«Մեդիա կենտրոնի» «Ինչպես հաղորդակցվել թշնամու կրակից փրկվածների հետ» խորագրով վեբինարի ժամանակ հոգեթերապեւտ, հոգեբան, Հայկական հոգեվերլուծական ասոցիացիայի անդամ Հասմիկ Հարությունյանն անդրադարձավ այն թեմային, թե ինչպես պետք է հաղորդակցվել պատերազմ տեսած մարդկանց հետ, որոնք չափազանց զգայուն են, ու նրանց հետ հաղորդակցվելու ինչ հմտություններ են անհրաժեշտ:
Հոգեբանի խոսքով, այսօր, երբ Արցախից մի շարք ընտանիքներ են հյուրընկալվել ՀՀ տարբեր ընտանիքներում, անհրաժեշտ է տեղյակ լինել, թե ինչպես պետք է վարվեն հյուրընկալող ընտանիքները:
«Այն մարդիկ, որոնք ժամանում են Արցախից, գտնվում են ծանր հոգեբանական վիճակում: Ցավոք, այս պատերազմում ակտիվացել են ոչ միայն երեսուն տարվա, այլեւ մեր հին վերքերն ու տրավմաները, որոնք մեկ դարի չափ առկա են: Մի կողմից հասկանում ենք այս ընտանիքներին, որ ծանր տրավմա են ապրում, բայց գոյության վերաբերյալ բոլորիս տագնապներն ու հույզերն են ակտիվացել:
Մենք մի կողմից կարող ենք հասկանալ այդ ամենը, բայց մյուս կողմից էլ դա խանգարում է, որովհետեւ բոլորս կարիք ունենք հանգստանալու եւ ի վիճակի լինելու օգնելու Արցախից ժամանած ընտանիքներին: Չպետք է շատ խոսել ու շատ հարցեր տալ: Շատ անհատական ռեակցիաներ կարող են լինել մարդկանց մոտ՝ շոկ, տխրություն, շփվելու բացակայություն, խուճապ, եւ գործողություններն ու պատասխան ռեակցիաներն էլ կարող են տարբեր լինել՝ պաշտպանականից մինչեւ հերքում»,-կարծում է Հասմիկ Հարությունյանը:
Կարդացեք նաև
Իսկ ինչի՞ մասին պետք է խոսել նրանց հետ, եւ ինչի մասին չպետք է խոսել: Հոգեբանի խոսքով, այդ ընտանիքների հետ պետք է խոսել այն ամենի մասին, ինչի մասին մարդիկ կարող են խոսել. «Եթե մարդը պատրաստ է խոսել առօրյա բաներից, թող դրանից խոսի…Հոգեբանական ցնցման մեջ մարդը հաճախ ի վիճակի չէ արտահայտել այն, ինչ զգում է, իրեն ժամանակ է պետք, որպեսզի պատմի, թե ինչ է եղել իր հետ ու ինչ է զգում»:
Ինչ վերաբերվում է երեխաների հետ շփմանը, որոնց մայրերը հոգեբանորեն ծանր վիճակում են, իսկ հայրերը ռազմաճակատում, հոգեբանի խոսքով, պետք է պատասխանել երեխաներին հուզող բոլոր հարցերին. «Երեխաների հետ խոսելը շատ կարեւոր է, իսկ ամենահեշտ ձեւը հաղորդակցվելու նրանց հետ խաղալն է, հենց պատերազմի մասին երեխաների հետ կարելի է խաղի միջոցով խոսել, բացատրել, թե ինչ է պատերազմը: Բարդ է երեխային բացատրելը, որ ագրեսիվ գործողությունները, որ գնում են հիմա, ինչի համար են: Երեխային պետք է ասել ճշմարտությունը՝ փոքրերին նկարելով ու խաղի միջոցով, ավելի մեծերին՝ բացատրելով:
Պետք է խուսափել ուժեղ, էմոցիոնալ խոսքերից, վատ բառերից, ճեղքումից, որ իրենք վատն են, մենք՝ լավը…Երեխան պետք է իմանա պատմությունը, բայց՝ ոչ պիտակավորումներով, որովհետեւ երեխան վատն ու լավն ուղիղ է հասկանում; Երեխային պետք է ցույց տալ, որ ցանկացած կոնֆլիկտ ի վերջո լուծվում է խոսքի միջոցով, կարելի է պահանջը ներկայացնել խոսքի միջոցով: Պետք է բացատրել, որ այժմ առնչվում ենք մեր գոյությունը պահպանելու հետ: Պետք է ասել, որ պատերազմի ժամանակ պետք է պաշտպանվել, պատասխան տալ՝ պաշտպանելով սեփական տունը, երեխաներին»:
Հոգեբանը նորից է ընդգծում է՝ պետք է ճշմարտությունը ներկայացրել, բայց բացատրելով: Ի՞նչ նշաններ են վկայում, որ երեխան սթրեսի մեջ է. այս հարցի վերաբերյալ էլ Հասմիկ Հարությունյանը նշեց. «Երեխան կարող է փակված լինել, չցանկանալ շփվել կամ ընդհակառակը՝ լինել ագրեսիվ ու հիպերակտիվ, քանի որ վիճակը ճգնաժամային է: Երեխան կարիք ունի ուշադրության, որ նրան բացատրեն, նրա հետ հաղորդակցվեն, խաղան, նկարեն, երաժշտություն լսեն: Դրա համար պետք է գտնել այն միջոցը, ինչ երեխան է սիրում…Իսկ սեղանի շուրջ կամ դրսում մեծերի հետ խաղալը կօգնի բոլորին՝ նաեւ մեծերին»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ