«Ահավոր է, ահավոր, վիճակ չկա, ընդեղ հնարավոր չէր մնալ, ահավոր է»,-մեզ հետ զրույցում անընդհատ կրկնում է Ստեփանակերտի հրետակոծությունից փրկված մի կին։ Նա իր տարեց մոր հետ արդեն երեք օր է` Գորիսում է։ Այստեղ նրանց ապաստան են հատկացրել մանկապարտեզներից մեկում։ Սիրտ չուներ, հազիվ էր խոսում, չցանկացավ անուն-ազգանունն ասել։ Երկու տղաներն ու ամուսինը ռազմաճակատում են, ասում է՝ զինվորական են, մեր խաղաղությունն են պաշտպանում։
«Մենք խաղաղություն ենք օզյում, թշնամու վայրագություններից օզյում ենք ազատվինք վերջապես։ Քանի՞ անգամ հայ ազգը պիտի սենց կործանվի, չեն թողնում մեր մանուկներին մեծացնենք մեր հողում, հանգիստ աշխատենք։ Տնից-տեղից ստիպված հեռացել ենք, արդեն հնարավոր չէր մեր տանն ապրեինք։ Անընդհատ կոտորածներ է, անընդհատ մահեր է, շրջապատում անընդհատ լսում ենք՝ նա մահացավ, սա մահացավ»,-պատմում է այս կինը։
Թոռնիկներին մայրերի հետ տեղափոխել են Երեւան, ասում է՝ ինքն է ստիպել, որ գնան, նրանք էլ իրենց ամուսիններին չէին ուզում թողնել ճակատում, ուզում էին թիկունքում մնալ։ Բայց, ահավոր էր, էլ հնարավոր չէր այնտեղ մնալ։ «Նենց էին խփում, երեխեքը վախենում էին, առաջին օրը թոռնիկս վախից սիրտը հետ ա տվալ, պադվալում էինք, բայց էնտեղ էլ է՛լ հնարավոր չէր մնալ»։
Թոռնիկը հիմա զանգում է տատիկին «դուխ է» տալիս․«Զանգում, ասում ա՝ տատի էլի ուժե՞ղ են խփում։ Դիմացի տատի, դիմացի, իմ պապիկը հետ կտա էդ ինքնաթիռներին»։
Կարդացեք նաև
Կինը սարսափած է․ այն ինչ տեսել է Ստեփանակերտի փողոցներում, մտքից դուրս չի գալիս, չգիտի՝ հրետակոծության տակ ընկնելն է ավելի սարսափելի, թե՞ ավերածությունները․ «Չգիտեմ՝ էդ ինչ են պայթեցրել, լրիվ քանդվել ա, «բալկոնից» մի կին ա ընկել, մահացել, մի մարդ վիրավորվել էր, նա էլ մահացավ։ Պայթյունից ապակիները թափվել են մամայիս վրա, հրաշքով ա փրկվել։ Ամբողջ քաղաքն ա տի, «էլէկտրասեծն» էն ինչ վիճակում էր, չգիտենք, էն ինչո՞վ են խփալ, ոնց որ վերցրած շենքը ծալած լինեին։ Ախ, դրանց վայրագությունների մասին ինչքան խոսես, չես վերջացնի։ Մնում ա վերեւներում մի բան որոշեն, մեղք են երեխաները, ժողովուրդը։ Ախր գնանք նորից վերակառուցենք մեր տներն ու ապրենք»։
1915 թվականի ցեղասպանության հետ է զուգահեռներ տանում, գիտի՝ մերոնք կռվում են ադրբեջանա-թուրքական զինված ուժերի, վարձկանների, ահաբեկիչների դեմ։ Այս կինը զարմացած է աշխարհի վրա, ասում է․«Խի՞ չեն մի պյան անըմ։ Էդ Էրդողանին սիրտ չունի՞, նա ինչպե՞ս է մտածում, ինչպե՞ս է փոքրիկի վրա ձեռք բարձրացնում, ինչպե՞ս է մտածում, որ պիտի սպանի։ Չգիտեմ, ամբողջ աշխարհը մի բան չի անում, միթե՞ դժվար է մի որոշում հանեն, որ մարդկանց չսպանեն։ Իբր թե ժողովրդավարություն է, զարգացած պետություններ են, Եվրոպան ինչո՞ւ է լռում, 15 թվի նման սպասում են, որ ի՞նչ։ Խե՞ չեն ժամանակին առաջը առնում»։
Չի դիմանում, հուզվում է, լաց լինում, հանգստանում ու ասում․«Տես ինչ արծիվ տղաներ ունենք, քանի անգամ ենք փորձանքով անցել, բայց էլի ուժեղ ենք, կանգուն»։
Նույն մանկապարտեզում է ապաստան գտել Հասմիկ Բաղրյանը։ Թոռը ռազմաճակատում է, տաս օր է՝ լուր չունի։ «Խաղաղություն եմ ուզում, խաղաղություն, աստված»,-կրկնում է տարեց կինը։ 92 ամյա բաբոն հպարտությամբ է պատմում է ինչպես է թոռը՝ Դավիթը, բուհ ընդունվել, լավ սովորել, կապիտանի կոչում ստացել։ Հետո անցնում է քաղաքականությանը, Թուրքիայի, Իսրայելի մասին խոսում, մի քիչ էլ՝ Մինգեչաուրի ջրամբարի։ Ու վերջում էլի․ «Խաղաղություն եմ ուզում, խաղաղություն»։
Նա արցախյան առաջին պատերազմի ժամանակ բուժքույր է աշխատել, պատմում է, ինչպես է խնամել վիրավորներին, ռմբակոծությունների տակ գնացել աշխատանքի։ Հառաչանքով հիշում է՝ մեր սիրուն Ստեփանակերտը, այն ժամանակ ավերակների վերածվեց, հետո կառուցեցին, շենացրեցին, ասում է՝ հիմա նորից ավերակներ են…
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
որտեղ տեսա՞ր «սարսափածը» այ Առավոտ: Թե՞ դու ես էդ օրին