Մանկաբույժ Աշխեն Մհերյանը մանկահասակ երեխաներ ունեցող ծնողներին հորդորում է այս պահից սկսած պատրաստել առաջին անհրաժեշտության իրերի այն պայուսակը, որն օդային տագնապի դեպքում վերցնելու են իրենց հետ ապաստարան տեղափոխվելու ժամանակ:
«Ֆեմինի» նախագծի շրջանակներում Aravot.am-ը մանկաբույժ Աշխեն Մհերյանին խնդրեց ծնողներին խորհուրդ տալ, թե օդային տագնապի դեպքում երեխաների համար առաջին անհրաժեշտության ի՞նչ իրեր վերցնեն: Մանկաբույժը կարևորեց դեղորայքը, որն, անպայման, պետք է լինի պայուսակում ու մանրամասնեց. «Անպայման պետք է վերցնել ջերմիջեցնող դեղամիջոցներ, հակաբիոտիկներ, քթի կաթիլներ, հակաալերգիկ դեղամիջոցներ»:
Երեխաների համար անհրաժեշտ պարագաների շարքում մանկաբույժը հատուկ շեշտեց տաք և սառը ջրի առկայությունը, քանի որ հատկապես այն երեխաների համար, որոնք սնվում են կաթնախառնուրդներով, նրանց համար անհրաժեշտ է ունենալ տաք ջուր: Նաև կարևոր է երեխաների համար չոր սննդի պահեստավորումը:
Մանկաբույժը խորհուրդ է տալիս վերցնել նաև մրգեր, բանջարեղեններից, օրինակ՝ վարունգ:
Կարդացեք նաև
Հագուստը ևս պետք է նախապես պատրաստել: Պայուսակում պետք է լինեն փոխնորդներ, քանի որ չի իմացվի՝ քանի օր կարող ես մնալ ապաստարանում: Նաև անհրաժեշտ են տաք ծածկոցներ, գուլպաներ, խաղալիքներ:
Մանկաբույժն ասաց, որ շինությունների ստորին հարկերում երեխաները կարող են իրենց վատ զգալ, օրինակ՝ ունենալ խեղդող հազ, նյարդային տարբեր դրսևորումներ առաջանալ, օդը չհերիքի: Այս խնդիրներից խուսափելու համար նա որոշ խորհուրդներ տվեց. «Անպայման պետք է վերցնել սալբուտամոլ դեղամիջոցը, քանի որ ներքևի հարկում երեխան հնարավոր է խեղդող հազ ունենա, քթի կաթիլներ՝ աղաջուր, երբեմն կարող է օդը չհերիքել, եթե երեխան ունի բրոնխիտի հետ կապված խնդիրներ, անպայման պետք է ունենալ նաև դեքսամետազոն դեղամիջոց»:
Մանկաբույժը նաև ծնողներին և ընդհանրապես հանրությանը կոչ արեց չմոռանալ COVID-19 համավարակի գոյության մասին և հորդորեց անպայման պահպանել անվտանգության կանոնները. «Իհարկե, եթե իջնենք կացարաններ, այդ կանոնները պահպանել հնարավոր չի լինի, բայց հիմա՝ այս վիճակում հորդորում եմ պահպանել բոլոր այդ կանոնները՝ կրել դիմակներ, հաճախ լվալ, ախտահանել ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորությունը»:
Հիշեցնենք՝ օդային տագնապի դեպքում ապաստարան տեղափոխվելուց առաջ անհրաժեշտ է.
-անջատել գազամատակարարումը,
-անջատել էլեկտրասնուցումը, ջրամատակարարումը,
-հագնվել, հագցնել տարեցներին և երեխաներին,
-վերցնել առաջին անհրաժեշտության դեղորայք, իրեր,
-որոշակի քանակությամբ սննդամթերք ու ջուր,
-անձը հաստատող փաստաթղթեր:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ