«Այս պահին Արցախից ժամանակավորապես տեղափոխված մեր քաղաքացիների տեղավորման խնդիրները լուծվում են տարբեր կամավորական խմբերի եւ նախարարության համակարգման միջոցով: Ստեղծված սոցիալական աջակցությամբ շտապ մի քանի կամավորական խմբեր են գործում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Նա նշեց, որ հիմնականում քաղաքացիներին տեղավորել են մասնավոր սեկտորի կողմից տրամադրված կացարաններում, հյուրանոցներում, հյուրատներում. «Սննդի հարցը եւս լուծվում է քաղաքացիների աջակցությամբ՝ մարզպետարանների հետ համագործակցությամբ: Պետական կառույցների կողմից տրամադրվող կացարանները դեռեւս ամբողջությամբ գործի չենք դրել, այսինքն՝ դրանց մեծ մասն ազատ է, մենք այս պահին անընդհատ զարգացնում ենք համակարգերը, քաղաքացիներին հաշվառելու, նրանց կարիքներին արձագանքելու համար»:
Նախարարը վստահեցրեց, որ լուրջ, մեծ խնդիրներ չունեն, բայց ուժերի լարվածությամբ են աշխատում: Նա շնորհակալություն հայտնեց քաղաքացիներին, մասնավոր սեկտորին, որոնք ջանք չեն խնայում՝ աջակցության համար, բայց կոչ արեց, որ իրենց աջակցությունը համակարգված տրամադրեն եւ եթե ունեն ռեսուրսներ, որոնք ուզում են ծառայեցնեն արցախցիներին, ապա դա անեն պետական մարմինների, նախարարության կամ մարզպետարանների միջոցով, քանի որ այնտեղ կարիքներն ավելի հստակ գիտեն. «Հաղթանակից հետո ավելի դժվար օրեր են մեզ սպասվում, պետք է կարողանանք հաղթահարել, ռեսուրսները պետք է խնայել»:
Aravot.am-ի հարցին՝ ֆեյսբուքում տարբեր նախաձեռնություններ են ձեւավորվում՝ այս կամ այն ընտանիքին տեղավորելու, ինչ-որ օգնություն ցուցաբերելու համար, մինչդեռ ասացիք, որ պետական կացարաններն ազատ են, ինչո՞ւ են այդ հարցերը անհատների միջոցով լուծվում, վստահություն չկա՞ նախարարության նկատմամբ՝ Զարուհի Բաթոյանը պատասխանեց. «Վստահություն կարծում եմ կա, պարզապես քաղաքացիները այդ ամենը ինքնաբուխ են անում, ապակենտրոն աջակցություն են անում, որն, իհարկե, խրախուսելի է: Բայց բոլորը գիտեն նախարարության թեժ գիծը՝ 114, եւ կառավարության կողմից ստեղծված թեժ գիծը՝ 117: Մենք աշխատում ենք շուրջօրյա, ե՛ւ աշխատանքային խմբերը, ե՛ւ թեժ գիծը: Ինչ վերաբերում է պետական կացարաններին, ապա դրանց մեծ մասը պատրաստ է, որոշակի խնդիրներ կան, որոնք մենք ընթացքում լուծում ենք, բայց այս պահին դրանց անհրաժեշտությունը չկա, սակայն մենք ամեն ինչի պետք է պատրաստ լինենք: Հիմա ուղղակի դրանք օգտագործելու անհրաժեշտություն չկա»:
Կարդացեք նաև
Նախարարը վստահ է՝ չկա այնպիսի դեպք, որ մարդիկ դրսում մնան, որովհետեւ նույնիսկ եթե պետական մարմիններին չեն կարող կապվել, մեր քաղաքացիները չեն թողնի, որ Արցախից եկած որեւէ մեկը դրսում մնա, կամ սննդի խնդիր ունենա, դրանք ժամերի հարց են:
Անդրադառնալով օրերս համացանցում արած իր գրառմանը՝ կաթսաներով ակցիայի նման ակցիա անելուն, որը սուր քննադատության արժանացավ ու նախարարը հեռացրեց գրառումը՝ Զարուհի Բաթոյանն ասաց, որ այդ ամենը ապատեղեկատվություն է, սխալ են հասկացել. «Ես չեմ խոսել կաթսաների մասին, ես ասել եմ երգով աջակցելու մասին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ