Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը իր թվիթերյան միկրոբլոգում պնդում էր կատարել, թե Հայաստանը կասետային ռումբերով հարվածել է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան գազատարի ուղղությամբ՝ որպես ապացույց կցելով լուսանկարներ։
Հատկանշական է, որ Հաջիևի հրապարակած նկարում նույն իսրայելական M095 DPICM կասետային ռումբերն են, որոնք Ադրբեջանը կիրառել է Ստեփանակերտի խաղաղ բնակչության դեմ։ Հիշեցնենք, որ հեղինակավոր Amnesty International-ը հայտարարել էր, որ կազմակերպության փորձագետները Ստեփանակերտում կարողացել են նույնականացնել՝ Արցախի մայրաքաղաքը ռմբակոծվել է իսրայելական արտադրության կասետային ռումբերով, մինչդեռ միջազգային իրավունքով այդ ռումբերն արգելված են։
Կարևոր է ընդգծել, որ հրթիռային այս համակարգերն ու զինամթերքը առկա են Ադրբեջանի զինանոցում. Հայաստանը Իսրայելից նման զենքեր չի գնել։
Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը նաև շեշտել էր՝ թեև Ադրբեջանը հաղորդել է իր մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Գյանջայի և այլ բնակավայրերի հրետակոծության մասին, այնուամենայնիվ վերջինիս կողմից ներկայացրած ֆոտո և վիդեոապացույցները դեռևս թույլ չեն տալիս եզրակացություն անել հատուկ թիրախավորման, ինչպես նաև այն մասին, թե հրթիռային մարտագլխիկներում կա արդյոք կասետային զինամթերք, թե ոչ։
Տեղեկատվության ստուգման կենտրոն