Արցախում պատերազմի մեկնարկից սկսած մեր քաջարի զինվորների կողքին գնդերեցներն են՝ մի ձեռքով խաչ, մյուսով՝ զենք բռնած:
Զինվորների հոգեւոր աշխարհի հաստատունությունը եւ հավատքն առ Աստված ամրապնդելու համար մեծ է զորամասերի գնդերեցների դերը։ Նրանք միշտ զինվորի կողքին են` իրենց խորհուրդներով, աղոթքներով եւ ընկերական ջերմ սիրով։
Ստեղծված իրավիճակի պատճառով չկարողացա երկար զրուցել բոլոր գնդերեցների հետ, բայց փորձել եմ իմանալ կարեւորը:
N զորամասի գնդերեց Սեւակ սարկավագ Գրիգորյանն ասում է, որ Աստված միշտ մեզ հետ է, եւ ուրեմն՝ հաղթանակը մերն է լինելու: Առաջնագիծ մեկնողներին խաչով է ճանապարհում, փոխանցում է Աստծո օրհնությունն ու վստահություն հայտնում, որ հաղթելու ենք:
Գնդերեցը զինվորի անբաժան ընկերը, ավագ եղբայրն ու խորհրդատուն է. այս կարգախոսի շուրջ է խարսխված բանակում ծառայող յուրաքանչյուր հոգեւոր սպասավորի առաքելությունը։ Այդ ընկերությունից եւ խորհրդատվությունից շահում է ոչ միայն Հայոց բանակը, այլ նաեւ ողջ հայ ժողովուրդը։
Գնդերեցի կատարած առաքելությունից է նաեւ, որ այսօր Հայոց սահմանները գտնվում են կատարյալ հսկողութան եւ պաշտպանվածության ներքո։ Երբ կայուն է զինվորի բարոյահոգեբանական վիճակը, հաստատուն՝ հավատքը եւ բարձր՝ Հայրենիքի պաշտպանության սրբազան առաքելության գիտակցումը, ապա պաշտպանված եւ ամուր է Հայրենիքը։
Արդարեւ, Աստծով մենք հաղթելու ենք…
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Արցախ
«Առավոտ» օրաթերթ
06.10.2020