ԱԺ արտահերթ նիստում այսօր երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ քննարկվեց կառավարության հեղինակած՝ «Հարկային օրենսգրքում փոփոխությունների մասին» օրինագիծը, որով, հիշեցնենք, 2020թ.-ի օգոստոսի 31-ի դրությամբ անհուսալի կամ 91 եւ ավելի օր չսպասարկված վարկերի տույժերն ու տուգանքները ներվելու են՝ առանց հարկային հետեւանքների:
Ինչպես նշեց հարցի զեկուցող, ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը, մինչեւ երկրորդ ընթերցումը խմբակցություններն առաջարկ չեն ներկայացրել, բայց կառավարությունը երկու էական առաջարկ ունի. «Առաջին. հաշվի առնելով, որ օրինագծի ընդունման անհրաժեշտությունը հիմնականում պայմանավորված է համավարակով ստեղծված իրավիճակով, երբ ֆիզիկական անձինք վարկերը վճարելու խնդիր են ունեցել՝ եկամտի կայուն աղբյուրի կորստի կամ կրճատման պատճառով, միտումը սկսվել է ապրիլից, ուստի այժմ այդ վարկերն «անհուսալի» չեն ճանաչվել: Այդ պատճառով էլ օրինագիծը չէր տարածվի այս վարկերի վրա, որոնց ծավալը, սակայն, 37 միլիարդ դրամ է գնահատվում, ընդհանուր՝ 100 000 վարկային պայմանագիր: Ուստի կառավարությունը նաեւ այս խմբի վարկերն է ներառելու օրինագծում՝ ստեղծելով նպաստավոր հարկային միջավայր»:
Երկրորդ առաջարկը, փոխնախարարի տեղեկացմամբ, հետեւյալն է. «Օրինագծի կարգավորումները տարածվում են ոչ միայն ուժի մեջ մտնելուց հետո, այլեւ՝ մինչեւ ուժի մեջ մտնելն առկա տույժերի եւ տուգանքների վրա: Խոսքը այն տույժերի եւ տուգանքների մասին է, որոնք առնչվում են օգոստոսի 31-ի դրությամբ անհուսալի եւ 91 ու ավելի օր չսպասարկված վարկերին: Այս երկու առաջարկներն այսօր քննարկվել են տնտեսական հարցերի հանձնաժողովում եւ ստացել դրական եզրակացություն»: Ազգային ժողովը միաձայն կողմ քվեարկեց օրինագծի ընդունմանը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ