Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և նրա իրանցի գործընկեր Մոհամմադ Ջավադ Զարիֆը հեռախոսազրույց են ունեցել Ղարաբաղյան հակամարտության հարցով։ Նրանք իրենց մտահոգությունն են հայտնել հակամարտության գոտում իրավիճակի աննախադեպ սրման կապակցությամբ:
«Մոսկվան ու Թեհրանն իրենց լուրջ մտահոգությունն են հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի աննախադեպ սրման կապակցությամբ: Ընդգծվել է հակամարտությունում Սիրիայի և Լիբիայի անօրինական զինված խմբավորումների արմատական զինյալների ներգրավման վտանգը»,- ասված է մամուլի հաղորդագրության մեջ։
Լավրովը մատնանշել է տարածաշրջանում շուտափույթ խաղաղություն հաստատելու ուղղությամբ Ռուսաստանի ինտենսիվ ջանքերը ինչպես ազգային, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» շրջանակներում։ Նախարարները կրկին ընդգծել են այն կարևոր դերը, որ կարող են ունենալ Ադրբեջանի և Հայաստանի հարևան երկրները հակամարտության կարգավորման հարցում:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ