Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջան պետության վախճանը. «աննկատ» նշանակում

Հոկտեմբեր 07,2020 15:28

Հայոց փառապանծ բանակի հաղթական և աննկուն գործողությունները, մեր բոլորիս սրտատրոփ սպասումներն ու մեր մտքի բևեռումը պատերազմող մեր քաջորդիների չդադարող սխրանքներին կարծես ստվերեցին տարածաշրջանային կարևոր մի իրադարձության հանդեպ հասարակության ուշադրությունը:

Իրադարձություն, որ կարող է մոտ ապագայում հիմք հանդիսանալ տարածաշրջանային նոր զարգացումների, իսկ հակամարտության եռացող գոտում որոշակի սցենարների պարագայում արմատապես փոխել ուժերի և բանակների դասավորությունը՝ ընդհուպ մինչև աշխարհագրական նոր սահմաններ, նոր իրավիճակ ու նոր ստատուս քվո:

ՌԴ նախագահ Պուտինի հրամանագրով հոկտեմբերի 5-ին Դաղստանի Հանրապետության ղեկավար է նշանակվել Հյուսիսկովկասյան դաշնային շրջանում նախագահի լիազոր ներկայացուցիչ, Զինված ուժերի գեներալ-գնդապետ Սերգեյ Մելիքովը (լուսանկարում): Որպեսզի հասկանանք, թե ով է ազգությամբ լեզգի և քրիստոնյա Մելիքովը, և ինչ նպատակ ունի այդ նշանակումը, բավական է իմանալ, որ կադրային բարձրաստիճան սպան և պրոֆեսիոնալ զինվորականը քաղաքական և ռազմական իր հարուստ կենսագրության վերջին շրջանում՝ 2011-14թթ. գլխավորել է Հյուսիսային Կովկասում հակաահաբեկչական օպերացիան իրականացնող զորքերի միասնական խմբավորումը (!):

Սերոբ Անտինյան

Ո՞րն է հակամարտության այս փուլում նման նշանակման պատճառը: Ի՞նչ նպատակներ է հետապնդում այս հարցում Ռուսաստանը:

Հակամարտության գոտի, իսկ ավելի ճիշտ Արցախի պաշտպանական գծի հյուսիսային շրջանում (ասել է թե` Դաղստանի անմիջական հարևանությամբ) ահաբեկչական խմբավորումների ներմուծումն ու ակտիվորեն օգտագործումը թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքականության ղեկավարության կողմից արդեն միջազգայնորեն ընդունված և ճանաչված փաստ է: Ռազմական գործողություններում ահաբեկիչների մասնակցության մասին արդեն մոտ մեկ շաբաթ է՝ լայնորեն խոսում է միջազգային մամուլը: Այդ մասին պաշտոնապես և միարժեքորեն հայտարարել են արդեն բազմաթիվ երկրների ղեկավարներ և իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներ` այդ թվում Ֆրանսիան, ԱՄՆ, Իրանը, Սիրիան և այլն: Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության ղեկավարը երեկ հայտարարեց, որ Մերձավոր Արևելքից հակամարտության գոտի են ուղարկվել հազարավոր (!) ահաբեկիչներ: Ըստ որում` ամենայն մանրամասնությամբ ներկայացվեցին ահաբեկչական կազմակերպությունների անվանումները:

Պետք է փաստել, որ անկախ այդ զինյալների քանակից և դրանց տեղափոխման բուն նպատակից, սա մի փաստ է, որ չի կարող չանհանգստացնել Ռուսաստանին, որովհետև իրադարձությունները տեղի են ունենում այդ երկրի անմիջական սահմանին մոտ:

Աներկբա, հակաահաբեկչական գործողություններում հաջողություններ արձանագրած գեներալ Մելիքովի նշանակումը տարածաշրջանում և, մասնավորապես, հակամարտության թեժ գոտում, հնարավոր տարբեր զարգացումներին համարժեք արձագանքելու նպատակ ունի: Նախ` զինվորականի նշանակումը քաղաքացիական պաշտոնում նպատակ ունի զսպելու Դաղստանում բնակվող բավականին մեծ քանակությամբ էթնիկ ադրբեջանցիների ակտիվությունը պատերազմի հնարավոր թեժացման պարագայում: Ազգությամբ լեզգի Մելիքովը անպայմանորեն իր անձնական վերաբերմունքը կունենա Ադրբեջանի հյուսիսում (Դաղստանի հարավում) բնակվող ազգային փոքրամասնությունների տրամադրությունների, այս հակամարտությանն ունեցած վերաբերմունքի և հնարավոր տարբեր սցենարների դեպքում` տարբեր գործողությունների հանդեպ:

Բայց սա դեռ ամբողջը չէ: Չի բացառվում, որ Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը դիտարկում է առավել գործուն հակաահաբեկչական (!) պայքար. իրադարձությունների թեժացման դեպքում հստակ հակաահաբեկչական գործողություններ բուն Ադրբեջանի տարածքում, այդ թվում` լեզգիների ակտիվ մասնակցությամբ: Դրանով Ռուսաստանը մի քանի հարց կարող է լուծել:

Նախ` վերջնականապես և մեկընդմիշտ այս տարածքներից կհեռացվի Թուրքիան: Վերջինս վաղուց ռազմաքաղաքական առումով ամրապնդվել է Ադրբեջանում՝ գործնականում զրկելով այդ երկրին իր քաղաքականությունը որոշելու ինքնիշխան հնարավորություններից: Տարածաշրջանը հետևողականորեն ապակայունացնող այս երկրի և իր ագրեսիվ առաջնորդի հետ Ռուսաստանն ունի հին հաշիվներ: Իսկ նման պատեհ առիթ, այն է՝ «հակաահաբեկչական գործողության» անվան տակ «հաշիվները մաքրելը» և նման ռազմական օպերացիա իրականացնելը, կարող է այլևս չլինել:

Երկրորդ, սա շատ լավ հնարավորություն է Հյուսիսային Ադրբեջանում ռուսական ռազմական ներկայության ապահովման: Ռուսաստանը (Հայաստանի հետ համաձայնեցմամբ) կարող է դա անել այս հակամարտության ներքո տեղակայվող «խաղաղապահների» անվան տակ, բայց ոչ թե արցախաադրբեջանական սահմանին, այլ հենց ահաբեկչական խմբավորումների գտնվելու տարածքներում, ասել է թե` հենց հյուսիսային Ադրբեջանի հատվածում:

Արձանագրենք, որ ի տարբերություն Սիրիայում հակամարտության, որը մեծ հաշվով Թուրքիայի կենսական տարածքն է, Հարավային Կովկասը Ռուսաստանի կենսական տարածքն է, որը հաստատված իրողություն է և վիճարկման ենթակա չէ: Այս առումով Ռուսաստանը օգտագործելու է պատմական այս հնարավորությունը և փորձելու է լուծել իր անվտանգային խնդիրները հիմնովին և մեկընդմիշտ:

Հասկանալի է, որ այս սցենարը խիստ ծայրահեղ և նվազ հավանական է, բայց նկատի առնելով տարածաշրջանի (Մեծ Մերձավոր Արևելքի) վերջին տասնամյակի անկանխատեսելի ու թեժ զարգացումները, այն իսպառ բացառել չի կարելի:

Մեզ մնում է անկասելի պահել մեր հուժկու և հաղթական գործողությունները մեր ոխերիմ հարևանի հնարավոր վախճանի պարագայում մեկընդմիշտ լուծելու համար հայկական մեր պետությունների կայուն խաղաղության հիմնահարցը, անվտանգ գոյության ու բարգավաճման համազգային նպատակը:

 

Սերոբ ԱՆՏԻՆՅԱՆ

Կառավարման մասնագետ, վերլուծաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031