրանց արդյունավետությունը, քանի որ հայկական զինված ուժերի հաջողությունները մարտի դաշտում, որոնք ըստ էության տապալել են թշնամու բավականաչափ տևական ժամանակ նախապատրաստված բազմաշերտ ծրագիրը, միաժամանակ ստեղծել են բավականաչափ լուրջ բարդություններ Թուրքիայի և Ադրբեջանի առաջնորդների համար սեփական հասարակությունների առջև պատասխան տալու առումով և նման վտանգավոր արկածախնդրությունը որոշակի շոշափելի ձեռքբերումներով հիմնավորելու հնարավորությունը՝ դրանով իսկ ավելի բարդացնելով կոնֆլիկտի կառավարման մակարդակը»:

Aravot.am-ի հարցին՝ այն, որ ՌԴ-ն պատերազմական այս օրերի ընթացքում իրավիճակին առաջին անգամ արձագանքեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մակարդակով, սա կարո՞ղ է որոշակի փոփոխություն մտցնել պատերազմական գործողությունների ընթացի մեջ և նաև հանգեցնել հրադադարի ռեժիմի, նա պատասխանեց. «ՌԴ-ի դիրքորոշման դինամիկան և այսօր արդեն նախագահի մակարդակով դրան անդրադարձը մեծապես պայմանավորված է ռազմական գործողությունների ընթացքով, դրանց անընդհատ շարունակականությամբ, բնականաբար, հայկական զինված ուժերի բացահայտ հաջողություններով, ինչպես նաև թուրք-ադրբեջանական տանդեմի անզիջում պահվածքով: Այսինքն, եթե հակամարտության կամ պատերազմական գործողությունների մեկնարկից հետո առաջին օրերին ռուսական դիրքորոշումն առավելապես զուսպ էր, ապա դրա հետագա ընթացքը և հակամարտության՝ ամեն օր ավելի անկառավարելի դառնալու հանգամանքը, որն ուղղակիորեն հարվածում է նաև ՌԴ-ի տարածաշրջանային շահերին, հարկադրեց ՌԴ-ին շատ ավելի ակտիվ և անգամ նախագահի մակարդակով անդրադարձ կատարել այս ընթացող պատերազմական գործողություններին: Նշել, որ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը կարող է ուղղակի ազդեցություն ունենալ կոնկրետ հրադադարի ռեժիմի հաստատման վրա, ես կդժվարանամ ասել: Իհարկե, ռուսական կողմը նախկինում ևս ոչ ուղղակի Վլադիմիր Պուտինի շուրթերով, մշտապես հրադադարի կոչ հնչեցրել է: Չմոռանանք, որ եղել է նաև Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների համատեղ հայտարարությունը: Մի քանի առիթներով Վլադիմիր Պուտինը ևս առանձին անդրադարձ ունեցել է, բայց թեմատիկ անդրադարձը նաև իրավիճակ է փոխում ՌԴ դիրքորոշման մեջ, որն, անշուշտ, չի կարող անտեսվել հատկապես թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից: Մասնավորապես, այս հայտարարության մեջ հնչած առանձին մտքեր ուղղակիորեն ուղղված են, մասնավորապես, Թուրքիային և հստակ ուղերձներ են պարունակում ՌԴ-ի ոչ թե իրավական պարտավորությունների, այլև շահերի վերաբերյալ, որոնց անտեսումը կամ հնարավոր թիրախավորումը թուրքայի կողմից կարող է ունենալ համարժեք պատասխան Մոսկվայի կողմից»:

Փաստմանը՝ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը հայտարարեց՝  Հայաստանի հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար Բաքվի առաջ քաշած պայմանները դժվար իրականանալի են, Արմեն Պետրոսյանն այս առիթով արձագանքեց. «Մի բան ակնհայտ է, որ թուրք-ադրբեջանական քարոզչամեքենայի հեքիաթները ոչ միայն պատերազմը սկսելու առնչությամբ, այլև հրադադարի հաստատման առումով, միայն երևի թե որոշակի ազդեցություն ունեն երկու երկրների հասարակությունների համար: Միջազգային հանրության աշխարհաքաղաքական հիմնական դերակատարները, տարածաշրջանային երկրները՝ բոլորն էլ առանց երևի թե որևէ հավելյալ փաստարկումների համոզված են, որ պատերազմական գործողությունների սկսողը և դրանց չդադարեցնողը թուրք-ադրբեջանական տանդեմն է, մասնավորապես նրանց ոչ կառուցողական և միջազգային բոլոր առանցքային դերակատարների կոչերն ու հորդորները անտեսելուն միտված քաղաքականությունը, երկու առաջնորդների մաչոյական պահվածքը, որը կարող է անկանխատեսելի հետևանքների հասցնել և միջազգային անվտանգության լուրջ սպառնալիք ստեղծել նաև հարավկովկասյան տարածաշրջանում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031