Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արցախի պատգամավորը Իրանի հետ ահաբեկչության դեմ պայքարելու աշխատանքային խումբ ստեղծելու կոչ է անում

Հոկտեմբեր 06,2020 20:11

Արցախի ԱԺ պատգամավոր «Արդարություն» կուսակցության անդամ Մետաքսե Հակոբյանը Արցախի տեղեկատվական շտաբում կայացած ճեպազրույցում անդրադառնալով Արցախի խաղաղ բնակչությանը՝ ասաց. «Մենք անընդհատ ասում ենք Ադրբեջան: Բայց միշտ պետք է հստակ պատկերացնենք, որ սա  Ադրբեջան-Արցախ պատերազմը չէ, սա հստակ Թուրքիայի ձեռագիրն է՝ Թուրքիա-Արցախ պատերազմ է: Եվ սա ոչ միայն պատերազմ է, այլ ոճրագործություն է Արցախի բնակչության դեմ: Պատերազմում են բանակները, բայց այստեղ ոչ միայն բանակների պատերազմ ենք տեսնում, այլեւ ոճրագործություն խաղաղ բնակչության դեմ: Ռմբակոծվում են խիտ բնակեցված քաղաքները, մասնավորապես՝ Ստեփանակերտը, որը անդադար է հրետակոծվում: Եվ մենք րոպեներ առաջ էլ տեսանք հրետակոծություն եւ հրթիռակոծություն: Մենք անընդհատ լսում ենք զոհված ու վիրավորված խաղաղ բնակիչների մասին: Մինչեւ այս ամենին գնահատական տալը, կուզեի հայտարարություն անել մեր խմբակցության անունից:

«Բաքվի իշխանությունները Թուրքիայի բացահայտ դրդմամբ սեպտեմբերի 27-ին նախաձեռնեցին հերթական լայնածավալ ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ՝ վերսկսելով ակտիվ ռազմական գործողությունները, որի ընթացքում տարածաշրջան են ներթափանցել ահաբեկիչներ, այդ թվում՝ Սիրիայից եւ Լիբիայից: Այս փաստը հաստատում են նաեւ մի շարք պետություններ, միջազգային հեղինակավոր կազմակերպություններ եւ միջազգային ԶԼՄ-ներ:

Կարեւորելով տարածաշրջանային անվտանգությունը, տարածաշրջանային պետությունների միջեւ համագործակցությունը եւ պայքարը միջազգային ահաբեկչության դեմ՝ դիմում ենք Իրանի Իսլամական Հանրապետությանը՝ ստեղծելու համատեղ աշխատանքային խումբ Արցախի եւ Իրանի հարակից շրջաններ ներթափանցած միջազգային ահաբեկիչներին հայտնաբերելու եւ նրանց չեզոքացումը համակարգելու համար, որոնք փաստացի սպառնում են երկու պետությունների շահերին, տարածաշրջանային անվտանգությանը, խաղաղությանը եւ երկու պետությունների տարածքային ամբողջականությանը»:

Կոչ ենք անում Արցախի Հանրապետության ԱԺ բոլոր խմբակցություններին՝ միանալ այս հայտարարությանը: Այս կոչի ընդունումը շատ կարեւոր է, որպեսզի Արցախը մասնակցի տարածաշրջանային անվտանգության ձեւավորմանը եւ սթափ պետությունների հետ պայքարի ահաբեկչությունների դեմ», հայտարարեց Մետաքսե Հակոբյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031