«Իրանի կողմից կան ոչ միայն քաղաքական հայտարարություններ: Մենք տեսնում ենք, որ Իրանը նաև դիմում է այլ քայլերի, և դրանք չեն սահմանափակվում միայն հայտարարություններով»,- Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ հետևություններ կարելի է անել Իրանի պաշտպանության նախարար, գեներալ Ամիր Հաթամիի՝ երկու կողմերին ուղղված հայտարարության հետ կապված, եթե ռումբերն առաջիկայում էլ ընկնեն Իրանի տարածք, Իրանը պատրաստվում է զգուշացումներից բացի առավել կոշտ քայլերի դիմել, այսպես պատասխանեց ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ, հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը:
Նշենք, որ սա Իրանի կողմից արված ոչ առաջին նախազգուշացումն է:
Ներկայացնելով այսօրվա ընթացքում սահմանային իրավիճակը՝ Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Այսօր վաղ առավոտից նորից սկսվեցին Ստեփանակերտի հրթիռակոծությունները, շարունակում են հրթիռակոծել քաղաքը, բնակելի թաղամասերը, շինությունները, ենթակառուցվածքները: Կան տուժածներ և վիրավորներ: Համապատասխան թվային ամփոփ տվյալները կներկայացնի Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը»:
Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ ցերեկվա ժամերին նորից թեժացան մարտերը հատկապես հարավային ուղղությամբ: Նա մանրամասնեց. «Հակառակորդը նորից լայնածավալ հարձակման փորձեր արեց Արաքսի երկայնքով՝ կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա, հետևակ, շարժական խմբեր: Այս կազմի հետ գործում են նաև ոչ ադրբեջանական զինված ուժերի ենթակայությամբ գործող զինծառայողներ»:
Խոսելով ադրբեջանական զինված ուժերի կորուստների մասին՝ նա հայտարարեց. «Առավոտվա տվյալներով՝ ադրբեջանական զինուժի կորուստներն են. 300 զոհ, 11 զրահատեխնիկա, 2 ուղղաթիռ, 2 ԱԹՍ: Այս տվյալները չեն ներառում այսօրվա մարտական գործողություններում իրենց կրած կորուստները, որը մենք կներկայացնենք վաղը: Այսուհետև ամեն օր կորուստները ներկայացվելու են առավոտվանից մինչև առավոտ»:
Կարդացեք նաև
Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ մարտերը բավականին ինտենսիվ են դարձել հատկապես կեսօրից հետո ու հավելեց. «Մեր զորքերը, ինչպես հաճախ, միայն չեն վարում պաշտպանական մարտեր: Հաճախ մենք իրականացնում ենք նաև այլ տիպի զորաշարժեր, որոնց բնույթն ու հաջողություններն այդ պահին չենք արձանագրում, այլ դրանց ավարտից հետո»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ