Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Թող ինձ չգան այստեղ պատմեն, թե ճնշում եք գործադրել, սպառնացել եք, դուք չգիտեք, թե ինչ է ճնշում գործադրելն ու սպառնալը». Արթուր Հովհաննիսյանը՝ «թի վի 5»-ի հետ ԱԺ միջադեպի մասին

Հոկտեմբեր 06,2020 22:20

Այսօր ԱԺ-ում միջադեպ եղավ. «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Պողոսյանն ու Արթուր Հովհաննիսյանը բորբոքված էին, 5-րդ ալիքի լրագրողի հետ կապված ինչ-որ խնդիր էր ծագել, վստահեցնում էին, որ ռազմական այս դրության պայմաններում այդ ԶԼՄ-ի պահվածքի հետ կապված դիմելու են ԱԱԾ:

Ավելի ուշ «5-րդ ալիքի» գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ պատգամավորները հարվածել են լրագրողի խոսափողին ու լրագրողը հուզված՝ չի կարողացել իր մասնագիտական գործունեությունը շարունակել ԱԺ-ում: Այս առնչությամբ ԶԼՄ-ն հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազությանը եւ դիմել Ժուռնալիստների միությանը:

Aravot.am-ի հետ զրույցում Արթուր Հովհաննիսյանն այսպես պատմեց միջադեպը. «Նախ, «5-րդ ալիքի» ղեկավարությանը ես հարմար առիթի դեպքում բազմաթիվ դրվագներ կպատմեմ, թե ինչ է նշանակում խոչընդոտել լրագրողի աշխատանքին: Այն, որ ինչ-որ անձնավորություն հայտարարություն էր տարածել ֆեյսբուքում, դա այն նույն անձնավորությունն էր, որը ինձ այսօր առավոտյան անձնական բնույթի վիրավորանք էր հասցրել: Ես սրանից ավել մեկնաբանություն ու նկարագիր չեմ կարող տալ այդ մարդկանց գործունեությանը, որովհետեւ մի մարդ, ով դատախազություն, «Ժուռնալիստների միություն» դիմելու մասին հայտարարություն է տարածում, բայց դրանից երկու ժամ առաջ անձնական բնույթի վիրավորանք է հասցնում ԱԺ պատգամավորին, դա չի տեղավորվում որեւէ առողջ բանականության մեջ»:

Ըստ պատգամավորի, միջադեպի նախապատմությունն այն է, որ «5-րդ ալիքը» նյութ էր տարածել, որը վախ ու անհանգստություն կարող է տարածել մեր հանրության շրջանում, իսկ հանրությունը սովոր է մենակ վերնագրեր կարդալ. «Իմ գրառումից հետո իրենք վերախմբագրել են իրենց նյութի վերնագիրը՝ այդպիսով փաստելով, որ ես ճիշտ եմ, իրենք՝ սխալ, այդքանից հետո շարունակվել է իմ անձի նկատմամբ վիրավորանքներ հնչեցնել, հիմնականում՝ այդ անձի կողմից է եղել: Հիմա «5-րդ ալիքի» ժողովուրդը փորձում է զոհի կարգավիճակում հանդես գալ»:

Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ հիմա իրեն հետաքրքիր չի, թե ով որ ճամբարից է ու որտեղից է փող ստանում, սրանից առաջ էր հետաքրքիր ու սրանից հետո առավել հետաքրքիր է լինելու: Ինչ վերաբերում է բուն միջադեպին՝ նա ասաց, որ հարգում է լրագրողի մասնագիտությունը, ինքն էլ այդ ոլորտից է եղել. «Ես չէի կարող հարվածել խոսափողին ու սպառնալիք հնչեցնել, դա բացառված է, այնտեղ ներկա էին բազմաթիվ մարդիկ, ես այդ մարդկանց ե՛ւ բարոյականության մեջ եմ վստահ, ե՛ւ հիշողության, ե՛ւ լսողության: Ոչ մի բան չկա: Այդ հրապարակման մեջ գրվածը բացարձակ սուտ է, սադրանք է եւ զոհի կերպարում իրենց ցույց տալու պրիմիտիվ միջոց»:

Ավելի ուշ Արթուր Հովհաննիսյանն ասաց. «Ինձ հետ եղել է Քրիստինե Պողոսյանը, ես եւ Քրիստինե Պողոսյանը մարդա մեկ անգամ այսպես հրել ենք միկրոֆոնը, որովհետեւ մենք 4 հոգով կանգնած էինք, իսկ լրագրողը նախօրոք միացված տեսախցիկով պարզապես հայտնվեց մեր արանքում ու սկսեց առանց համաձայնություն ստանալու՝ սկսեց տարատեսակ հարցադրումներ հնչեցնել մի սովորական գրառման մասին, որը նրա մասին էր, որ պետք չի մարդկանց վախեցնել ինչ-որ ահասարսուռ վերնագրերով, անգամ եթե այն արտատպել եք միջազգային ինչ-որ ԶԼՄ-ից»:

Ըստ Արթուր Հովհաննիսյանի, այսօր տեղեկատվական հիգիենան պահելը ռազմական ճակատի նման է: Մեր դիտարկմանը, որ պաշտոնյաները պիտի հանդուրժող լինեն՝ ԶԼՄ-ների հրապարակումների, քննադատությունների հետ կապված՝ նա արձագանքեց. «Ես հանդուրժող եմ, հավատացեք, ես լրագրող եմ եղել ու իմ մաշկի վրա զգացել եմ ինչ է նշանակում լրագրողի աշխատանքին խոչընդոտելը: Թող ինձ չգան այստեղ պատմեն, թե ճնշում եք գործադրել, սպառնացել եք, դուք չգիտեք, թե ինչ է ճնշում գործադրելն ու սպառնալը»:

Aravot.am-ը զրուցեց նաեւ Հարություն Հարությունյանի հետ, որը կտրականապես հերքեց, թե անձնական բնույթի վիրավորանքներ է հասցրել պատգամավորին. «Ինքը ստում է: Երբ այդ գրառումն արել է, նախ, ինքը «5-րդ ալիքը» համեմատում է haqqin.az-ի հետ, գրում է, որ նրանք ավելի մեղմ են, քան մենք, տակը արդեն իր այսպես ասած ընկերները մտնում են եւ գրում են թուրքի լամուկներ, չգիտեմ ինչեր, ես ուղղակի գրեցի՝ «դուք հո հիմա՞ր չեք», ընդամենը դա: Հիմա դուք գնահատեք՝ ի՞ր գրածն է վիրավորանք, թե՞ իմ գրածը: Եթե ինքն իր էջի տերն է, թող այդ ամբողջը հեռացնի: Իմիջիայլոց, ես դրանք բոլորը սքրինշոթ եմ արել եւ դիմելու եմ դատարան»:

Ինչ վերաբերում է սխալը հասկանալուն ու նյութի վերնագիրը փոխելուն՝ Հարություն Հարությունյանն ասաց. «Ինքը իր մասին շատ մեծ կարծիքի է, իր գրառումից հետո չի փոխվել վերնագիրը»: Նա բացատրեց, որ youtube-ը երկար վերնագիր թույլ չի տալիս, երեկոյան ուշ ժամի են այն ավելացրել, զուտ տեխնիկական հարց է եղել: «Մեր հայցը պատրաստ է, մենք վաղը դիմում ենք դատախազություն, եթե չէ՝ կդիմենք միջազգային կազմակերպություններին»,- ասաց Հ. Հարությունյանը:

Ի դեպ, Հարություն Հարությունյանը հրապարակել է նաեւ այն տեսանյութը, որը քննադատության առիթ է դարձել. «Խնդրում եմ նայեք, տեսեք ինչը սրանց սրտով չի»:

https://www.facebook.com/fifthTV/videos/374318466942973/?v=374318466942973

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031