Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պուտինը խոսեց, բայց ինչի մասին լռեց

Հոկտեմբեր 07,2020 15:50

Ռուսաստանն առայժմ չի ցանկանում պատերազմել Թուրքիայի հետ՝ Արցախի պատճառով

Արցախում լայնածավալ պատերազմի 10-րդ օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերջապես արտահայտվեց: Նա դարձյալ կոչ արեց անհապաղ դադարեցնել կրակը: «Ռոսիա 24»-ի հետ զրույցում Պուտինը հայտնեց, որ մշտական կապ է պահպանում Հայաստանի վարչապետի հետ, հիշեցրեց, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ երկիր է, եւ որ Ռուսաստանը այդ երկրի նկատմամբ որոշակի պարտավորություններ ունի. «Ռազմական գործողությունները Հայաստանի տարածքում չեն ընթանում։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից ՀԱՊԿ շրջանակներում իր պայմանագրային պարտավորությունների կատարմանը, ապա մենք մշտապես դրանք կատարել ենք, կատարում ենք եւ շարունակելու ենք կատարել»: «Ինչպես գիտեք, ես մշտական կենդանի աշխատանքային կապի մեջ եմ Հայաստանի վարչապետի հետ: Եվ Հայաստանի ղեկավարության մոտ Ռուսաստանի՝ իր միութենական պարտավորությունները կատարելու որակի հետ կապված որեւէ հարց չի առաջանում», ասաց Պուտինը:

ՌԴ նախագահն ընդգծեց, որ այն ինչ կատարվում է Արցախում, ողբերգություն է, եւ Ռուսաստանին դա շատ է մտահոգում: «Դա ողբերգություն է: Մենք շատ մտահոգված ենք, քանի որ եւ՛ Ադրբեջանը, եւ՛ Հայաստանը, եւ՛ Լեռնային Ղարաբաղը տարածքներ են, որտեղ ապրում են մեզ համար ոչ օտար մարդիկ»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ Ռուսաստանում ապրում է մոտ 2 միլիոն ադրբեջանցի եւ ավելի քան 2 միլիոն հայ:

Այսպես, Պուտինի խոսքի գլխավոր ուղերձը սա է՝ ռազմական գործողությունները Հայաստանի տարածքում չեն ընթանում, եւ դա նշանակում է, որ Ռուսաստանը պայմանագրային պարտավորություններ չունի Արցախում տեղի ունեցողի նկատմամբ: Այսինքն՝ քանի դեռ արյունահեղությունը շարունակվում է՝ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբում անկողմնակալ միջնորդ է:

Հետաքրքրական էր, որ Պուտինը չանդրադարձավ Թուրքիայի միջոցով Ադրբեջանում հայտնված սիրիացի վարձկան զինյալների գոյության թեմային, որին ի դեպ, ռուսական կողմն էլ էր արձանագրել:

Պուտինի խոսքից անմիջապես հետո ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հստակեցրեց՝ ՀԱՊԿ-ի պարտավորությունները չեն տարածվում Լեռնային Ղարաբաղի վրա, ի տարբերություն Հայաստանի. «Դրանք անվտանգության ապահովման պարտավորություններ են: Այսինքն՝ եթե ՀԱՊԿ անդամ երկիրը ենթարկվում է ինչ-որ ագրեսիայի, դրսից հարձակման, ապա այս դեպքում պայմանագրի անդամ երկրները պարտավոր են պաշտպանել այդ պետությանը»:

Ռուսական կողմի ուղերձները հասկանալի են: Պուտինը, թեեւ անհապաղ կրակը դադարեցնելու հերթական կոչն արեց, բայց ինքն էլ արձանագրեց, որ իրավիճակում արագ լուծում չի տեսնում: Իսկ սա նշանակում է՝ պատերազմի շարունակման արձանագրում:

Այսօր, հոկտեմբերի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը զանգահարել է Վլադիմիր Պուտինին: Պաշտոնապես՝ առիթը Պուտինի ծննդյան տարեդարձը շնորհավորելն էր: Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ «կողմերը նաեւ քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը»: Կրեմլի կայքում հեռախոսազրույցի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվել:

Նկատենք, որ ռուսական կողմից երեկ բավական կարեւոր հայտարարություններ հնչեցին՝ Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի մակարդակով, որը մտահոգություն հայտնեց, որ Արցախի շուրջ լարվածության աճով: ՌԴ ԱԽԾ-ի մամուլի բյուրոյի պաշտոնական կայքում հրապարակված մամլո հաղորդագրության համաձայն՝ Սերգեյ Նարիշկինն արձանագրել է, որ Լեռնային Ղարաբաղի շփման գծում բախումներ նախկինում եւս եղել են, բայց իրավիճակի ներկայիս սրումն անհանգստություն է առաջացնում ոչ միայն իր մասշտաբով, այլեւ արտաքին գործոնների հիմնովին նոր ազդեցությամբ: «Ադրբեջանի կողմում այդքան բացահայտ եւ միանշանակ կերպով հանդես է եկել Թուրքիան: Բացի այդ, Ղարաբաղում սրվող զինված դիմակայությունը մագնիսի պես ձգում է զինյալներին տարբեր միջազգային ահաբեկչական կառույցներից: ԱԽԾ-ի տվյալներով` հակամարտության գոտի են ակտիվորեն տեղափոխվում Մերձավոր Արեւելքում կռվող միջազգային ահաբեկչական կազմակերպությունների, մասնավորապես` «Ջաբհաթ ալ-Նուսրա», «Ֆիրկաթ Համզա», «Սուլթան Մուրադ», ինչպես նաեւ ծայրահեղական քրդական խմբավորումների վարձկանները: Ընդ որում, խոսքը հարյուրավոր եւ նույնիսկ հազարավոր արմատականների մասին է, որոնք հույս ունեն գումար աշխատել ղարաբաղյան նոր պատերազմի հաշվին»:

Հաղորդագրությունում նաեւ արձանագրվել է. «Կասկած չունենք, որ միջազգային հանրության օժանդակությամբ հակամարտության կողմերը, ի վերջո, կդադարեն ուժի գործադրել եւ կնստեն բանակցությունների սեղանի շուրջ: Այնուամենայնիվ, մենք չենք կարող չմտահոգվել, որ Անդրկովկասը կարող է նոր «պլացդարմ» դառնալ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների համար, որտեղից զինյալները հետագայում կարող են ներթափանցել Ադրբեջանին եւ Հայաստանին հարող պետություններ, այդ թվում` Ռուսաստան»:

Տարածաշրջան ահաբեկիչների ներթափանցման առնչությամբ հանդես եկավ հարեւան Իրանի նախագահը: Հասան Ռոհանին Ադրբեջանի նախագահի հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել ղարաբաղյան հակամարտությանն այլ երկրների ներգրավվածության կապակցությամբ եւ հակամարտության՝ լայնածավալ պատերազմի վերածվելու պատճառով։ «Անվտանգությունը, կայունությունն ու տարածաշրջանի հանգստությունը՝ հատկապես Իրանի հյուսիսային սահմաններին, Թեհրանի համար շատ կարեւոր են, եւ այդ հակամարտությունը չպետք է հող նախապատրաստի որոշ ահաբեկչական խմբավորումների ներթափանցման համար»,- ասել է նա: Ռոհանին շեշտել է Հայաստանին եւ Ադրբեջանին սահմանակից իրանական գյուղերի բնակիչների անվտանգության պահպանման անհրաժեշտությունը եւ մտահոգություն հայտնել քաղաքների վրա հակամարտության տարածման կապակցությամբ. «Այդ զինված հակամարտությունը չպետք է բերի քաղաքներում պատերազմի, որը հանգեցնում է մարդկանց տեղահանման եւ խաղաղ բնակչության սպանության, դա շատ ցավալի է եւ վտանգավոր»։

Այսպես, Ռուսաստանը հստակ ցույց է տալիս, որ շահագրգռված է խաղաղության հաստատմամբ, եւ շարունակաբար կողմերին կոչ է անում դադարեցնել կրակը եւ նստել բանակցային սեղանի շուրջ:

Հիշեցնենք, որ Թուրքիան երեկ այդ երկրի արտգործնախարարի մակարդակով հայտարարեց, որ դեմ են «անհապաղ հրադադարի հաստատման կոչերին»: Պաշտոնական Անկարան հստակ նախապայման է առաջ քաշում հրադադարի հաստատման համար՝ «հայկական զորքերի դուրսբերում»:

Թուրքական կողմի վերոնշյալ հայտարարություններից հետո Պուտինի այսօրվա խոսքը՝ կրակը դադարեցվելու վերաբերյալ, իհարկե, ուղղված էր նաեւ Անկարային, որը մինչեւ պատերազմի բռնկումն էլ չէր թաքցնում, որ պաշտոնապես արցախյան հակամարտության կողմ է, այսօր էլ հանդես է գալիս որպես պատերազմի կողմ, եթե կուզեք՝ պատերազմի նախաձեռնող, այսինքն՝ պաշտոնապես պատերազմող կողմ:

Ստացվում է, որ Ռուսաստանը չի ցանկանում պատերազմել Թուրքիայի հետ՝ Արցախի պատճառով, քանի որ ըստ պաշտոնական պատճառաբանության՝ «պատերազմը Հայաստանի տարածքում չէ»:

Մոսկվան, այսպիսով, շարունակելու է ուշի-ուշով հետեւել իրադարձությունների հետագա զարգացմանը: Ռուս պաշտոնյաներն արձանագրել են, որ հակամարտության գոտի են տեղափոխվում Մերձավոր Արեւելքում կռվող միջազգային ահաբեկչական կազմակերպություններ, իսկ սա նշանակում է, որ այն պահից սկսած, երբ Մոսկվան հարկ համարի խառնվել՝ դրա հիմքերը կան, դրանց ի պատասխան մեկնաբանությունները ռուսական կողմից հնչել են բարձր մակարդակով:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031