Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԵՄ-ն պետք է ճանաչի Արցախի անկախությունը». Եվրոպական խորհրդարանի պատգամավորների ճնշող մեծամասնությունը դատապարտեց Թուրքիային և Ադրբեջանին

Հոկտեմբեր 07,2020 17:22

Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի ազգաբնակչության դեմ պարտադրված պատերազմն այսօր Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի օրակարգում էր:

Եվրոպական խորհրդարանի պատգամավորների և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ/Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելի միջև կարծիքների փոխանակում տեղի ունեցավ:

Պատգամավորների ճնշող մեծամասնությունը՝ բոլոր քաղաքական խմբակցություններից, հստակորեն և խիստ կերպով դատապարտեցին Թուրքիայի դերը հակամարտության սրացման մեջ, ինչպես նաև Ադրբեջանին աջակցություն ցուցաբերելու համար: Ելույթ ունեցող վաթսուն պատգամավորից միայն հինգն իր աջակցությունը հայտնեց Ադրբեջանին: Բոլոր հինգ պատգամավորները նախկինում Ադրբեջանի հետ սերտ կապեր են ունեցել, որոշները՝ նեղ անձնական շահեր: Մեծ թվով եվրապատգամավորներ շեշտեցին, որ Թուրքիայի՝ տարածաշրջանն ապակայունացնող քաղաքականությունն անընդունելի է: Նրանք խիստ քննադատեցին Թուրքիայի իշխանություններին հայերի դեմ կռվելու նպատակով Սիրիայից և Լիբիայից ջիհադիստներ ուղարկելու համար:

Հայոց ցեղասպանության ժխտման փաստը Թուրքիայի հասցեին հաճախակի ուղղված քննադատության պատճառներից էր: Որոշ պատգամավորներ խստորեն դատապարտեցին ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ բնակչության դեմ արգելված կաստետային ռումբերի կիրառումը: Եվրապատգամավորները կոչ արեցին բարձր ներկայացուցիչ Բորելին շտապ գործողություններ ձեռնարկել: Որոշ պատգամավորներ շեշտեցին, որ անհրաժեշտ է Թուրքիայի և Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանել: Կարծիք հնչեց, որ Իսպանիան պարտավոր է դադարեցնել զինամթերքի վաճառքը Թուրքիային: Եվրապատգամավորները կոչ արեցին կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները և նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ առանց նախապայմանների: Եզրափակիչ խոսքում Եվրահանձնաժողովի բարձր ներկայացուցիչ Բորելը նշեց, որ ինքը խոսակցություն է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ. Թուրքիան շարունակում է իր աջակցությունը հայտնել Ադրբեջանին: Նա նաև նշեց, որ Ադրբեջանը բանակցությունների վերսկսման համար նախապայմաններ է առաջ քաշում:

Մեկնաբանելով Եվրախորհրդարանի լիագումար նիստը՝ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետեանը նշեց. «Քանի որ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը վերջին տաս օրերի ընթացքում ակտիվ աշխատանք է տարել եվրապատգամավորների հետ՝ նրանց Ադրբեջանի հարձակման մասին տեղեկություններ փոխանցելով, մեզ համար ակնհայտ էր, որ պատգամավորները վրդովված են, և այս արդյունքը կանխատեսելի էր: Այսօր պատգամավորները հստակ ուղերձ հղեցին Եվրոպական Խորհրդին, ինչպես նաև Էրդողանին՝ դատապարտելով հակամարտությունում Թուրքիայի ավերիչ դերը: Բացի որոշ բացառություններից՝ պատգամավորների համար ավելի և ավելի ակնհայտ է դառնում, որ ղարաբաղյան հակամարտությունը տարածքային հակամարտություն չէ և որ Ադրբեջանն ու Թուրքիան նույն կործանարար քաղաքականությունն են վարում:

Կարապետեանը ավելացրեց. «ԵՄ-ն պետք է շոշափելի քայլերի դիմի, այն է՝ Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառի: ԵՄ որոշումներ կայացնողները պետք է գիտակցեն, որ Արցախի կարգավիճակի հարցը ոչ այլ ինչ է, քան իրենց պատմական հայրենիքում Արցախի բնիկ հայ բնակչության գոյության հարցը: Արցախի ժողովուրդն արդեն ժողովրդավարական ուղիով արտահայտել է իր կամքը՝ անկախություն հայտարարելով: ԵՄ-ն պետք է հարգի այդ որոշումը և ճանաչի անկախությունը: Եվրոպայի Հայ դատի գրասենյակը և Եվրոպայում իր հանձնախմբերը ակտիվորեն աշխատելու են այդ ուղղությամբ»:

Մինչ տեղի էր ունենում Եվրախորհրդարանի լիագումար նիստը, Բելգիայի և հարևան երկրների հազարավոր հայեր և աջակիցներ խաղաղ ցույց կազմակերպեցին Բրյուսելում՝ ԵՄ հաստատությունների առջև: Ադրբեջանաթուրքական ագրեսիայի դեմ և խաղաղության համար այս ցույցը կազմակերպվել էր Բելգահայ համայնքային կոմիտեի կողմից: Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հրավերով ցույցին ներկա եղան և ելույթներով իրենց աջակցությունը հայտնեցին Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Պիտեր վան Դալենը (Նիդեռլանդներ), Ֆրանսուա Ալֆոնսին (Ֆրանսիա) և Կոստաս Մավրիդեսը (Կիպրոս):

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031