Լրահոս
Օրվա լրահոսը

«Աբսուրդի է վերածվում 2020 թ.-ին, արմատապես այլ տարածաշրջանային իրավիճակում և ակտիվ պատերազմական գործողությունների ժամանակ, 1993 թ.-ին ընդունված ՄԱԿ ԱԽ-ի բանաձևերով Հայաստանին շանտաժի ենթարկելը». Սոսի Թաթիկյանի բաց նամակը վարչապետին

Հոկտեմբեր 07,2020 11:04

Հանրային կառավարման մասնագետ Սոսի Թաթիկյանի ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Բաց նամակ վարչապետ Փաշինյանին

Դիտելով հերթական բրիտանացի լրագրողի ագրեսիվ գրոհը Հայաստանի վարչապետի վրա` հղում կատարելով ՄԱԿ-ի ԱԽ 1993 թվականի չորս բանաձևերին, որոնք չեն էլ պահանջում վերադարձնել հենց Արցախը, այլ դրան հարակից մի քանի տարսծք, ես կարծում եմ, որ պատասխան գտա դրանց համար: Իսկ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի բանաձևերին անդրադառնալն ընդհանրապես լուրջ չէ, քանի որ դրանք երբևէ որևէ իրավական ուժ չունեն, միայն դեկլարատիվ են:

Միջազգային իրավունքը շատ արագ է զարգանում, բացի ՄԱԿ-ի կանոնադրությունից և հիմնարար ու անկյունաքարային կոնվենցիաներից: ՄԱԿ-ի ԱԽ-ն տարբեր երկրների վերաբերյալ կարող է տարին մեկից մի քանի նոր բանաձև ընդունել: Ես դրանց ականատես եմ եղել` աշխատելով աշխարհի թեժ հակամարտությունների կետերում ՄԱԿ-ի առաքելություններում, որտեղ մենք ինքներս տարին մեկ կամ երկու անգամ մասնակցում էինք ՄԱԿ-ի ԱԽ հերթական բանաձևի մշակմանը տվյալ երկրի վերաբերյալ:

Այո, Կոսովոյի, Արևելյան Թիմորի, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության վերաբերյալ, որոնցում ես աշխատել եմ, ՄԱԿ-ը առնվազն տարին մեկ ընդունում էր նոր բանաձևեր` վերահաստատելով հները, նրբերանգային կամ արմատական փոփոխություններ անելով հներում կամ լիովին նոր բանաձևեր ընդունելով` ելնելով նոր, ընթացիկ իրավիճակից:

Կարծում եմ, որ աբսուրդի է վերածվում 2020 թվականին, արմատապես այլ համաշխարհային ու տարածաշրջանային իրավիճակում, և Հայաստանի հանդեպ հրահրված ակտիվ պատերազմական գործողությունների ժամանակ 1993 թվականին ընդունված ՄԱԿ ԱԽ-ի բանաձևերով Հայաստանին շանտաժի ենթարկելը: Այդ բանաձևերը եղել են իրավիճակային, ընդունված 1993 թվի իրավիճակի համար, և դրանց բազմաթիվ կետեր առաջին հերթին Ադրբեջանն է խախտել: Դրանք պետք է ուղարկել պատմության գիրկը: Առավելին, պետք է հասնել նոր, ընթացիկ իրավիճակի համար ադեկվատ բանաձևի:

1993 թ. ի վեր կենսապահպան անջատման (remedial secession) ու ազգային ինքնորոշման սկզբունքների հիման վրա անկախացել են նույնանման իրավիճակներում գտնվող Արևելյան Թիմորը, Հարավային Սուդանը, տրոհվել է նախկին Հարավսլավիան ու անկախացել են դրա բոլոր միավորները, իսկ Կոսովոն` կիսով չափ և դե ֆակո է ճանաչվել որպես անկախ: Արցախի համար անջատումը նույնիսկ անցած էտապ է, և անջատում տերմինի կիրառությունը կհարուցի ներքին ու արտաքին խնդիրներ, հետևաբար առավել տեղին կլինի կիրառել կենսապահպան ճանաչում (remedial recognition) սկզբունքը:

Արցախում իրավիճակ է փոխվել, այն ենթարկվել է փոքրածավալ ռազմական ագրեսիայի 2016 թ. և լայնածավալի` հիմա, Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի կանոնադրության մի քանի անկյունաքարային հոդվածների և միջազգային իրավունքի այլ, այդ թվում` միջազգային հումանիտար իրավունքի հիմնարար նորմերի խախտման վրա, որոնց համեմատ ՄԱԿ-ի ԱԽ այդ պահի ու իրավիճակի համար ընդունված ու վաղուց ի վեր արդիականությունը կորցրած բանաձևերը անհամեմատ ավելի ցածր ստատուս ունեն: 2005 թ. ՄԱԿ-ում ընդունվել է ու հետագա տարիներին գնալով կարևորվել քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու` responsibility to protect civilians սկզբունքը:

Իսկ Արցախի կարգավիճակի համար օգտագործելու ենթակա երկու ամենամոտ նախադեպերի` Կոսովոյի ու Արևելյան Թիմորի կարգավիճակին առնչվող հարցերի, նմանությունների ու տարբերությունների մասին կարող եմ կիսվել լրացուցիչ, քանի որ երկուսուկես տարի աշխատել եմ Կոսովոյում ԵԱՀԿ ու ՄԱԿ-ի առաքելություններում` հենց Կոսովոյի անկախության հռչակման ժամանակամիջոցում, իսկ ուղիղ երեք տարի` նորանկախ Արևելյան Թիմորում ՄԱԿ-ի առաքելությունում:

Հարգարժան Վարչապետ, այլևս մի թույլատրեք լրագրողներին Ձեզ շանտաժի ենթարկել այդ հարցով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031