Ինչպես արդեն հայտնել ենք, Միացյալ Թագավորության Լորդերի պալատը հոկտեմբերի 7-ին քննարկում էր Արցախում տեղի ունեցող ռազմական գործողությունները։
Լորդ Ռեյ Քոլլինսը նկատեց, որ վակուում է առաջացել․ «Մենք աշխարհի բոլոր հայտարարություններն ունենք, որոնք ասում են՝ ավարտեք այս պատերազմը։ Բայց մենք ունենք գործընթաց՝ Մինսկի գործընթացը, մենք նույնիսկ ունենք շրջանակային համաձայնագիր։ Ի՞նչ եք անում համոզվելու համար, որ Միացյալ Նահանգները իր բոլոր ջանքերը վերադարձնում է այդ գործընթաց, որպեսզի այդ վակուումը չլրացվի տարածաշրջանի այլ խաղացողներով»։
Բարոնուհի Լիզ Սագգը պատասխանեց, որ իրենք աջակցում են այն դերին, որը Միացյալ Նահանգները խաղում է Մինսկի գործընթացում․ «Մենք հավատում ենք, որ Մինսկի գործընթացը լավագույն տարբերակն է այս կոնֆլիկտին վերջ դնելու համար»։
Լորդ Էդդինգթոնն էլ հետաքրքրվեց, թե արդյոք Մեծ Բրիտանիան կարո՞ղ է ճնշում գործադրել, որ լրագրողները կարողանան աշխատել հակամարտության գոտում, որ աշխարհը հասկանա, թե ի՞նչ է կատարվում։ Լիզ Սագգը պատասխանեց, որ իրենք մտահոգված են հակամարտության ընթացքում տարածված ապատեղեկատվությունից և ինտերնետի հասանելիության բացակայությունից․ «Մենք ամեն ինչ կանենք տարածաշրջան մուտքը հեշտացնելու համար, որ կարողանանք հասկանալ, թե ի՞նչ է կատարվում»։
Կարդացեք նաև
Լորդ Դեյվիդ Ալթոնը հարցրեց, թե արդյոք Միացյալ Թագավորությունը միանալո՞ւ է Կանադային՝ կասեցնելով Թուրքիային զենքի արտահանման թույլտվությունը։ Լիզ Սագգը պատասխանեց, որ իրենք շարունակում են ուշադիր հետևել տարածաշրջանի զարգացումներին։ Նա հավելեց, որ ըստ գնահատման խիստ շրջանակի են քննարկում արտահանման հայտերը։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ