«Այդպիսի օր չկա, որ մեր զինված ուժերն ադրբեջանական որևէ օբյեկտ շարքից չհանեն»,- հարցին՝ Գանձակի օդանավակայանից բացի, էլ ի՞նչ ռազմական նշանակության օբյեկտներ ենք շարքից հանել, Հայկական միասնական կենտրոնում հրավիրված ասուլիսի ընթացքում այսպես արձագանքեց ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ, հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա պարզաբանեց՝ ուղղակի միշտ չէ, որ այդ օբյեկտները ենթակա են լուսաբանման կամ միշտ չէ, որ դրանք ռազմավարական նշանակություն ունեն. «Պատերազմն ընթացքի մեջ է. լայնածավալ է, սաստիկ է, պատերազմում լինում են ծանր մարտեր, տարբեր բնույթի խուսավարումներ, հաջողություններ կամ անհաջողություններ: Եթե այդ հարցերը նպատակահարմար գտնենք լուսաբանել, կներկայացնենք, եթե ոչ՝ հետևենք, վստահենք մեր զինվորականներին, հրամանատարներին, մեր զորքին, որոնք օրուգիշեր հերոսական օրինակներ են ցուցադրում: Երբեմն դրանք բոլորը չենք կարողանում հավաքել և ներկայացնել»:
Արծրուն Հովհաննիսյանը նաև անդրադարձավ այն զանգերին, որոնցով օգնություն, պարեն և դրամական միջոցներ են առաջարկում ու ասաց. «Դրամական միջոցները հիմնականում կարող եք ուղղել Հայաստան համահայկական հիմնադրամին և զինծառայողների ապահովագրության 1000+ հիմնադրամին»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ