Մեքսիկայում ՀՀ դեսպան Արա Այվազյանի հարցազրույցը «Reforma» լրատվականին։
Հայաստան. «Չեզոք կոչերի ժամանակն արդեն անցել է»
«Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջին զինված հակամարտությունը պահանջում է միջազգային հանրության հստակ դիրքորոշում, որպեսզի այն էսկալացիայի չենթարկվի տարածաշրջանից դուրս»,- ասաց Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանը, ով հոկտեմբերի 2-ին, Մեքսիկայում ավարտեց իր դիվանագիտական առաքելությունը։
«Բարեփոխում» («Reforma») լրատվականին տված հարցազրույցում դիվանագետը մեղադրեց Թուրքիային, որը, օգտվելով ներկայումս կորոնավիրուսի համաճարակի արդյունքում առաջացած համարաշխահային ճգնաժամից, իր կայսրությունն ընդլայնելու նպատակով հակամարտության գոտում խրախուսում է առճակատումը։
Կարդացեք նաև
Դեսպանը նշեց, որ հակամարտությունն արդեն երեսուն տարի է, ինչ գտնվում է լատենտ վիճակում։ Այն պահից ի վեր, երբ Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանից անկախանալու մասին, Ադրբեջանը շարունակաբար դիմում է ռազմական տարբերակին՝ նավթի և գազի իր հարուստ պաշարների միջոցով այդ ռազմավարական նշանակության տարածքին տիրանալու համար, որը լեգիտիմորեն «պատկանում է բնիկ ժողովրդին»՝ հայերին։
Հաշվի առնելով վերոնշյալը՝ դեսպանը կոչ արեց միջազգային հանրությանը հրադադարի հաստատման համար ճնշում գործադրել Թուրքիայի նկատմամբ և ստիպել Ադրբեջանին վերադառնալ երկխոսության՝ հակամարտության էսկալացիայից խուսափելու համար։
Հարց. Ո՞ւմ է պատկանում Լեռնային Ղարաբաղը։
Արա Այվազյան. Լեռնային Ղարաբաղը պատկանում է այնտեղ ապրող բնիկ ժողովրդին, և հայ ժողովուրդն է այն ժողովուրդը, որն այնտեղ է բնակվում ավելի քան երկու հազար հինգ հարյուր տարի։ Ինչպես աշխարհի շատ ժողովուրդներ, Լեռնային Ղարաբաղը (1991 թվականին) իրականացրեց ինքնորոշման իր անօտարելի իրավունքը՝ միջազգային իրավունքին և Խորհրդային Միության օրենքներին համապատասխան։ Այս ժողովուրդը պայքարում է իր գոյության համար։
Հարց. Ըստ Ձեզ, ինչո՞ւ Ադրբեջանն այդ տարածքը չի զիջում հայերին։
Արա Այվազյան. Որովհետև պայքարում ենք բարբարոսության, հետամնացության և հայերի նկատմամբ ատելության դեմ։ Ադրբեջանը, ըստ երևույթին, ոգևորված լինելով նավթի և գազի հսկայական պաշարներով, որը նրան յուրահատուկ կշիռ հաղորդեց միջազգային էներգետիկ քաղաքականության մեջ, մտածեց, որ հեշտորեն կարող է հարցը լուծել ռազմական ճանապարհով։
Հարց. Ինչպե՞ս սկսվեց Լեռնային Ղարաբաղում վերջին հակամարտությունը։
Արա Այվազյան. Վերջին լարվածությունը սկսվեց սեպտեմբերի 27-ին՝ առավոտյան, Թուրքիայի դրդմամբ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Հայաստանում՝ Արցախի Հանրապետություն) սահմանի երկայնքով իրականացված ռազմական ագրեսիայով՝ կիրառելով աշխարհի ժամանակակից զինանոցը, հրթիռներ, տանկեր, զրահապատ մեքենաներ և օդուժ։
Երկու ամիս առաջ Թուրքիան լայնամասշտաբ զորավարժություն անցկացրեց Ադրբեջանում՝ օգտագործելով ողջ ռազմական զինանոցը, և այնտեղ թողեց բոլոր զենքերը, ինչպես նաև թուրք ռազմական հրահանգիչների, որոնք վերապատրաստում են ադրբեջանական բանակին։
Նաև, նախկինում զգուշացրել էինք, որ Թուրքիան Սիրիայից փոխադրեց Ադրբեջան, ըստ մեր հաշվարկների, մոտ չորս հազար մահմեդական ջիհադիստ մարտիկների, և այսօր (հոկտեմբերի 1-ը, հինգշաբթի) Ռուսաստանի, Ֆրանսիայի նախագահները և Պենտագոնը հաստատեցին, որ Թուրքիան կատարել է այդ փոխադրումը։ Այսպիսով, Հայաստանը պայքարում է պետական ահաբեկչության դեմ, որն իրականացնում է Թուրքիան՝ իր կրտսեր եղբորը՝ Ադրբեջանին սատարելու համար։
Հարց. Ունե՞ք պաշտոնական տվյալներ զոհված անձանց, պատճառված վնասների, փլուզված ենթակառուցվածքների, հակամարտության արդյունքների մասին։
Արա Այվազյան. Այս պահի դրությամբ, մեր կողմից զոհված անձանց թիվը 104 է։ Բազմաթիվ զոհեր կան խաղաղ բնակչության շրջանում։ Մեծ վնաս է պատճառվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Բուն պատերազմի մեջ ենք, ուստի տվյալները յուրաքանչյուր վայրկյան փոխվում են։ Միայն այսօր՝ ռմբակոծությունից հետո, բնակավայրերից մեկում սպանվել է յոթ քաղաքացիական անձ։
Հարց. Ինչո՞ւ հակամարտությունն էսկալացիայի ենթարկվեց։
Արա Այվազյան. Տարիներ շարունակ, և հատկապես հիմա, երբ աշխարհն ինքնամփոփ դարձավ (համաճարակով պայմանավորված սահմանափակումների և արգելափակումների պատճառով), ռազմատենչ հռետորաբանությունը հասցվեց ամենաբարձր մակարդակի։ Թուրքիայի նախագահը (Ռեջեփ Թայիփ Էրդողանը) սկսեց ուղղակիորեն սպառնալ Հայաստանին սահմանի երկայնքով իր ագրեսիվ ծրագրերը տարածելու նպատակով (Թուրքիան այն երկիրն է, որը ցեղասպանություն է գործել հայերի նկատմամբ): Այդ պատճառով էլ սկսվեց։ Հայաստանը, հատկապես ներկայիս իրավիճակում, որևէ շահ կամ պատճառ չունի պատերազմ սկսելու կամ հակամարտությունն ընդարձակելու մեջ։ Մենք մշտապես խաղաղ կարգավորման ջատագով ենք։
Հարց. Հայտնի է, որ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է։ Ինչպիսի՞ հաղորդակցություն է ունեցել Ձեր երկիրը Մոսկվայի հետ։
Արա Այվազյան. Ոչ միայն Ռուսաստանի հետ․ Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկն է և հակամարտության ողջ պատմության ընթացքում կայունացնող և միջնորդական դեր է խաղացել։ Կապի մեջ ենք ինչպես Մոսկվայի, այնպես էլ Միսնկի խմբի մյուս համանախագահների հետ (Ֆրանսիա և Միացյալ Նահանգներ)։
Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է, սակայն նաև Ադրբեջանի ռազմավարական գործընկերը, և ցանկանում եմ շեշտել այն հանգամանքը, որ հակամարտության որևէ կողմում չէ և փորձում է ստիպել հատկապես Ադրբեջանին, որ վերադառնա բանակցությունների սեղան։
Հարց. Ինչպե՞ս եք գնահատում միջազգային հանրության դերն այս ամենում։
Արա Այվազյան. Առաջին օրերին միջազգային հանրությունը սահմանափակվում էր բանակցությունների սեղան վերադառնալու վերաբերյալ անաչառ հայտարարություններ կատարելով և դատապարտելով ուժի կիրառումը։ Սակայն, ելնելով Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններից՝ ես կարծում եմ, որ միջազգային հանրությունը կստանձնի առավել հստակ դերակատարում։ Կարծում եմ նաև, որ արդեն բոլորը գիտեն՝ ով է ագրեսորը և ով է փորձում տարածաշրջանում ատելություն և քաոս սերմանել։
Համոզված եմ՝ միջազգային հանրությունը հիմա կարևորագույն դեր ունի՝ ստիպել Թուրքիային և Ադրբեջանին անցնել հրադադարի։ Ռազմական լուծում գոյություն չունի։ Մեքսիկան, որը նույնպես ծանրակշիռ պետություն է, ընտրվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ և սերտ հարաբերությունների մեջ է Թուրքիայի հետ, նույնպես կարող է դրական և կայունացնող դեր խաղալ այս իրավիճակում։
Հարց. Եվ եթե երկու կողմերին դիմել են անցնել հրադադարի, ինչո՞ւ չեն անում դա։
Արա Այվազյան. Հայաստանը և հայերս պաշտպանվում ենք 80 միլիոն բնակչություն ունեցող երկրի՝ Թուրքիայի, և 10 միլիոն բնակչություն ունեցող երկրի՝ Ադրբեջանի բանակներից։ Հայաստանն ունի 3 միլիոն բնակչություն, և եթե մեզ չպաշտպանենք, պատկերացրեք, թե ինչ կարող է տեղի ունենալ։
Հարց. Եղե՞լ է արդյոք Լեռնային Ղարաբաղի բնակավայրերից տեղահանում, ինչպես հայտարարել է Ադրբեջանը։
Արա Այվազյան. Ոչ, դա քարոզչություն է, որն իրականության հետ որևէ աղերս չունի։ Մոտ երկու տարի առաջ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ղարաբաղում ներմուծեցինք ազգ-բանակ հայեցակարգը՝ հաշվի առնելով մեր սահմանափակ ռեսուրսները։ Դրա համաձայն՝ ներկայիս իրավիճակի նման ճգնաժամային դեպքերում ամբողջ ազգը դառնում է բանակ՝ երեխաներից սկսած մինչև կանայք. մենք մեր գոյությունն ենք պաշտպանում։
Հարց. Կարծում եք հակամարտության մասշտաբները կընդլայնվե՞ն։
Արա Այվազյան. Դա կախված է Մինսկի խմբի համանախագահների և միջազգային հանրության դերակատարումից։ Ես դեռ հավատում եմ ողջամտությանը։ Կարծում եմ, որ վաղ թե ուշ միջազգային հանրությունը կհասկանա և կստիպի Թուրքիային այս հակամարտության որևէ կողմում չգտնվել և որքան հնարավոր է հեռու մնալ։ Ադրբեջանն առանց Թուրքիայի աջակցության չունի ռազմական հաջողություն արձանագրելու որևէ հնարավորություն։
Հարց. Ինչպե՞ս է ապահովվում քաղաքացիական անձանց պաշտպանությունը։
Արա Այվազյան. Անում ենք հնարավոր ամեն բան քաղաքացիական բնակչության կորուստներից խուսափելու համար։ Սակայն, երբ քեզ վրա են նետում վերջին սերնդի հրթիռներ, երբ ինքնաթիռները հարձակում են գործում քաղաքացիական բնակչության վրա, ինչպես տեղի ունեցավ վերջին երկու օրերի ընթացքում, ապա երեկոյան բնակչությունը պատսպարվում է ապաստարաններում, իսկ ցերեկը պաշտպանում է իր տները։
Հարց. Ի՞նչ պետք է տեղի ունենա, որ վերջ դրվի այս հակամարտությանը։
Արա Այվազյան. Անհրաժեշտ է հնարավորինս հեռու պահել Թուրքիային, դատապարտել այս պետության կողմից քարոզվող պետական ահաբեկչությունը և ստիպել Ադրբեջանին նստել երկխոսության սեղանի շուրջ։ Եթե ոչ, ապա ես կարծում եմ, որ գտնվում ենք միջազգային հանրության որոշ երկրների կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման նախաշեմին։
Կարծում եմ, որ արդեն անցել է չեզոք կոչեր անելու ժամանակը։ Եթե իսկապես ցանկանում ենք թույլ չտալ, որ հակամարտությունը տարածվի տարածաշրջանից, ապա միջազգային հանրության պատասխանատու անդամները պետք է իրերն իրենց անուններով կոչեն։
Հարց. Որո՞նք են այս պատերազմի հետևանքները միջազգային հանրության համար։
Արա Այվազյան. Այս տարածաշրջանն ունի ռազմավարական մեծ նշանակություն։ Սա վերաբերում է Ռուսաստանին. մենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ ենք, որի առաջամարտիկն է Ռուսաստանը, և որի կազմում են Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Հայաստանը։ Մյուս կողմում է Թուրքիան, որը Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերության՝ ՆԱՏՕ-ի անդամ է։ Սակայն, ըստ երևույթին, ՆԱՏՕ-ն շատ վրդովված է Թուրքիայի պահվածքից՝ հատկապես վերջին տարիներին։ Սա վերաբերում է նաև Իրանին. այս գերկարևոր պետությունը Լեռնային Ղարաբաղի հարցում մշտապես կայունացնող դեր է խաղացել։ Նաև կարող են գործոն հանդիսանալ արտատարածաշրջանային շահերը, ինչի արդյունքում կարճ ժամանակահատվածում հակամարտության մասշտաբները կարող են ընդլայնվել։