Լրահոս
Օրվա լրահոսը

Միացյալ Թագավորությունը աշխատում է և՛ Թուրքիայի, և՛ Ռուսաստանի հետ․ Քննարկում Լորդերի պալատում Արցախի վերաբերյալ

Հոկտեմբեր 07,2020 17:09

Միացյալ Թագավորության Լորդերի պալատը հոկտեմբերի 7-ին քննարկում էր Արցախում տեղի ունեցող ռազմական գործողությունները։

Բարոնուհի Լիզ Սագգը ասաց, որ Միացյալ Թագավորությունը շարունակում է հորդորել անհապաղ վերադարձ բանակցության սեղանին։ Նրանք կապի մեջ են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ, ինչպես նաև Ռուսաստանի և Թուրքիայի իշխանությունների հետ․ «Մենք շարունակում ենք կարծել, որ այս կոնֆլիկտի լավագույն լուծումը խաղաղ բանակցություններն են՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում»։

Բարոնուհի Քիշներ Ֆալքները նկատեց, որ անմեղ քաղաքացիական բնակչություն է սպանվում, մինչդեռ ԵԱՀԿ Մինսկի խումբը ձախողում է իր առաքելությունը։ Նրա գնահատմամբ՝ ՆԱՏՕ-ն էլ է ձախողում․ «Թուրքիայի սանձարձակ ավտորիտարիզմը և ազգայնականությունը վտանգում է իր գործընկերների հետաքրքրությունը Սիրիայում, Լիբիայում և հիմա էլ Լեռնային Ղարաբաղում»։ Նա հետաքրքրվեց, թե ի՞նչ քննարկումներ է ունենում երկրի կառավարությունը ՆԱՏՕ-ի հետ` սանձելու համար Թուրքիայի ազդեցությունը և որպես վերջին տարբերակ՝ վերագնահատել Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը։

Լիզ Սագգը պատասխանեց, որ կիսում է բարոնուհի Ֆալքների մտահոգությունները խաղաղ բնակչությանը թիրախավորելու վերաբերյալ։ Նա հավելեց, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը կողմերին երկխոսության կոչ է արել և ասել է, որ ակնկալում է, որ Թուրքիան կօգտագործի իր նշանակալի ազդեցությունը և կհանդարտեցնի լարվածությունը․ «Մենք ողջունում ենք այս կոչերը։ Թուրքիան ՆԱՏՕ-ի առանցքային գործընկեր է, և մենք շարունակում ենք ՆԱՏՕ-ում աշխատել՝ նրանց խրախուսելու համար օգտագործել իրենց ազդեցությունը և հանդարտեցնել լարվածությունը»։

Բարոնուհի Մետա Ռամզին էլ հետաքրքրվեց, թե իրականում ի՞նչ է անում կառավարությունը այլ համախոհ երկրների հետ միասին առնվազն հրադադարի հասնելու համար․ «Եվ չնայած, որ ԱՄՆ-ն զբաղված է, արդյոք մենք թողնելո՞ւ ենք Ռուսաստանին և Թուրքիային նախաձեռնությունը իրենց ձեռքը վերցնել»։

Լիզ Սագգը պատասխանեց, որ Միացյալ Թագավորությունը տարբեր մակարդակներում է աշխատում իրավիճակին վերջ տալու համար: Նա ընդգծեց, որ իրենց դիվանագետները աշխատանք են տանում տարբեր միջազգային կառույցների հետ։ Բարոնուհին նաև հավելեց, որ ԱՄՆ նախագահը և պետքարտուղարը բանակցությունների սեղան վերադառնալու մասին հայտարարություն են արել։

Լորդ Մենզիս Քեմփբելն էլ հարցրեց, թե արդյոք Մեծ Բրիտանիան Թուրքիային չպե՞տք է կոչ անի այլևս չներգրավվել, իսկ Ռուսաստանին, որը ազդեցություն ունի երկու կողմերի վրա էլ, չպե՞տք է խնդրել ավելի շատ ներգրավվել։ Լիզ Սագգը պատասխանեց, որ իրենք աշխատում են և՛ Թուրքիայի, և՛ Ռուսաստանի հետ․ «Մենք աշխատում ենք, բոլոր կողմերի հետ, որոնք մեզ անհրաժեշտ են այս կոնֆլիկտին վերջ տալու համար»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031