«Հակառակորդին հարմար պահին հասցվել է հրետանային հուժկու հարված: Կարելի է ասել, գլխովին ջախջախվել է 3 բրիգադ՝ իր հարձակողական գրեթե ողջ կազմով, մոտ 60 դիակ թողել են դաշտում, մի մասն անհասկանալի է, թե ինչ վիճակում են: Թողել են մեծ թվով զրահատեխնիկա, որը՝ սարքին, որը՝ խոցված ու գլխովին ջախջախված, մնացորդները փախել են ուղղակի դաշտից»,- քիչ առաջ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ պաշտպանության բանակը հաջողություններ ունի նաեւ հյուսիսային ուղղությամբ՝ դիրքեր է ազատագրել:
Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ միջազգային որեւէ պետություն, որեւէ կառույց, որն Ադրբեջանի հետ դաշնակից չէ, չի կասկածում, որ ահաբեկչական կազմակերպություններ են բերվել՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի ձեռամբ:
Հարցին, թե Ջաբրայիլում ի՞նչ իրավիճակ է՝ Արծրուն Հովհանիսյանը պատասխանեց. «Հակառակորդը փորձում էր հարձակում զարգացնել, այսօր գլխովին ջախջախվել է, դուրս է շպրտվել իր հարձակողական բնագծերից: Մեր ԶՈՒ-ն շարունակում է իր հաջողությունների շղթան: Սա մեզ համար չափազանց կարեւոր ու ոգեւորիչ է, բայց ծանր պատերազմ է, կարող են լինել հաջողություններ, նահանջներ, շրջանցումներ, բայց հաղթանակը մե՛րն է լինելու: Մեր ԶՈՒ-ն հստակ իր խնդիրը կատարում է»:
Կարդացեք նաև
Արծրուն Հովհաննիսյանը մանրամասնեց, թե ինչ մարտեր են ընթանում. «Երբ որ խոսք է գնում տասնյակ հազարավոր զորքի մասին, խոսք է գնում Ադրբեջանի ամբողջ զինված ուժերի մասին, այդ թվում՝ ծովուժից, օդուժից, սահմանապահներից, հատուկ ծառայություններից հավաքված բոլոր զորքերի միասնական հարձակման մասին, որը դու ջախջախում ու հետ ես շպրտում, մեկ-երկու դիրք աջ, ձախ, հետ առաջը ոչինչ չի որոշում: Սա 15-20 տարի առաջվա խրամատային կռիվը չի, երբ մեկ դիրք առաջ, մեկ դիրք հետը ինչ-որ բան էր որոշում: Սա լուրջ զորախմբերի մասին է: Երբ դիմացից գալիս է 200-300 տանկ, տասնյակ կիլոմետրեր են, ոչ թե մեկ-երկու կիլոմետր»:
ՊՆ ներկայացուցիչը նաեւ հավելեց, որ Իրանի սահմանը կարող է վտանգվել. «Ավանդաբար եղել է այնպես, որ երբ ջախջախում ես, փախչում են Պարսկաստանի տարածք, կամ փորձում են Պարսկաստանի տարածքն օգտագործել: Մենք շատ ուրախ ենք, որ Պարսկաստանը դա գիտակցում է, կատարում է համապատասխան քայլեր ու ոչ միայն քաղաքական»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ