Լրահոս
Օրվա լրահոսը

Անմիջապես դիմեք ոստիկանություն, եթե որոշ մարդիկ նախարարության անունից մոտենում են Արցախից ժամանածներին, նրանց լուսանկարում, նույնիսկ՝ գումար պահանջում

Հոկտեմբեր 07,2020 17:15

«Ցավոք, պետք է արձանագրել, որ նախարարությունը ահազանգեր է ստանում այն մասին, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության անունից հանդես եկող անձիք այցելում են Արցախից եկած քաղաքացիներին եւ նրանց հյուրընկալող մարդկանց լուսանկարում են ու նյութեր դնում համացանցում՝ հայցելով աջակցություն, երբեմն նույնիսկ գումար են հավաքում համացանցում», այսպիսի ահազանգ հնչեցրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթեւիկ Ստեփանյանը:

Այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպվել էր առցանց քննարկում՝ «Աջակցություն հակառակորդի կրակից փրկվածներին. ո՞ւր դիմել, ինչ անել» թեմայով։ Տաթեւիկ Ստեփանյանը կոչ արեց անմիջապես դիմել ոստիկանություն, եթե նախարարության անունից որոշ մարդիկ աջակցելու պատրվակով մոտենում են Արցախից ժամանած ընտանիքներին, նրանց լուսանկարում, նույնիսկ՝ գումար պահանջում որեւէ տեղ տեղավորելու համար. «Պահանջեք անձը հաստատող եւ տվյալ կառույցի ներկայացուցիչը լինելու որեւէ փաստաթուղթ: Թույլ մի տվեք՝ ձեզ նկարեն»:

Փոխնախարարը նշեց, որ ռազմական գործողություններից օրեր անց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը 145 միլիոն դրամ է հատկացրել առաջին անհրաժեշտության սնունդ, հիգիենայի եւ այլ անհրաժեշտ պարագաներ գնելու եւ Ստեփանակերտ որպես մարդասիրական օգնություն ուղարկելու համար:

Իսկ Արցախից կամավոր Հայաստան տեղափոխված տարեցների, կանանց եւ երեխաների առաջնային կարիքները գնահատելուց հետո ապահովում են կացարանով, սննդով, հագուստով:

Արցախից ժամանել են նաեւ հաշմանդամություն ունեցող եւ խնամքի հատուկ կարիքներով քաղաքացիներ, որոնք նույնպես ուղղորդվում են այն ծառայությունները, որտեղ ըստ նրանց կարիքի՝ աջակցություն կտրամադրվի:

Բոլոր այն քաղաքացիներին, որոնք ցանկանում են Արցախից ժամանած ընտանիքներին աջակցություն տրամադրել, Տաթեւիկ Ստեփանյանը կոչ արեց դիմել մարզպետարաններ, համայնքապետարաններ, որտեղից ճիշտ կուղղորդեն՝ ում, ինչպես աջակցել, որպեսզի, ըստ փոխնախարարի, բոլորին հավասար աջակցություն տրամադրվի եւ որեւէ մեկը դուրս չմնա այդ ցանկից:

Քննարկմանը ներկա «Վորլդ Վիժն Հայաստան»-ի երեխաների պաշտպանության ծրագրի ղեկավար Աիդա Մուրադյանը նշեց, որ համայնքային սոցիալական աշխատողների, տարածքային գրասենյակների միջոցով կարիքների գնահատում են կատարում, ինչից հետո կազմակերպությունը տրամադրում է հագուստի սննդի, անկողնային ու հիգիենայի պարագաներ, նաեւ՝ հոգեբանական աջակցություն:

«Առաքելություն Հայաստան» կազմակերպության փոխնախագահ Ալլա Հարությունյանի խոսքով, իրենք էլ օգնում են տարեցներին, հղի կանանց ու երեխաներին սննդով, հագուստով ու անկողնային պարագաներով: Իսկ տարեց մարդկանց ապահովում են կացարով՝ տարեցների սպասարկման կենտրոնում:

Փոխնախարարը նաեւ հայտնեց, որ Արցախից ժամանած քաղաքացիները դիմում են նախարարություն՝ խնդրելով ապահովել աշխատանքով, որի ուղղությամբ զբաղվածության գործակալությունը փորձում է աջակցել: «Նախարարությունն ունի ծրագրեր, որոնք քայլ առ քայլ կանի: Այս պահին կեցության, հագուստի, սննդի, բուժօգնության հարցերն է փորձում լուծել»: Նա տեղեկացրեց, որ հոգեբաններից ձեւավորվել է կամավորների խումբ՝ երեխաների ու մեծահասակների հետ աշխատելու համար: Որոշ երեխաներ էլ, կրթությունից հետ չմնալու համար արդեն այցելում են իրենց մոտակա դպրոցներ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031